Հարցազրույց

Միակողմանի զիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքն անհեթեթ է. Սեյրան Օհանյան

34 րոպեի ընթերցում

Միակողմանի զիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքն անհեթեթ է. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվելՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է կրճատումներով.

-Պարոն նախարար, «Հայ զինվորի» և մեր ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան 50-ամյա տարեդարձը։ Խորին խոնարհում Ձեր վաստակի՝ պատերազմական սխրանքների և խաղաղ ժամանակաշրջանի ձեռքբերումների առջև։ Երջանիկ եղեք, միշտ շրջապատված սիրով, ջերմությամբ, հոգատարությամբ։ Անկորուստ անցեք Ձեր հետագա ուղին։ Մաղթում եմ բեղուն աշխատանք՝ ի փառս մեր բանակի, ժողովրդի և պետության։

Այս զրույցը Ձեր ծննդյան հոբելյանական տարեդարձի առիթով է, և օրինաչափ կլիներ, որ այն սկսեինք անձնական բնույթի հարցերից, բայց հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումներն ու լարվածությունը Հայաստանի սահմաններին, պիտի խնդրեմ անդրադառնալ Ադրբեջանի նախահարձակ կեցվածքին... Ո՞րն է նպատակը, ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ հրահրելով սահմանային ընդհարումներ և ապակայունացնելով զինադադարի ռեժիմը։

-Նպատակն է խանգարել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը, ստեղծելով լարվածություն, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետև տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքը ակնհայտորեն ձեռնտու չէ Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն խուսափել և խուսափում է ձեռքբերված պայմանավորվածություններից՝ բանեցնելով զանազան հնարքներ, խաթարելով զարգացումների բնականոն ընթացքը։ Այդ հնարքներից մեկն էլ սահմանային ընդհարումներ հրահրելն է։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական «հռետորաբանության» ողջ զինանոցը՝ սպառազինության մրցավազք, դիպուկահարների պայքար առաջնագծում, սահմանային բախումներ, ստեղծելով խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք և ձախողելով վերջնական հանգուցալուծումը։ Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է, չերաշխավորված և անհնար։

-Ինչո՞վ եք բացատրում միջազգային ոչ ադեկվատ պատասխանը Ադրբեջանի վերջին գործողություններին։

-Այս ոլորտում միջազգային նորմերը հստակ են և դուրս Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակից, մասնավորապես՝ ուժ չկիրառելու դրույթը և ազգերի ինքնորոշման գաղափարի առկայությունը չեն կարող ազդեցություն չունենալ և չկատարել զսպիչ գործառույթ։ Նույնը վերաբերում է նաև սպառազինության մրցավազքը կանխելուն միտված ջանքերին ու վերահսկողությանը, ինչը բացարձակ հակոտնյա է Ադրբեջանի նկրտումներին։ Անկասկած, միջազգային արձագանքը կարող էր ավելի խիստ ու կտրուկ լինել, թույլ չտալով Ադրբեջանին ոտնահարելու միջազգային ընդունված չափանիշները։ Ասել, որ միջազգային արձագանքը միանգամայն անտարբեր էր Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների հանդեպ, ճիշտ չի լինի։ Եղան քննարկումներ, քննադատություն։ Բայց, ակներև է, որ մենք ավելի խիստ ու դատապարտող արձագանք էինք ակնկալում, որովհետև Ադրբեջանը դիվերսիոն ործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղափոխեց Հայաստան, ստեղծելով անհանդուրժելի նախադեպ։

-Ադրբեջանի բոլոր գործողությունները վերահսկվո՞ւմ են կենտրոնից։ Ես նկատի ունեմ հարձակումները հայկական դիրքերի վրա, խաղաղ բնակչության գնդակոծումը և այլն։

-Չտրամաբանված, անհարկի և ինքնանպատակ սպառազինությունը ստեղծում է մի վիճակ, երբ զենքի կիրառման որոշ գործողություններ դառնում են, իրոք, անվերահսկելի։ Անշուշտ, Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիան ծրագրավորված էր և ղեկավարվում էր կենտրոնից, բայց չի բացառվում, որ ներքին օղակներում շատերը զբաղվեն ինքնագործունեությամբ և սեփական նախաձեռնությամբ կազմակերպեն որևէ զինված գործողություն հայկական դիրքապահ ուժերի դեմ։

-Պարոն նախարար, երբ ակտիվացել էին ադրբեջանական դիպուկահարները, Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի տալու է «ոչ ադեկվատ» պատասխան։ «Ոչ ադեկվատ պատասխան» միտքը շատ դուր եկավ ժողովրդին, երկար ժամանակ այն շրջանառվում էր։ Այսօր Ադրբեջանին սանձելու ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։

-Մինչ օրս մեր պատասխանը եղել է ոչ համաչափ, և Ադրբեջանն ունեցել է 5 անգամ ավելի մեծ կորուստներ։ Ցավոք, կրակոցներ լինում են ամեն օր։ Մենք այդ կրակոցները բացատրում ենք ադրբեջանցի զինվորների փորձառության պակասով (գուցե ինչ-որ ձայներ լսելով փորձում են ինքնապաշտպանվել, վախից են կրակում), քանի որ այդ կրակոցները անհասցե են, անկանոն, անիմաստ։ Մենք դրանց, բնականաբար, չենք պատասխանում։ Իսկ նպատակաուղղված գործողություններին և դիպուկ կրակոցներին արագ արձագանքման խմբերը տալիս են խիստ պատասխան՝ հակառակորդին պատճառելով մարդկային և նյութական կորուստներ բազմապատիկ գերազանցությամբ։

-Պարոն նախարար, ինձ մի հարց է հետաքրքրում...Արդյոք առաջնագում կանգնած ուժերը արե՞լ են և անո՞ւմ են հնարավոր ամեն ինչ, որ մենք նվազագույն կորուստներով դիմակայենք Ադրբեջանի հարձակումներին։ Հնարավո՞ր էր խուսափել կորուստներից։

-Նույնն է, թե Դուք հարցնեիք՝ կարո՞ղ եք երաշխավորել պատերազմ՝ առանց զոհերի։ Անշուշտ, առաջնագծի ուժերը որքան զգոն ու աչալուրջ լինեն, նույնքան քիչ կլինեն կորուստները։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական հարձակումը կասեցվել է զինվորական արհեստավարժության բարձր մակարդակով։ Յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր զինվորի կյանք շատ թանկ է մեզ համար, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել զինվորի անվտանգությունը հակառակորդի զինված հարձակման ժամանակ։ Առաջնագծում երկրի սահմանների պաշտպանությունը իրականացվում է լիարժեքորեն։ Անվտանգության առումով արված է հնարավոր ամեն ինչ։ Հարցը մարդկայնորեն հասկանալի է ինձ՝ որպես պաշտպանության նախարարի։ Պատասխանս էլ պիտի ըմբռնելի լինի հասարակությանը։ Մարտական գործողությունների ժամանակ մարդկային կորուստներն անխուսափելի են։ Ի պատիվ մեր զինվորների՝ պիտի ասեմ, որ Հայաստանի սահմանները պաշտպանվում են քաջաբար։ Ես հպարտությամբ պիտի նշեմ, որ ունենք հայրենասեր, հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը չխնայող, խիզախ ու արիասիրտ զինվորներ, որոնք ամուր կանգնած են առաջնագծում ու թույլ չեն տալիս հակառակորդին շարժվել առաջ։

-Պարոն նախարար, Հայաստանի որոշ սահմանային տարածքներում ադրբեջանցիներն ունեն դիրքային առավելություն՝ կապված դիրքերի տեղակայման վայրի հետ։ Շրջանառվել է մի կարծիք, ըստ որի՝ մենք խնդիր ունենք վերացնելու Ադրբեջանի դիրքային առավելությունը, ասել է թե՝ հետ շպրտելու այդ տարածքներից, քանի որ, խախտելով զինադադարի ռեժիմը, նրանք չեն խնայում նույնիսկ խաղաղ բնակչությանը, անգամ ոտնձգություններ են կատարում երեխաների դեմ։

-Այո՛, որոշ տարածքներում ադրբեջանական դիրքերն ավելի բարձր են տեղակայված, և հնարավորություն ունեն գնդակոծելու հայկական տարածքները։ Այո, ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, երբեմն ոտնձգություն է անում խաղաղ բնակչության դեմ։ Սակայն «Ադրբեջանին դիրքային առավելությունից» զրկելու մտահղացումը, փաստորեն, պատերազմ սկսելու նախաձեռնություն է։ Այն սահմանները, որոնք հաստատվել են զինադադարից մինչ օրս, չեն փոխվել և չեն փոփոխվելու։ Կան տարածքներ, որտեղ գյուղացիների մշակվող հողերը մեր դիրքերից առաջ են, և գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելը բնավ էլ անվտանգ չէ մարդկանց համար։ Մենք փորձել ենք լուծել խնդիրը, և զինծառայողների պարեկությունը պաշտպանում է սահմանային տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց։ Սակայն պիտի անկեղծորեն ասեմ, որ լիարժեք պաշտպանության մասին խոսք լինել չի կարող։

-Որոշ ռազմագետներ և քաղաքագետներ Ադրբեջանի վերոհիշյալ գործողությունները համարեցին նոր պատերազմի նախերգանք։ Իսկ մի մասն էլ այն կարծիքին էին, որ պատերազմի վտանգը առայժմ ակնառու չէ։ Ի՞նչ կարծիքի եք Դուք այս առնչությամբ։

-Պատերազմի վտանգը միշտ ակնառու է։ Մենք երբեք չենք բացառում պատերազմը։ Մենք ամեն օր, ամեն ժամ պատրաստ ենք ընդունելու մարտահրավերը, միևնույն ժամանակ՝ ամեն ինչ անելով, որ պատերազմ չլինի։ Պատերազմը կանխելու ամենաերաշխավորված և արդյունավետ ձևը ուժերի հարաբերակցությունը պահպանելն է և Ադրբեջանին զրկելը պատերազմը հօգուտ իրեն ավարտելու հույսից։ Որքան էլ Ադրբեջանն այսօր խոսի իր բանակի հզորությունից, բանակի կատարելագործման համար ծախսվող գումարներից և հոխորտա՝ առասպելներ պատմելով իր բանակի մարտունակության մասին, մենք առանց բարձրագոչ հայտարարությունների պահպանում ենք ուժային հարաբերակցությունը՝ առաջին հերթին մեր զորքերի մարտունակության, առաջնագծում հմուտ գործողությունների, ինժեներական կառույցների մշտական կատարելագործման և բազմաթիվ այլ հուսալի նախադրյալների շնորհիվ։ Այսպիսով՝ զսպելով Ադրբեջանի նկրտումները՝ կապված մեծամասշտաբ բախման հետ։ Որպեսզի տեղային ընդհարումները չվերածվեն մեծամասշտաբ պատերազմի, մենք ունենք, պիտի ունենանք մարտունակ բանակ և հզոր պաշտպանական համակարգ։ Սակայն, պիտի ասեմ նաև, որ ադրբեջանական կողմը երբեմն չի խուսափում արկածախնդիր, անհեռանկար, չտրամաբանված ու չերաշխավորված գործողություններից։

Հաշվի առնենք նաև մի շարք երկրների և միջազգային կառույցների ազդեցությունը։ Տարածաշրջանում տնտեսական հետաքրքրություններ ունեցող երկրների շահերն ու խնդիրները չեն համընկնում նոր պատերազմ սանձազերծելու՝ ադրբեջանական կողմի ցանկությանը։ Միջազգային կառույցների խաղաղարար ջանքերը նույնպես արդյունավետ են։

-Պարոն նախարար, ինչպիսին էր հայ հասարակության արձագանքը ադրբեջանական ագրեսիային և վերահաս պատերազմի հավանականությանը։ Մասնավորապես՝ կցանկանայի, որ անդրադառնաք սահմանը սեփական ուժերով պահելու՝ նախկին ազատամարտիկների կոչին ու նախաձեռնությանը։

-Փոքր, տեղային բախումները պատճառ չեն համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու։ Բանակն ի վիճակի է ինքնուրույն ապահովելու երկրի անվտանգությունը և առայժմ լրացուցիչ համալրման կարիք չունի։ Միևնույն ժամանակ, ես շատ բարձր եմ գնահատում մեր մարտական ընկերների նախաձեռնությունը։ Բարոյական դաշտում այն շատ կարևոր ու ոգևորիչ էր։ Մեկ անգամ ևս հաստատում էր, որ մեր ժողովուրդը ցանկացած պահի պատրաստակամ է կանգնելու բանակի կողքին և պաշտպանելու հայրենիքի սահմանները։ Ես շատ եմ կարևորում ժողովրդի վերաբերմունքը բանակի հանդեպ՝ հավատը, տրամադրվածությունը, ըմբռնումը, հանդուրժողականությունը։ Բանակի ուժը որքան պայմանավորված է արհեստավարժությամբ, մարտունակությամբ և սպառազինությամբ, նույնքան և ավելի երաշխավորված է զինվորի և սպայի ոգեղենությամբ, խանդավառությամբ և բարոյահոգեբանական վերելքով։ Բանակի ոգեղենության, բանակի հոգեբանական ամրության թերևս ամենակարևոր ակունքը բանակի հանդեպ ժողովրդի սիրո ու հավատի մեջ է։

-Պարոն նախարար, ի՞նչ կասեք երկրի արտաքին անվտանգության միջազգային երաշխիքների մասին։ Ռազմաքաղաքական դիվանագիտությունը օգտագործե՞լ է բոլոր հնարավոր ռեսուրսները։

-Անշուշտ, ադրբեջանական ագրեսիայի դիմագրավման գործում մեծ նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Միջազգային ռազմաքաղաքական բոլոր դաշինքները և դրանց շրջանակում կնքված իրավական բոլոր փաստաթղթերը միտված են մեր երկրի արտաքին անվտանգության ապահովմանը։ Առաջին հերթին պիտի նշեմ անվտանգության համակարգերի հետ արդյունավետ համագործակցությունը (ԵԱՀԿ, ՆԱՏՕ և այլն)։ Ակտիվ են նաև երկկողմ շփումները, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական համագործակցության պայմանագիրը լիարժեքորեն կարող է երաշխավորել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը տարածաշրջանային մեծ բախումների ժամանակ։

-Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ուղղությամբ ի՞նչ զարգացումներ են արձանագրվել և ի՞նչ հեռանկարներ կան այս տարվա մարտին ԱՄՆ կատարած Ձեր այցից հետո:

-Այս տարի լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին: ԱՄՆ-ն կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում ընթացող գործընթացներում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր անմիջականորեն ներգրավված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Ի տարբերություն դիվանագիտական հարաբերությունների, հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը շուրջ 10 տարվա պատմություն ունի: 2002 թվականից սկսված ԱՄՆ հետ պաշտպանական համագործակցությունն իրականացվել է հետևյալ ծրագրերի շրջանակներում` «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» (IMET), «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF), ԱՄՆ եվրոպական հրամանատարության տարբեր կառույցների հետ ռազմական համագործակցության և 2003թ. սկսած նաև ԱՄՆ Կանզաս նահանգի հետ` նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում: 2011 թվականից հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը թևակոխել է ավելի համակարգված և թիրախային փուլ: 2011թ. հուլիսին ԱՄՆ-ում անցկացված երկկողմ պաշտպանական խորհրդակցություններից հետո հստակեցվեցին երկկողմ համագործակցության առաջնային ուղղությունները, որոնք վերահաստատվեցին և ամրագրվեցին ԱՄՆ պաշտպանության քարտուղար պարոն Լեոն Պանետտայի և իմ կողմից ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Դրանք վեցն են և պայմանականորեն բաժանվում են երկու խմբի` 1. ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացում` խաղաղապահություն, էքսպեդիցիոն դաշտային հոսպիտալ և մարդասիրական ականազերծում, 2. Պաշտպանական բարեփոխումներ` մարդկային ռեսուրսների կառավարում, ռազմական կրթություն և պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորում: Այցի ընթացքում իհարկե քննարկման հիմնական թեման միայն երկկողմ համագործակցությունը չէր, օրակագային կարևոր հարցերից էր նաև տարածաշրջանային անվտանգությունը, դրանով էլ պայմանավորված էին այցի ընթացքում կայացած հանդիպումները ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տնօրենի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարության և պետքարտուղարության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության շրջանակներում հուլիս ամսից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը կվերսկսի Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը մասնակցությունը այս անգամ ամերիկյան զորախմբի կազմում, որի վերաբերյալ ամերիկյան կողմի ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Կարծում եմ, որ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի և այդ ուղղությամբ դեռևս բավականին անելիքներ ունենք:

-Սեպտեմբերին Հայաստանում կմեկնարկի «Փոխգործակցություն 2012» զորավարժությունը ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ։ Ի՞նչ քաղաքական ենթատեքստ ունի այն, և ի՞նչ գործնական արդյունքներ են ակնկալվում։

-Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում ստեղծվել են արագ արձագանքման ուժեր, և դրանց լիարժեք կիրառման համար կազմակերպվում են զորավարժություններ։ Այդ առումով՝ հիշյալ զորավարժությունը պլանային է՝ անվտանգային խնդիրների լուծման և արագ արձագանքման ուժերի կիրառումը տեղում փորձարկելու համար։ Բացի զինված ուժերից, ներգրավված են ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների և ոստիկանության համապատասխան ծառայությունները, որոնք միասին «կիրականացնեն» թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական գործողություն՝ մեր երկրի անվտանգության ապահովման շրջանակում։

-Իսկ մի քանի օր հետո իրականանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պայմանավորվա՞ծ է արդյոք Ադրբեջանի վերջին շրջանի ոտնձգությունների և պատերազմի վտանգը մեծանալու իրողությամբ. զորավարժությանը մասնակցելու են նաև տարբեր գերատեսչությունների պետական պաշտոնյաները՝ հստակեցնելու իրենց անելիքները մարտական գործողությունների ժամանակ։

-Այս տարի ունենք երկու խոշոր զորավարժություն, մեկը, ինչպես նշեցի, ՀԱՊԿ շրջանակում անցկացվելիք զորավարժությունն է, մյուսը՝ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառմամբ։ Ռազմաքաղաքական փուլում մասնակցում են մեր բոլոր գերատեսչությունները՝ իրենց օպերատիվ խմբերով, ազգային անվտանգության խորհուրդը... այսինքն՝ բոլոր այն ուժերը, որոնք պարտավոր են ներգրավվել արտաքին ագրեսիայի դիմագրավմանը։ Նմանատիպ զորավարժություն առաջին անգամ իրականացվել է 2008-ին։ Խնդիր է դրված ստուգել գերատեսչությունների պատրաստականությունը երկրի պաշտպանությանը մասնակցելու գործում։ Մենք գիտենք, որ մեզ սպասում են լուրջ մարտահրավերներ, և պարտավոր ենք հավուր պատշաճի դիմակայել դրանց։

-Պարոն նախարար, Ադրբեջանը, լինելով տոտալիտար երկիր, շատ ավելի պաշտպանված է տեղեկատվության անվտանգության առումով։ Օրինակ, պաշտոնական Բաքուն կարողանում է խնամքով թաքցնել սահմանին իրենց կրած մարդկային և նյութական կորուստների իրական պատկերը։ Բանակը հասարակության առջև ավելի թափանցիկ դարձնելու Ձեր նախաձեռնությունը որքանո՞վ էր արդարացված զինադադարի մեջ գտնվող երկրում։

-Գիտեք, մեր իրականությունը, մեր ազգային հոգեկերտվածքը պահանջում են առանձնահատուկ մոտեցումներ։ Իհարկե, հասարակությանը պահելով որոշակի տեղեկատվական տիրույթում, դու կարող ես խուսափել ինչ-ինչ բարդություններից, փոխարենը՝ կխորացնես հասարակություն-բանակ անջրպետը, մինչդեռ կյանքը ցույց է տվել, որ ժողովրդի և զինված ուժերի գաղափարական և հոգևոր միասնությունը ամուր նախադրյալ է՝ բարձրացնելու բանակի ոգին, մարտունակությունը և արձանագրելու միասնական պայքար ու դիմակայություն արտաքին ուժերի դեմ։ Հավանական վտանգի դեպքում մենք խնդիր ենք ունենալու վերածվել համաժողովրդական բանակի։ Պատահական չէր, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահին հարցրին, թե որքան է Ձեր բանակը, նա պատասխանեց՝ 150.000։ Դա Ղարաբաղի բնակչության թիվն է։ Նույնը վերաբերում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին։ Ես վստահ եմ, որ բանակը հասարակության առջև բացելու նախաձեռնությունն արդարացված էր։ Հասարակական կազմակերպությունների, լրագրողների միջոցով իրականացվող ժողովրդական վերահսկողությունը զգոնության լրացուցիչ խթան է և՛ սպայակազմի, և՛ զինվորների համար։ Համագործակցությունը հասարակության հետ հնարավորություն է տալիս ապագա զինվորի դաստիարակությունը կազմակերպել՝ որպես միասնական և շարունակական գործընթաց, ընտանիք-դպրոց-բանակ ժամանակահատվածը ուղղորդելով միասնական արժեհամակարգի, համընդհանուր գաղափարների և բարոյականության չափանիշներով։ Մենք չենք խախտել գաղտնիության ռեժիմը, իսկ ազգային բանակի վրիպումները հասարակությունից թաքցնելու պատճառ չեմ տեսնում։

-Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ հասարակությունը իրազեկվեց բանակում կատարվող իրադարձություններին, նաև թերություններին։ Բնականաբար, մահվան ելքով դեպքերին հասարակության արձագանքը շատ բուռն ու ցավոտ էր։ Տարածվեց տպավորություն, թե բանակում սպանությունները կտրուկ աճել են, թե զորքերի կարգապահության և կանոնադրային հարաբերությունների ամրապնդման փոխարեն հետընթաց են արձանագրել։ Որքան էլ գլխավոր զինվորական դատախազը, վկայակոչելով թվերը, փաստում էր, որ 2011-ին արձանագրվել է սպանությունների նվազում 33 տոկոսով, միևնույն է, ստեղծվել էր լարված, եթե չասեմ, խուճապային տրամադրություն։

-Այո, այդ ամենը ճիշտ է, միայն ոչ՝ «բնականաբար»... Այդ լարվածությունը արհեստածին էր։ Որոշ ուժեր ամեն ինչ արեցին, որ խափանեն բանակ-հասարակություն սերտացումը, փոխըմբռնումն ու բարյացակամությունը։ Սակայն շինծու աղմուկն ու հրահրված կրքերը երկար չգոյատևեցին։ Մեր հասարակությունը ողջախոհաբար ըմբռնեց-տարբերակեց հայրենասիրությունը թշնամու ջրաղացին ջուր լցնելու և մասնավոր հարցեր լուծելու «դիվանագիտությունից»։ Մենք ստանձնել ենք ռազմավարական բարեփոխումների պարտավորություն, որի կարևոր ուղղություններից մեկը հասարակական իրազեկումն է և քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերում։ Պետք է նշեմ, որ հասարակական ներգրավվածությունը մեծապես օգնում է բանակին, եթե այն կառուցողական է, իրատեսական և իրավիճակը բարելավելու խնդիր ունի։

-Պարոն նախարար, երևի կհամաձայնեք, որ իր որդուն բանակ ճանապարհող ծնողի թիվ մեկ հոգսը զինվորի ֆիզիկական և բարոյահոգեբանական պաշտպանվածությունն է։ Մենք կարծես թե ամեն ինչ անում ենք զորքերում կանոնադրային հարաբերություններ հաստատելու և պատահարները բացառելու ուղղությամբ, բայց լիարժեք արդյունքի հասնել առայժմ չի հաջողվում։

-Մի անգամ ինձ հարցրին, թե ե՞րբ բանակում կվերանան արտակարգ պատահարները՝ կապված միջանձնային հարաբերությունների հետ։ Ես պատասխանեցի՝ երբ ընտանիքներում, դպրոցներում, կրթօջախներում մեծանան լիարժեք դաստիարակված պատանիներ՝ բարձր գիտելիքներով, կիրթ, բարոյական...

-Ձեզ բավարարո՞ւմ է բանակի նկարագիրը։

-Գիտեք, բանակի նկարագիրը էապես անդրադառնում է հասարակության բարոյական նկարագրի, տրամադրության և տրամադրվածության վրա։ Բանակի թերությունները (սպանություններ, մահվան ելքով դեպքեր, հովանավորչություն) կարող են բարոյալքել հասարակությունը, դարձնել անվստահ, հոռետես, անբարյացակամ։ Միևնույն ժամանակ, բանակի ձեռքբերումները դառնում են հոգեբանական վերելքի խթան հասարակության համար, բարձրանում են ժողովրդի ոգին, հավատը վաղվա օրվա հանդեպ... Այս գիտակցումը մեզ ստիպում է անվերջ բարձրացնել նշաձողը և լինել անզիջում բանակի թերությունների հանդեպ։ Բանակի նկարագիրը ինձ երբեք չի բավարարելու, երբեք ինքնագոհության և ինքնաթմբիրի մեջ չի գցելու։ Անշուշտ, ես չեմ մոռանալու, որ մեր զինվորը զինադադարից ի վեր պաշտպանում է հայրենիքի սահմանները և պատերազմական նվաճումները, որ բանակի այսօրվա հեղինակության հետևում հայ սպայի տքնաջան աշխատանքն է, միևնույն ժամանակ չեմ անտեսելու ամենափոքր վրիպումներն անգամ և դրանք վերացնելու խնդիր եմ դնելու բանակի ղեկավարության և սպայակազմի առջև։

-Բանակի խոցելի կողմերից մեկն էլ հովանավորչությունն է։ Դեռևս անցյալ զորակոչին արդեն հասարակության մեջ լուրեր էին պտտվում, որ ֆինանսական հզորություն ունեցող մարդիկ չեն կարողանում իրենց զավակներին տեղավորել իրենց ուզած զորամասերում։ Պարոն նախարար, ինչպե՞ս եք հասել նման արդյունքի։ Կադրե՞րն են փոխվել, թե՞ կատարելագործվել են մեխանիզմները։

-Զորակոչը հնարավորինս օրինական դարձնելու գործընթացը վաղուց է սկսված։ Մենք փակում էինք բոլոր սողանցքները, սակայն «հնարամիտները հորինում էին» նոր հնարքներ։ Այսինքն՝ սա մեկ տարվա աշխատանք չէ, մեկ տարվա ընթացքում դուք տեսնում եք ակներև արդյունքը։ Հիմնականում շեշտը դրվել է ոչ թե կադրային փոփոխությունների, այլ մեխանիզմների կատարելագործման վրա։ Մեր ժողովուրդը կարող է դիմանալ ցանկացած զրկանքի, եթե ոգին բարձր է, եթե ոտնահարված չէ նրա արժանապատվությունը։ Իսկ սոցիալական անարդարությունը, հովանավորչությունը կարող են թևաթափ անել մարդկանց։ Ես հովանավորչության դեմ անհաշտ պայքար եմ մղել նախարար նշանակվելու առաջին օրվանից։

-Պարոն նախարար, պիտի խնդրեմ, որ մեր զրույցը շարունակենք անդրադառնալով անձնական բնույթի հարցերի, Ձեր կենսագրությանը, անցած ճանապարհին...

-Խնդրեմ...

-Ղարաբաղցիներն ասում են, որ Դուք ղարաբաղցի եք, գորիսեցիները Ձեզ գորիսեցի են համարում, իսկ Եղվարդի ժողովուրդը պնդում է, որ Դուք եղվարդցի եք... Որտեղի՞ց եք Դուք իրականում։

-Ես ուրախ և շնորհակալ եմ, որ ղարաբաղցիները, գորիսեցիները, եղվարդցիները ինձ իրենցն են համարում։ Իրականում՝ հայրս գորիսեցի է, մայրս՝ ղարաբաղցի (քարինտակցի)։ Ես ծնվել եմ Շուշիում, ապրել եմ Շամխորի շրջանի Աթաբեկ գյուղում։ Այնուհետև մեր ընտանիքը տեղափոխվել է Նաիրիի շրջան և բնակություն հաստատել այդտեղ։ Ծնողներս մանկավարժներ էին և զինվորականի նման ստիպված են եղել տեղից տեղ տեղափոխվել, աշխատել տարբեր վայրերում։ Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ճշտապահությունը, բարեխղճությունը, արդարամտությունը, օրինավորությունը կենսակերպ էին։ Թերևս վայրից վայր տեղափոխվելու հետևանքն էլ է դեր խաղացել, որ ծնողներս մեծ ուշադրություն դարձնեն իրենց երեխաների դաստիարակությանը և նախանձախնդիր լինեն նրանց վարքի և բարոյականության հանդեպ։ Ծնողներս հարգված էին, ինձ մշտապես պարտավորեցրել է ծնողներիս հեղինակությունը...

-Դուք ինչպիսի՞ն էիք մանկության տարիներին։

-Ես խաղաղ էի, պարկեշտ, օրինավոր, աշխատասեր... Գիտեք, դպրոցական տարիներին ես լիդեր չեմ եղել, բայց ունեցել եմ իմ տեղն ու դիրքը ընկերական շրջապատում, իմ խոսքը, իմ վերաբերմունքը, իմ կարծիքը... Դպրոցում ինձ սիրում էին, որովհետև ես օգնում էի ընկերներիս... այդ գիծը ի սկզբանե եղել է իմ մեջ։ Ես սիրում եմ օգնել մարդկանց՝ հեռու-մոտիկ, ծանոթ- անծանոթ... Ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնելը իմ կյանքի թերևս ամենակարևոր գաղափարն է...

-Կարեկցանքի՞ց դրդված...

-Ե՛վ կարեկցանքից, և՛ կողքինի համար, կողքինի ճակատագրի հանդեպ պատասխանատվություն կրելու պարտավորությունից։ Դպրոցում սիրում էի ճշգրիտ առարկաները։ Լավ եմ սովորել հատկապես ֆիզիկան, մաթեմատիկան... Սպորտով եմ զբաղվել՝ ըմբշամարտով, և՛ դպրոցական տարիներին, և՛ ռազմական բուհում։

-Ո՞ր առարկան չեք սիրել։

-Քիմիան... Չգիտես ինչու։ Շատ էի սիրում նաև հայոց լեզու և գրականություն առարկան, պատմությունը։ Իսկ զինվորական դառնալ մտադրվել եմ դպրոցական տարիքից։ Խորհրդային տարիներին մի հաղորդում կար՝ «Ծառայում եմ Սովետական Միությանը», շատ էի սիրում այդ հաղորդումը և կլանված դիտում էի։ Ինձ դուր էին գալիս զինվորական համազգեստով մարդիկ, բանակային կյանքը...

-Կարելի՞ է ասել, որ բարձրագույն զինվորական ուսումնարանում սովորելու տարիներին Դուք զինվորական դարձաք։

-Թերևս ինքնաբացահայտման տարիներ էին։ Ես հասկացա, որ մասնագիտական ճիշտ ընտրություն եմ արել՝ դա իմ աշխարհն էր՝ կարգապահություն, պարտաճանաչություն, հայրանասիրություն, խիզախումի, նվիրվածության, մաքառումի, պայքարի, պատասխանատվության աշխարհը... Դա իմ տարածքն էր, ու այդտեղ ես լիդեր էի։

-Ի՞նչ է պետք մարդուն առաջնորդ լինելու համար, որո՞նք են լիդերին բնորոշ հատկանիշները... Ինչպիսի՞ մարդիկ են կարողանում իշխել...

-Իշխելն ու առաջնորդելը տարբեր բաներ են։ Իշխել կարող են նաև բռնությամբ, հարկադրաբար, օգտագործելով տվյալ պահին շահեկան դիրքդ... Իսկ առաջնորդելու համար պետք են մտավոր բարձր ունակություններ, հարուստ ներաշխարհ, առաքինություններ, հոգեբանական հատկանիշներ, արդար, վստահելի, արժանավոր, հուսալի լինելու կարողություն, հռետորական ձիրք... Վճռականություն... որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն կրելու խիզախություն... Առաջնորդը գնում է առջևից և պատրաստ է իր վրա վերցնելու առաջին հարվածը...

-Դժվա՞ր էր առաջխաղացումը զինվորական հրամանատարական աստիճաններով։

-Անշուշտ, հեշտ չէր, յուրաքանչյուր հաջողության հետևում ահռելի աշխատանք կա, ջանքեր, տքնանք։ Եղել են նաև ձախողումներ... Բայց ուզում եմ շեշտել, որ ես երբեք (մինչ օրս) որևէ մեկին չեմ դիմել պաշտոնի առաջխաղացման համար, չի եղել որևէ մեկի հովանավորությունն ու աջակցությունը։ Առաջխաղացման միակ հենքն ու դրդապատճառը եղել է իմ աշխատանքը։ Սա դժվար, ճիշտ ու ազնիվ ճանապարհ է։

-Ո՞վ է եղել Ձեր զինվորական ուսուցիչը, այսպես ասած, Ձեր զինվորական կնքահայրը։

-Երբ կուրսանտ էի, ինձ համար զինվորականի չափանիշ էր իմ դասակի հրամանատարը՝ իր արդարամտությամբ, խստապահանջությամբ, միևնույն ժամանակ գթասրտությամբ ու հոգատարությամբ։ Երբ գումարտակի հրամանատար էի, սովորում էի իմ գնդի հրամանատարից։ Իսկ պաշտպանության բանակում ծառայելու տարիներին ինձ համար օրինակ էր երկրի ներկայիս նախագահը։ Ես իմ ուսուցիչ եմ համարում նաև Նժդեհին, մարշալ Բաղրամյանին, ծովակալ Իսակովին, Մոնթեին...

-Ո՞րն էր Արցախյան պատերազմի ամենամեծ բացահայտումը Ձեզ համար և ամենակարևոր դասը մեր ժողովրդին։

-Արցախյան պատերազմը հայրենական կռիվ էր՝ իր բոլոր բնորոշիչներով։ Այն մեկ անգամ ևս հաստատեց, որ հայրենիքի զգացողությունն ու հայրենասիրության գաղափարը շատ ուժեղ են մեր հոգում, մեր արյան ու մեր գիտակցության մեջ։ Արցախյան պատերազմը վեր հանեց, մաքրեց, բարձրացրեց հաղթող հայի կերպարը ու աներկբա ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինենք, որպեսզի կարողանանք հաղթել... Արցախյան պատերազմի ամենամեծ բացահայտումը բացահայտումը մեր միասնականության ֆենոմենն է։ Ու մենք պիտի միշտ ականջալուր լինենք այդ պատգամին։

-Իսկ որքանո՞վ են հավաստի պտտվող լուրերը, թե նախարարը այնքան էլ չի վստահում կանանց և չի խրախուսում կանանց առատությունը պաշտպանական համակարգում։

-Չէ, դա այդպես չէ։ Պարզապես ես չեմ ցանկանում կանանց տեսնել այնպիսի ոլորտներում, որոնք ավելի բնորոշ են տղամարդկանց։ Համակարգում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները։ Ես խրախուսում եմ կանանց ներկայությունը բանակում, նրանք յուրահատուկ սեր, քնքշանք և բարություն են սփռում։

-Ձեզ դո՞ւր է գալիս, երբ կինը զինվորական համազգեստ է կրում։

-Եթե կինը գեղեցիկ է, խելացի, ունի հարուստ ներաշխարհ, համազգեստը բազմապատկում է նրա հմայքը։

-Ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս։

-Կինը պետք է խելացի լինի։ Կնոջ ինտելեկտը առաջնային նշանակություն ունի ինձ համար։ Ինչու ոչ, կարևոր է նաև գեղեցկությունը։ Կինը պետք է հարուստ ներաշխարհ ունենա։ Ես ու կինս խառնվածքով փոխլրացնում ենք միմյանց։ Իմ հանդարտության կողքին կնոջս եռանդն ու աշխուժությունը, ինչպես նաև կատարյալ փոխըմբռնումը մեր հարաբերությունները դարձրել են առավելագույնս ներդաշնակ։ Ինձ համար շատ կարևոր են ընտանեկան հարմարավետությունը, ջերմությունը, անդորրը։ Ես նախանձախնդիր եմ ընտանիքիս հեղինակության հանդեպ։ Հպարտանում եմ, որ երկու որդիներս զինվորական են և ծառայում են Ղարաբաղի բանակում։ Նրանք չափավոր են, զուսպ և գիտեն, որ նախարարի որդի լինելը ոչ թե արտոնություն է, այլ առավել օրինավոր լինելու պարտականություն։ Այդպես եմ դաստիարակում նաև փոքրիկներիս։ Եվ իմ ամբողջ ընտանիքն է ապրում այդ մտածողությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում