Շոու բիզնես

Սուրեն Առուստամյանի համար «Նոր ալիք 2012»-ը վարպետության մեծ դաս էր

3 րոպեի ընթերցում

Սուրեն Առուստամյանի համար «Նոր ալիք 2012»-ը վարպետության մեծ դաս էր

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2012» միջազգային մրցույթում Հայաստանի ներկակացուցիչ Սուրեն Առուստամյանն իր մասնակցությունից գոհ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 3-ին հրավիրված ասուլիսում Առուստամյանը նշեց, որ մրցույթում անցկացրած ժամանակահատվածն առաջին հերթին իր համար մեծ մասնագիտական փորձ էր:«Հետագայում երաժշտությամբ զբաղվելու համար մրցույթի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Ռեւզինի, այլ մասնագետների հետ աշխատանքը նման էր մեծ վարպետության դասի»,-ասաց երգիչը: Չնայած մրցույթի ընթացքում նա կատարեց նաեւ ոչ իր` ռոք-բլյուզային ոճի երգեր, առաջիկայում ոճային փոփոխության մասին չի մտածում:«Ոճային փոփոխությունը նույնպես ինձ դուր եկավ, մեծ բավականություն ստացա մասնակցությունից` չնայած չէի կարող պատկերացնել, որ առանց կիթառի կարող եմ ելույթ ունենալ»,- նշեց Հայաստանի մասնակիցը:

«Արմենիա» հեռուստաընկերության «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը նշեց, որ մրցութային երգերի փոփոխությունը փոքր-ինչ խուճապ առաջացրեց իրենց համար:««Ով սիրուն, սիրուն» եւ Սուրենի հեղինակային երգերն արդեն նախապատրաստված էին, մինչդեռ ժյուրին երգի փոփոխության համար չորս- հինգ ժամ էր տրամադրում, այն ցանկը, որը մենք ընտրել էինք, բեմում այն չէր, ինչ հարկավոր էր»,- պարզաբանեց Վարդանյանը: Բանախոսները շեշտեցին, որ մրցույթի հետ կապված որեւէ բացասական տպավորություն չկա եւ մասնակցությունը այսպես թե այնպես արդեն իսկ մեծ հաջողություն է:

Առուստամյանը «Նոր ալիք 2012»-ի իր ֆավորիտն էր համարում Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յերեմչուկին: Երգիչը ավելացրեց, որ մրցույթին մասնակցության շնորհիվ փոխվեց իր վերաբերմունքը կյանքի եւ գործունեության շատ հարցերի նկատմամբ: Բանախոսները վստահեցրին, որ մասնակիցների միջեւ տիրում էր առողջ մրցակցության մթնոլորտ եւ միմյանց սատարելու ու օգնելու պատրաստակամություն: Բացառված չէ, որ Առուստամյանն առաջիկայում կմասնակցի նաեւ ամերիկյան միջազգային մրցույթների:

Առուստամյանը մրցույթում Հայաստանի միակ մասնակիցն էր, այդուհանդերձ, «Նոր ալիք 2012»-ի բացման արարողությանը «հայկական ներկայությունը» զգալի էր. բացմանը հայտնի ռուս երգչուհի Ալսուն It’s not goodbye երգը կատարեց դուդուկահար Կամո Սեյրանյանի նվագակցությամբ: Իսկ Շառլ Ազնավուրի Une vie d’amour («Вечная любовь») երգով ելույթ ունեցավ մանկական «Նոր ալիք 2011»-ի հաղթող, Ուկրաինայի ներկայացուցիչ, ազգությամբ հայ Անդրանիկ Ալեքսանյանը: Հաղթանակի համար երեք մրցութային փուլերում պայքարում էր 14 երկրի 16 մասնակից: Մրցույթն անցկացվել է Յուրմալայի «Դզինտարի» համերգասրահում հուլիսի 24-29-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում