Տարածաշրջանային

Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը հաղթահարել է նախագահի վետոն «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա

2 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը հաղթահարել է նախագահի վետոն «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հաղթահարել է նախագահի վետոն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագծի վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետոյին կից նկատողություններում նշել էր, որ օրինագիծը ենթակա չէ փոփոխությունների, և ավելացրել էր մեկ հոդված, որի համաձայն, օրենքը ուժը կորցնում է ուժի մեջ մտնելու հաջորդ օրը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահը փակել է քննարկման և փոփոխություններ կատարելու հնարավորությունը, և, հետևաբար, վետոն կհաղթահարվի:

«Դուք ինձ չեք ստիպի անցնել օրենքի բովանդակային, հոդված առ հոդված քննարկմանը... Ամբողջ օրենքն անընդունելի է և պետք է չեղարկել», - նիստի ժամանակ հայտարարել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

Այժմ հարցը քվեարկության կդրվի լիագումար նիստում, որը կկայանա մայիսի 28-ին:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։

Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։

ԱՄՆ-ում և ԵՄ-ում նախազգուշացրել են, որ օրենքի ընդունումը կարող է սպառնալ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում