Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի,  Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների ասոցիացիայի և բժշկական բուհի նախաձեռնությամբ անցկացվող Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովի շրջանակում կայացել է գիտական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ ստոմատոլոգիայի ոլորտում հայտնի, աշխարհահռչակ մանրէաբան, Հոնկոնգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, կլինիկական ակադեմիկոս Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՊԲՀ-ն։

Գործընկերներին և հյուրերին ողջունել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Երևանի պետական բժշկական համալսարանի տանիքի ներքո, և կարծում եմ, որ ավանդույթ դարձած այս գիտաժողովները ևս մեկ անգամ ընդգծում են՝ բժշկական բուհը հաստատում է իր միջազգայնացման գործընթացը: Մենք մեր առջև դրել ենք գերակա խնդիր՝ Ստոմատոլոգիայի ֆակուլտետը ևս դիտարկել միջազգային հավատարմագրման առումով: Ուրախալի է, որ այն նորարարությունները, այն լոգիստիկ գործընթացները, որոնք մենք կիրառել ենք, այսօր բերում են իրենց տրամաբանական արդյունքը, մասնավորապես՝ աշխարհահռչակ մասնագետների ինտեգրացումը մեր համալսարանական աշխատանքներում», - ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ շուրջ տասը երկիր միավորող գիտաժողովը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացը կարևոր են նաև երիտասարդ մասնագետների՝ աշխարհի 34 երկրից այստեղ կրթություն ստացող օտարերկրացի ուսանողների համար:

Լակշման Սամարանայակեն երախտիքի խոսք է հղել ներկաներին․ «Սա իմ առաջին այցն է այս գեղեցիկ քաղաք և այս հրաշալի համալսարան։ Ինձ համար մեծագույն հաճույք է լինել աշխարհի այս մասում։ Ես արմատներով Ասիայից եմ, ծնվել եմ Շրի Լանկայում, բայց այժմ աշխատում եմ Հոնկոնգում։ Աշխատել եմ աշխարհի 5 տարբեր համալսարաններում՝ Հոնկոնգի, Գլազգոյի, Ալբերտայի, Շարժայի, Քուվեյթի։ Լինելով աշխարհի հինգ մայրցամաքի ավելի քան 40 երկրում՝ կարող եմ փաստել ձեր համալսարանի եռանդը և համագործակցությունը բոլոր միջազգային դպրոցների և համալսարանների հետ։ Վստահաբար կարող եմ ասել՝ սա առաջատար համալսարան է։ Ինձ համար մեծ պատիվ է, և ես գիտեմ, որ շատ քչերն են արժանանում ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչմանը։ Անհամբերությամբ սպասում եմ Ստոմատոլոգիական ֆակուլտետի և Երևանի պետական բժշկական համալսարանի հետ առավել սերտ համագործակցությանը»։

Նշենք, որ շուրջ տասը տարի հայտնի մասնագետը ղեկավարել է Հոնկոնգի համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետը, 400-ից ավելի գիտական աշխատանքի հեղինակ է։ 

Գիտության մեջ ակնառու ներդրման համար պրոֆեսոր Սամարանայակեն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում՝ հեղինակավոր թագավոր Ջեյմս IV-ի պրոֆեսորի կոչմանը՝ Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջում, և Վաշինգտոնի ստոմատոլոգիական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի «Ականավոր գիտնական» մրցանակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am