Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ-ի համար սկզբունքային հարց է, թե որ քարտեզներով են առաջնորդվելու կողմերը. Արսեն Թորոսյանը՝ սահմանազատման մասին

ՀՀ-ի համար սկզբունքային հարց է, թե որ քարտեզներով են առաջնորդվելու 
կողմերը. Արսեն Թորոսյանը՝ սահմանազատման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի կողմից որոշում կայացնելը, թե որ քարտեզներով են առաջնորդվում սահմանազատման գործընթացի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: 

Թորոսյանը նախ կարևորեց սահմանազատման գործընթացը սկսելը: Նրա կարծիքով՝ Հայաստանի շահերից է բխում այն սկսելը:

«Ի վերջո, ո՞ր քարտեզներով ենք անելու սահմանազատումը. մեզ համար դա շատ կարևոր և սկզբունքային հանգամանք է: Եվ բանակցությունների ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ շատ կարևոր է երկկողմանի որոշում կայացնել, թե որ քարտեզներով ենք առաջնորդվում: Եվ այդ որոշումը տրամաբանորեն պետք է նշանակի, որ, եթե մի հատվածում իրականացնում ենք սահմանազատում,օրինակ, 1974 թվականի քարտեզով, նշանակում է, որ մյուս հատվածներում էլ պետք է իրականացվի այդ քարտեզով»,-ասաց Թորոսյանը:

Նա շեշտեց՝ ԽՍՀՄ  նախկին հանրապետությունները, միանալով Ալմաթիի հռչակագրին, ճանաչել են իրենց սովետական վարչական տարածքները որպես պետական սահմաններ, և դրա հիման վրա պետք է կատարվի սահմանագծումն ու սահմանազատումը: Դա չի նշանակում նոր սահմանի ստեղծում, դա փաստացի եղած սահմանի իրավական ամրագրումը պետք է լինի:

«Որևէ վարչական բնակավայր, որևէ տարածք, որ Սովետական Հայաստանի սահմաններում է եղել, մենք որևէ կերպ չենք պատրաստվում որևէ երկրի տալ: Իսկ եթե սահմանը գծման կամ իրավական ամրագրման ընթացքում կանցնի որևէ տարածքով, որն այս պահին այս կամ այն կողմի տիրապետության տակ է, պետք է փոխադարձաբար երկու կողմերի միջև պայմանավորվածությամբ վերադարձվի այս կամ այն կողմին»,-ասաց պատգամավորը:

Թորոսյանը շատ կարևորեց, որ ի սկզբանե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, թե որ քարտեզներով են կողմերն առաջնորդվում: Նա նման պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորություն տեսնում է: «Ցավոք սրտի, մինչև օրս այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվել՝ հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Նրանք խուսափել են քարտեզների վերաբերյալ խոսակցությանը վերջնական պատասխան տալուց: Եվ, եթե այս գործընթացը թույլ կտա մեզ պայմանավորվել քարտեզների մասին, որոնք ապագայում պետք է դառնան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հիմքը, դա մեզ համար կարևոր է, մեր շահերից է բխում»,-նշեց նա:

                                                                                            

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am