Սպորտ

Լ. Արոնյանը հանդիպեց «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» շախմատի մրցաշարի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Լ. Արոնյանը հանդիպեց «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» շախմատի մրցաշարի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը աշխարհահռչակ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպեց «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» շախմատի երկրորդ մրցաշարի մասնակիցներին: «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված մրցաշարը համախմբել էր 25 մասնակիցների' Երեւանից եւ Կոտայքի մարզից, որոնց թվում' նաեւ հաշմանդամության խնդիր ունեցող անձանց: Մրցաշարի արդյունքում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած երեխանների պատվոգրերը հանձնեց հենց Լ. Արոնյանը: Հաղթողները նաեւ ստացան երկօրյա ուղեւորության ուղեգիր դեպի Տաթեւ:

Լ. Արոնյանը մրցաշարի կազմակերպիչների կողմից ստացավ պատվոգիր ' մրցաշարին աջակցելու եւ հավասար հնարավորությունների գաղափարին աջակցելու համար, ինչպես նաեւ այդ գաղափարը խորհրդանշող հուշանվեր:

Ինչպես նշեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմա Բաղդասարյանը, յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում մեծ քայլ է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ընդգրկելու առումով: «Այդ մարդիկ ուշադրության կարիք ունեն, եւ շատ կարեւոր է նրանց հանդեպ ճիշտ վերաբերմունքի դրսեւորումը»,- ընդգծեց փոխնախարարը:

«Հույսի կամուրջ» հկ-ի նախագահ Սուսաննա Թոդեւոսյանի խոսքով' կազմակերպությունը փորձում է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը. մրցաշարի անցկացումը դրա վառ օրինակներից մեկն է:

Լ.. Արոնյանը ուրախություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու առթիվ' նշելով, որ շատ հաճելի է այն գիտակցումը, որ ինքը կարող է ինչ-որ ձեւով աջակցել նման կարեւոր գործին: «Հաշմանդամություն ունեցող մարդիկ դժվարությունների են բախվում, սակայն ես համոզված եմ, որ նմանատիպ ծրագրերը կնպաստեն այդ խնդիրների լուծմանը»,- ասաց գրոսմայստերը:

Հանդիպման ավարտին Լ. Արոնյանը համաժամանակյա խաղ անցկացրեց մրցաշարի մասնակիցների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում