Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում Լեռնային Ղարաբաղին նվիրված լուսանկարների և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք բացվեց

Երևանում Լեռնային Ղարաբաղին նվիրված լուսանկարների և ձեռագործ իրերի 
ցուցահանդես-վաճառք բացվեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի  լուսանկարներում պատկերված են Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանները, որոնցից շատերն արդեն ոչնչացվել են Ադրբեջանի կողմից, իսկ Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքներում Լեռնային Ղարաբաղի տարբեր գավառների նախշերն են գույներն ու ավանդույթները:

HM2_2474.JPG (909 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լուսանկարներն ու ձեռագործ աշխատանքները ներկայացված են «Արցախն ապրում է» ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 29-ին «Թեքեյան» կենտրոնում:   

«Լուսանկարներում Արցախի յոթ շրջանների առավել կարևոր հուշարձաններն են: Լուսանկարները շատ են, սակայն այստեղ ընդգրկել ենք երեսունը: Կան հուշարձաններ, որոնց լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում: Կտեսնեք Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հիմնահատակ քանդվել է 2020 թվականի պատերազմից հետո, կտեսնեք ամրոցներ, վանական համալիրներ, կամուրջներ, գեղեցիկ է Շուշիի ընդհանուր քաղաքային տեսարանը պատկերող լուսանկարը»,-ասաց Զոհրաբ Ըռքոյանը:

HM2_2499.JPG (954 KB)

Նրա հավաստիացմամբ՝ իրենք չեն հուսահատվել: «Արցախն այսօր հակառակորդի ձեռքում է, բայց դա չի նշանակում, որ մենք այն կորցրել ենք: Հույս ունենք, որ մի օր վերադառնալու ենք, և այս երեխաները ստեղծագործելու են Շուշիում, Հադրութում, Ստեփանակերտում, Քաշաթաղում, որովհետև դա մեր պատմական հայրենիքն է: Լավագույն փաստաթղթերը  հենց այս հուշարձանների լուսանկարներն են: Ոչ մի ադրբեջանցի, ոչ մի աղվան նման եկեղեցիներ, վանական համալիրներ չի կառուցել: Եթե իրենք են կառուցել, ինչո՞ւ են հայերեն գրել»,-շեշտեց Ըռքոյանը:

HM2_2485.JPG (665 KB)

Ցուցահանդեսին Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաները ներկայացրել են  գորգեր, զարդեր, գոբելեներ, ջրաներկով և յուղաներկով արված նկարներ և այլ աշխատանքներ:

Կենտրոնը հիմադրվել է 1995 թվականին Լեռնային Ղարաբաղում: 2020 թվականի դեկտեմբերին կենտրոնը վերաբացվել է Երևանում և ունի մասնաճյուղեր ՀՀ մարզերում։

HM2_2533.JPG (1.40 MB)

Կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանն ասաց՝  2023-ին փոքր կոլեկտիվով եկել են Ստեփանակերտից ու միացել Երևանի գործընկերներին: «Խմբակները պահպանել են իրենց ոճը, աշխատանքներում ևս պահպանում ենք Հադրութի, Դիզակի նախշերը, գույները, պատմությունը: Գորգարվեստում ունենք հաջողություններ: Արտաշատում գորգագործների խումբն է, Մասիսում՝ կարպետագործների: Փորձում ենք ընդլայնվել, և սա մեր առաջին ցուցահանդեսն է, երբ ցուցանմուշների տակ գին է գրված: Հաշվի առնելով, որ մենք ամիսներ շարունակ առանց աշխատավարձի ենք աշխատում՝ փորձում ենք վաճառքից ստացված գումարներով ապահովել և՛ մեր վարպետներին, և՛ մեր կենտրոնի երեխաներին, որ անհրաժեշտ նյութեր ձեռք բերեն»,-շեշտեց Թամրազյանը:

Կենտրոնի դասընթացներն անվճար են: Դասերին հաճախում  են երեխաներ ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Երևանից ու մարզերից: «Մենք շատ ուրախ ենք, որ կարողանում ենք համախմբել բոլոր երեխաներին: Երևանի կենտրոն են հաճախում նաև ռուս ընտանիքներից երեխաներ, նրանց ծնողները: Կան երեխաներ Ֆրանսիայից: Ծնողները սովորում են ասեղնագործություն: Այսօր դարձել ենք փոքրիկ ինտերնացիոնալ կենտրոն, և երեխաները իրար հետ շատ լավ են շփվում»,-նշեց նա:

HM2_2483.JPG (480 KB)

Կենտրոնի վարպետները փորձում են բոլոր երեխաների հետ խոսել գրական լեզվով, չեն մոռանում նաև Լեռնային Ղարաբաղի բարբառը, որը հետաքրքրում է նաև Երևանի երեխաներին:

Հադրութի ստեղծագործական կենտրոնն աշխատանքային նյութերը ձեռք է բերում հովանավորների աջակցությամբ:

HM2_2538.JPG (1.40 MB)

«Ստեփանակերտում կային գորգագործության, կավագործության, կարպետագործության բաժիններ: Այստեղ կփորձենք  ընդլայնել դրանք, ձեռք բերել հաստոցներ ու պահպանել Դիզակի նախշերը՝ հաշվի առնելով այն, որ Արցախում Դիզակի գավառը եղել է  գորգարվեստի կենտրոն: Ես ուրախ եմ, որ այսօր ամեն տեղ հանդիպում եմ այդ նախշերին ու հիանում: Այդ նախշերով ոչ միայն գորգեր, այլև ազգային գուլպաներ, գոբելեներ ենք գործում: Հույս ունեմ՝ հետագայում ավելի մեծ աշխատանքներով կներկայացնենք մեր կենտրոնը»,-շեշտեց Իրա Թամրազյանն ու հիշեցրեց՝ երեք տարվա ընթացքում մասնակցել են շուրջ 70 ցուցահանդեսի: Աշխատանքները ներկայացրել են Բելգիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:

HM2_2534.JPG (1023 KB)

Նա շնորհակալություն հայտնեց «Թեքեյան» կենտրոնին իրենց հյուրընկալելու համար, Հայաստանի բոլոր թանգարաններին, որ իրենց կողքին են, աջակցում են:

HM2_2505.JPG (921 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am