Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ 
Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որում արձանագրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով էթնիկ հայ բնակչության տեղահանման փաստը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը, որի հետևանքով վիրավորում են ստացել քաղաքացիական անձինք:

 «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածից:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ տարիներ տևող հակամարտության ընթացքում շարունակվել են տեղ գտնել մարտական առանձին միջադեպեր, որոնց հետևանքով քաղաքացիական զոհեր են գրանցվել։ Տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել Հայաստանի տարածքում գտնվող ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ կառուցվող մետալուրգիական գործարանի շինհրապարակի ուղղությամբ, որի հետևանքով երկու քաղաքացիական անձ ստացել է ծանր վիրավորում»,–ասվում է զեկույցում:

Զեկույցում հիշեցվում է, որ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանն իրականացրել է ռազմական գործողություն՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողության հասնելու նպատակով։ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը: Այն վերաբացվեց սեպտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղից դուրս գալու՝ միակողմանի երթևեկության համար։ «Այդ օրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 բնակիչ, որն ըստ էության տարածքի ողջ էթնիկ հայ ազգաբնակչությունն էր, փախուստի դիմեց դեպի Հայաստան»,–նշված է զեկույցում:

Զեկույցում նաև հիշատակվում է այն մասին, որ 2022թ․ սեպտեմբերին միջազգային սահմանի երկայնքով և Հայաստանի տարածքում տեղի ունեցած նշանակալի մարտերից հետո Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացրած բողոքների վերաբերյալ դեռ վճիռներ չկային։

«Սեպտեմբերին ներկայացված զեկույցում «Մարդու իրավունքների միջազգային գործընկերություն» (IPHR) կազմակերպությունը, հղում կատարելով մի տեսանյութի, արձանագրում էր, որ «ողջամիտ հիմքեր կան կարծելու», որ 2022թ․ սեպտեմբերի բախումների ընթացքում «Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են հայ զինվորների արտադատական մահապատիժներ»,–ասված է զեկույցում:

ԱՄՆ պետքարտուղարությունը հիշեցրել է՝ 2022թ․ սեպտեմբերի ռազմական բախումների մասին իր զեկույցում «Մարդու իրավունքների միջազգային գործընկերություն» (IPHR) կազմակերպությունը, հիմնվելով զինվորների դիերի լուսանկարների ու տեսանյութերի վրա, հայտարարել է, որ ողջամիտ հիմքեր կան եզրակացնելու, որ հայ զինվորների հանդեպ ադրբեջանական զինվորները դրսևորել են դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք ու ենթարկել են նրանց խոշտանգումների։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am