Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի 
համար. ԵԽ պատգամավոր

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երիտթուրքերի կողմից նախապես կազմակերպված, համակարգված ու կյանքի կոչված Հայոց ցեղասպանությունը, ըստ  Եվրոպական խորհրդարանի Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսի, մարդկության ամենասարսափելի վայրագություններից է, որի ընթացքում 1․5 միլիոն մարդ բնաջնջվեց ամենադաժան ձեւով՝ այդ թվում երիտասարդներ, ծերեր, կանայք ու երեխաներ։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մավրիդեսն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ եւ վերահաստատել է Ցեղասպանության զոհերի հիշատակը, պատմական ճշմարտությունն ու արդարությունը, ինչպես նաեւ հայ ժողովրդի պայքարը պաշտպանելու իր պատրաստակամությունը։

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ կատարվող հանցագործության ընդլայնումն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական քաղաքականություն, որը ապագայում նման հանցագործությունների կրկնության համար սերմ է։ Դեռևս վերջերս մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի էթնիկ զտումներին, ինչին հաջորդել է այնտեղ գտնվող ցանկացած քրիստոնեական և հայկական ժառանգության մշակութային ցեղասպանությունը։ Հետեւաբար, Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պետք է քննարկվի որպես պատմական հիշողության իրադարձություն, այլ որպես դաս ներկայի ու ապագայի համար», - ասել է եվրախորհրդարանական Կոստաս Մավրիդեսը՝ հավելելով, որ հարցը միայն Ցեղասպանությունը իրադարձությունից հետո դատապարտելը չէ, այլ անել անհրաժեշտ ամեն ինչ դրա կրկնությունը  կանխելու համար։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am