ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելյան ծագում ունեցող ամենահայտնի խաղերից մեկը` նարդին, երեւանցիների բակային ժամանցի հիմնական ապահովողն է:«Նարդին ազարտային խաղ է, որը թափանցել է Հայաստան արեւելքից, հավանաբար` արաբական որեւէ երկրից: Այն քաղաքային խաղ է, քանի որ բնորոշ է քաղաքային կեսնաձեւին»,- «Արմենպրես»-ին ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը: Նարդու ամենահին տախտակը գտնվել է Իրանի տարածքում մեր թվարկությունից դեռեւս 3000 տարի առաջ. դրա մասին վկայող լեգենդ կա: Գոյություն ունի նարդի խաղալու 4-5 տարբերակ, եւ ի տարբերություն մեզանում տարածված կանոնների` եվրոպական, աշխարհի առաջնությունների ժամանակ նարդի խաղալու կանոններն այլ են:
Արեւելյան ծագումով այս խաղը, ազգագրագետի ներկայացմամբ, Հայաստանում ստացել է խաղալու նոր ոճ:«Այսօր նարդին ինչ-որ չափով բնորոշում է մեզ. այն խաղացողները տաքարյուն խառնվածքի եւ բնավորության տեր հայ տղամարդիկ են, ովքեր պարտվել չեն սիրում»,- ընդգծեց Հոբոսյանը:
Նարդին համարվում է տղամարդկանց խաղ, այդ հանգամանքնազգագրագետները բացատրում են նրանով, որ արեւելքում կանանց նման խաղեր խաղալ չէր թույլատրվում, բայց որքան էլ զարմանալի թվա` «կան շատ հայ կանայք, ովքեր նարդի ավելի լավ են խաղում, քան որոշ տղամարդիկ»: Աշխարհի տարբեր երկրներում կան հատուկ կանանց մրցաշարեր: Հայաստանում նարդու ազգային ֆեդերացիայի 300 անդամներից 100 –ը կանայք են:
«Մեկ ամիս առաջ ավարտվեց նարդու գավաթի խաղարկությունը, իսկ առաջիկայում աշխարհի առաջնությունն է , որին Հայաստանից երկու նարդիստ կմասնակցեն»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի նախագահ, աշխարհի բազմակի չեմպիոն Խաչիկ Մելիքյանը:
Նրա տեղեկացմամբ` հատկապես վերջին տարիներին մեծացել է նարդու հանդեպ հետաքրքրությունը, թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ մակարդակում, ինչը Մելիքյանի կարծիքով, նաեւ ֆեդերացիայի գովազդային ճիշտքաղաքականության արդյունքն է: Ֆեդերացիայի նախագահը վստահեցնում է, որ երեւանցիները սիրում են նարդի խաղալ, սակայն երբեմն տաքարյուն լինելը խանգարում է խաղացողներին: Մելիքյանը նարդին նմանեցնում է շախմատին, «որտեղ գնահատելի է ճիշտ տրամաբանելու կարողությունը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու ճկուն միտքը»: Նարդիում եւս վերոնշյալ բնորոշումները կարեւոր են, այնուհանդերձ, դրա հայկական տարբերակն ուղեկցվում է նաեւ խաղացողների զգացմունքայնությամբ, ինչը բացակայում է շախմատում:
Հայաստանի ճանաչված նարդիստներից մեկը՝ Ներսես Ներսիսյանը, դասական նարդու կանոնների հիման վրա 2008 թվականին ստեղծել է նոր խաղ՝ եռանարդի, երբ խաղասեղանին նստում եւ մի խաղատախտակի վրա միաժամանակ երեք նարդիստներ են խաղում: Դա փաստորեն նարդի խաղի հայկական նոր տարբերակն էր, որը նաեւ միջազգային արձագանք է ստացել: Եռանարդու գյուտը գրանցվել է ՀՀ ինտելեկտուալ սեփականության գործակալության կողմից եւ ստացել է միջազգային գրանցում:
Եռանարդին ավելի բարդ մրցաձեւ է, քանի որ մեկ մրցակցի փոխարեն խաղում ես երկուսի դեմ: Երեք խաղացողներն գերնպատակն է առաջին փուլում մնալ այն երկու նարդիստների թվում, որոնք կշարունակեն խաղը. առաջին փուլում պայքարից դուրս է մնում մեկը: Եռանարդու առաջին առաջնությունն անցկացվել է 2007 թվականին:
Երեւանցիների` նարդու հանդեպ ունեցած մեծ սիրո ապացույցը` Մոսկովյան պուրակում 2007 թվականին քանդակագործԷդուարդ Շախիկյանի «Նարդի խաղացողը» արձանի տեղադրումն էր, որն այս տարիների ընթացքում շատ սիրվեց երեւանցիների կողմից:
Նարդին նաեւ գեղեցիկ հուշանվեր է, որի արժեքը կախված փայտի տեսակից: Վերնիսաժում նարդիների գինը տատանվում է 10 000-100 000 դրամի միջակայքում: