Ավստրալահայերը հորդորել են երկրի իշխանություններին դատապարտել Ադրբեջանին եւ Հունգարիային
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը երկրի վարչապետ Ջուլի Գիլարդին նամակ է հղել, որում կոչ է արել Ավստրալիային` իր ձայնն ավելացնել Հունգարիայից Ադրբեջանին արտահանձնած եւ ներման արժանացած ոճրագործ Սաֆարովի վերաբերյալ միջազգային հանրության դատապարտմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից: «Մենք դատապարտում ենք Հունգարիայի կառավարության կողմից արտահանձման գործընթացը եւ կոչ ենք անում այդ երկրի կառավարությանը` ներողություն խնդրել Հայաստանից եւ հայ ժողովրդից»,-նշել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Ղահրամանյանը:
Բացի Ավստրալիայի վարչապետին ուղղված նամակից, հանձնախումբը նամակներ է հղել նաեւ Ավստրալիայի արտգործնախարար Բոբ Կարին, երկրում ՆԱՏՕ-ի դեսպան Բրենդան Նելսոնին, ինչպես նաեւ Ավստրալիայում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոյին: «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարությանը, որը եւս մեկ անգամ ցույց տվեց իր դժկամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելուն ուղղված որոշման նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի մեր սիրելի եղբայրները եւ քույրերն արդեն բավականին տառապել են»,-ասել է Ղահրամանյանն` ավելացնելով, որ նման արարքները խախտում են դատական նորմերը:
«Ավստրալիան եղել է ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկերը, եւ այն բարոյական պարտավորություն ունի հրապարակավ դիտողություններ անելու այս ցնցող միջադեպի առնչությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նաեւ հանդիպում է պահանջել Ավստրալիայում Հունգարիայի դեսպանի հետ` ավստրալահայ համայնքի խոր մտահոգությունը փոխանցելու նպատակով:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում