Շոու բիզնես

«Դորիանս» ռոք խմբի համերգին մասնակցում են նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ

2 րոպեի ընթերցում

 «Դորիանս» ռոք խմբի համերգին մասնակցում են նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց հայկական «Դորիանս» ռոք խմբի սպասված համերգը, որին մասնակցում են աշխարհահռչակ երաժիշտ Դերեք Շերինյանը (Dream Theatre, X-Planet) եւ Deep purple խմբի վոկալիստ եւ բաս կիթառիստ Գլեն Հյուզը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգից վայրկյաններ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Շիրինյանը, ով արդեն երրորդ անգամ էր Հայաստանում, նշեց, որ իր համար մեծ ուրախություն է նման տաղանդավոր երիտասարդ երաժիշտների հետ համատեղ համերգով հանդես գալը:

«Մի քանի օր է` փորձեր ենք կատարում, երեք օր առաջ Երեւան ժամանեց Հյուզը»,- ասաց Շիրինյանը: Նա չորս տարի առաջ համատեղ ելույթով հանդես էր եկել նաեւ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:

Իր հերթին Deep purple խմբի վոկալիստ Հյուզը նշեց, որ իր համար եւս հաճելի է ներկա գտնվել այս համերգին:«Խմբի մենակատար Գոռը շատ յուրահատուկ ձայնով է օժտված»,- ասաց վոկալիստը:

Նա առաջին անգամ է Հայաստանում եւ իր մեկշաբաթյա այցելության ժամանակ փորձելու է հնարավորինս ծանոթանալ հայկական մշակույթին: Հյուզի խոսքով` ինքը համաձայնել է մասնակցել «Դորիանս»-ի համերգին, քանի որ, լսելով խմբի կատարումները, մեծ բավականություն էր ստացել:

Համերգի տոմսերի վաճառքը սկսվել է հուլիսի կեսերին. տոմսերի գները տատանվում են 5000-10 000 դրամի սահմաններում:

Մոտ երկու ժամ տեւողությամբ համերգային ծրագրի ընթացքում հայկական ռոքի սիրահարներին հրամցվում են ստեղծագործություններ «Դորիանս» խմբի Fly ձայնասկավառակից, ինչպես նաեւ նոր ինստրումենտալ երգեր: Երաժիշտները կներկայացնեն նաեւ մի քանի երգ Deep Purple-ի երգացանկից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում