ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայնածավալ որոնողափրկարարական գործողություն է իրականացվում այն բանից հետո, երբ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, հարկադրված Է եղել «կոշտ վայրէջք» կատարել Իրանի հյուսիս-արևմուտքի լեռնային շրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA-ին:
Պատահարը տեղի է ունեցել մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգի Վարզական և Ջուլֆա քաղաքների միջև գտնվող Դիզմար անտառում, երբ Իրանի նախագահը վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ամբարտակի բացման միջոցառումից:
Բնակիչները IRNA-ի թղթակցին պատմել են, որ որոշ ժամանակ առաջ այդ շրջանում «ձայներ» են լսել:
Ավելի քան քսան լիովին հագեցած որոնողափրկարարական խմբեր են ուղարկվել շրջան, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքեր և որոնողափրկարարական շներ:
Իրանի զինված ուժերը գործի են դրել նաև կոմանդոսի և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ ՝ որոնողական գործողությանն աջակցելու համար:
Տարածաշրջանի խորդուբորդ տեղանքի և բարդ եղանակային պայմանների, հատկապես այդ տարածքում խիտ մառախուղի պատճառով որոնողափրկարարական գործողությունը կարող է որոշ ժամանակ տևել:
Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը IRNA գործակալությանը հայտնել է, որ տարածաշրջան է ուղարկվել շտապօգնության ութ մեքենա՝ հավելելով, որ ուժեղ մառախուղը անհնար է դարձրել օդից փրկարարական աշխատանքները:
Բաբակ Յեքթափարասթը նշել է, որ շտապ բժշկական օգնության թիմերը, որոնք բաղկացած են տեխնիկներից և բժիշկներից, դեպքի վայր են ուղարկվել միջադեպի մասին հաղորդումից անմիջապես հետո:
Նա հավելել է, որ օգնություն ցուցաբերելու համար ուղարկվել է նաև արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռ, սակայն ուժեղ մառախուղի պատճառով ստիպված է եղել հետ շրջվել, քանի որ չի կարողացել վայրէջք կատարել այդ տարածքում: