ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍэ: Հայ ազգային կոնգրեսը մինչեւ հիմա պահանջում է արտահերթ ընտրություններ, թեեւ վստահ է, որ այն չի լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: «Շախմատային լեզվով ասած' նրանք խաղում են սիրողական մակարդակով' այն էլ հետքայլով»- ասաց նա եւ հիշեցրեց, որ Լ. Տեր-Պետրոսյանը նախ 15 պահանջ ներկայացրեց, ապա այն դարձրեց 3-ը:
Ա. Հարությունյանի գնահատմամբ' շախմատի առաջին պարտիան ավարտվել է ՀԱԿ-ի պարտությամբ:
Խոսելով ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքների եւ նստացույցերի մասին' Ա. Հարությունյանը նկատեց, որ դրանք սկսվեցին հենց այն ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե հնարավոր է վերադառնա քաղաքականություն: «Ռ. Քոչարյանի նման հայտարարությունից հետո, Լ. Տեր-Պետրոսյանը խառնվեց իրար եւ այժմ, կարծես թե, փորձում է ցույց տալ, թե իբր միակ ընդդիմությունն ինքն է եւ իշխանությունից խնդրում է այդ տեղը վերապահել իրեն»,- ասաց Ա. Հարությունյանը' ավելացնելով, որ հանրահավաքներն ուղղակի «դեկորացիա» են' աշխարհին ցույց տալու, թե ինչպիսի երկրում են ապրում: Նրա խոսքով' այս ամենի հետեւանքով ՀԱԿ-ը ոչ միայն ընտրազանգված է կորցնելու, այլեւ նրանց մեջ պառակտում է մտցվելու' նախընտրական ցուցակի հետ կապված: «Երբ մի տեղ անհատի պաշտամունք կա, այդտեղ կա 37 թիվ, եւ հետեւաբար չի ընդունվում այլակարծությունը: Նա, ով մի քիչ ուրիշ ձեւով կխոսի, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, կհամարեն ժողովրդի «թշնամի»«,- նշեց նա:
Արամ Հարությունյանն ասաց, որ չի ցանկանում հուշել կամ կանխատեսել, թե ինչ սցենարով կգա Ռոբերտ Քոչարյանը, սակայն կարծում է, որ «Ռ. Քոչարյանը քաղաքական եւ բարոյական իրավունք ունի մասնակցելու քաղաքական պայքարին: