Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ուրվագծվել են առաջիկա ծրագրերը


ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանի նախագահի կողմից' ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարություններին, Գիտությունների ազգային ակադեմիային ուղղված հանձնարարականների կատարմանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջինի մասնակցությամբ անցկացված նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ նիստում սկիզբ է դրվել աշխատանքային ընդհանուր ռազմավարությանը:

Համձնաժողովն այս տարի եւս կանցկացնի մեկ նիստ' աշնանը, որի ժամանակ, ըստ Հ. Դեմոյանի, կամփոփվեն նախնական ծրագրերը, Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների ցանկը' ըստ տարիների' մինչ 2015-ը: Նախատեսվում է ստեղծել նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կայքէջ: «Շատ կարեւոր է, որ տարբեր երկրներում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչություններն ամեն կերպ պետք է Սփյուռքի տեղական կառույցներին աջակցեն' միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործում»,- ընդգծեց Հ. Դեմոյանը:

Ըստ նրա' սկսած այս տարվանից' ցեղասպանությանը նվիրված յուրաքանչյուր միջոցառում ընդգրկված է լինելու Մեծ եղեռնի 100-ամյակի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքում: Ի դեպ, Հ. Դեմոյանի խոսքով, ՀՀ նախագահի կողմից շեշտվել է, որ այս հանձնաժողովը նպատակ չունի որեւէ կերպ միաձնյա ուղղորդել կամ ցուցումներ տալ միջոցառումների կազմակերպման կամ անցկացման գործում: «Հակառակը, այս հանձնաժողովի աշխատանքները պետք է նպաստեն, որպեսզի Հայաստան-Սփյուռք համագործակցությունն էլ ավելի կատարելագործվի եւ արդյունավետ դառնա: Գոյություն ունեցող սփյուռքյան կառույցների հետ համատեղ, ըստ հանձնրարականների, մեր դիվանագիտական ներկայացուցչությունները կմասնակցեն եւ իրենց աջակցությունը կբերեն Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացմանը»,- ընդգծեց Հ. Դեմոյանը:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ողջունեց ՀՀ նախագահի նախաձեռնությունը' նման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Միաժամանակ, Կ. Մանոյանը դրական գնահատեց հանձնաժողովի անդրանիկ նիստի ընթացքը այն համատեքստում, որ հստակ ուրվագծվել են առկա մարտահրավերները' Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, միջոցառումների լավագույն կերպով անցկացման հարցում: «Հատկապես, կարեւորում եմ այն փաստը, որ հանձնաժողովի առաջին նիստը ձեւական հանդիպում կամ հավաք չէր: Այս հանձնաժողովն անմիջական նպաստ կբերի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն այնքանով, որ հիմնական աշխատանք տանողներն ընդգրկված են հանձնաժողովի կազմում: Կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուրս իմանանք, թե ինչ պետք է անենք: Ցանկալի է, որ 100-ամյակին ընդառաջ ճշտենք այն բոլոր հիմնական կետերը, որոնք պետք է առաջ տանենք»,- ասաց Կ. Մանոյանը: Ըստ նրա' նիստի ընթացքում հնչել է երեք հիմնական թեզ. պետք է հանձնաժողովի աշխատանքների մեծ մասն ուղղված լինի ներազգային ճակատին' հայությանը, այնուհետեւ միջազգային հանրությանը: Երրորդ կարեւոր թեզը, ըստ Կ. Մանոյանի, ուղղված է եղել Ցեղասպանության հետեւանքների վերացմանն ու հատուցմանը, «քանի որ «Մեծ եղեռնի միջազգային ճանաչման փուլն արդեն անցել ենք»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ