Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է կառավարության՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քայլերին

3 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է կառավարության՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քայլերին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի դիվերսիֆիկացման քաղաքականությունը, ինչի ուղղությամբ աշխատանքներ է տանում Հայաստանի կառավարությունը։ Նախագահն այս առումով առանձնահատուկ կարևորում է նաև արաբական, ինչպես նաև Հայաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։

Վահագն Խաչատուրյանը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում։

«Ընդհանրապես բացթողում է եղել մեր կողմից, որ մեր արտաքին քաղաքականության խնդիրները չենք կարողացել կոնկրետացնել, և հիմա մենք իրականում գնում ենք մի այնպիսի ժամանակաշրջան, որ պետք է կարողանանք ավելի մեծ ուշադրություն դարձնել հատկապես դեպի հարավ և հարավ-արևելք, օգտվել այն երկրների հնարավորություններից, որոնք մեզ շատ մոտ են, ընդամենը երկու ժամվա թռիչքային ճանապարհ են՝ առավելագույնը 1000-2000 կիլոմետր։ Եվ այդտեղ կա լուրջ ներդրումների հնարավորություն՝ կլինեն արաբական բոլոր երկրները, թե մեր հարևան երկրները։ Մենք այդտեղ պետք է շատ հետևողական աշխատանք կատարենք»,- ասաց նախագահը՝ կարևորելով Հայաստանը ներկայանալի դարձնելը։

Այդ համատեքստում Խաչատուրյանը կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը և հայաստանյան ներուժն արաբական երկրներում կիրառելի դարձնելը։

Նրա խոսքով՝ մասնավորապես Իրաքում մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ ՏՏ, ինչպես նաև արտադրական ծանր ու թեթև արդյունաբերություն ոլորտներում համագործակցելու։

Նախագահը նշեց, որ այժմ Իրաքը զբաղված է անվտանգային խնդիրների լուծմամբ, որից հետո, երբ այդ երկիրն ավելի գրավիչ կլինի, ՀՀ-ն չպետք է ուշանա համագործակցության հարցում։

«Չմոռանանք մեր հարևաններին էլ։ Նույն Թուրքիայի ուղղությունն էլ չմոռանանք, որովհետև իրականում վաղ թե ուշ սահմանը բացվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ չպետք է ապրել Թուրքիայի հետ սահմանի բացման հետ կապված վախերով, այլ անհրաժեշտ է լինել ավելի նախաձեռնող։

Խաչատուրյանի խոսքով՝ այդ ամենը կախված է տարածաշրջանային իրավիճակից, անվտանգությունից, իսկ խաղաղության հաստատումը բոլորովին այլ տեսակի հարաբերություններ կբերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում