Քաղաքականություն

Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ. ՀՀ վարչապետ

7 րոպեի ընթերցում

Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետն ու Եգիպտոսի նախագահը, հանդիպման ընթացքում, պայմանավորված Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ստեղծված լարվածությամբ ու ծավալվող գործընթացներով, անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև, համապատասխանաբար, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և Եգիպտոսի ջանքերին։

«Կարևորելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային գործընկերների աջակցությունը՝ նախագահ աս-Սիսիին հայտնել եմ Հայաստանի բարձր գնահատանքն այդ հարցում Եգիպտոսի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման համար:

Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները՝ հիմք ընդունելով երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացի իրականացումը՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության համար առանցքային է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման և փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս առնչությամբ մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի կյանքի կոչումը կարող է լիովին փոխել իրավիճակը տարածաշրջանում և փոխշահավետ համագործակցություն հաստատել՝ կապելով Արևելքն Արևմուտքին և Հյուսիսը Հարավին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Նա երախտագիտություն է Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին` Եգիպտոս պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

«Եգիպտոսը Միջին Արևելքում Հայաստանի առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում հանդիպման այս հնարավորությունը: Մեր երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների պարբերականությունը, փոխշահավետ բազմոլորտ համագործակցությունը ոչ միայն վկայությունն են մեր երկրների միջև ջերմ հարաբերությունների, այլև ապագային ուղղված համատեղ տեսլականի մասին են վկայում»,- հայտարարության ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նաև իր ցավակցությունն է հայտնել Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի կապակցությամբ:

«Ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։ Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն: Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր Հայաստանը և Եգիպտոսն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ:

Չեմ կարող չնշել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ այսօր մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը։ Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով մշտապես վայելել են ու շարունակում են վայելել Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները«- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան կատարած այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ եգիպտացի ներդրողների հետաքրքրության աճը. եգիպտական հայտնի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով.

«Հուսով եմ, որ այս այցի շրջանակում եգիպտացի գործարարների հետ կայանալիք հանդիպմանը ևս լրացուցիչ խթան կհաղորդենք տնտեսական հարաբերություններին:

Ներկայումս առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվում են գործնական քայլեր։ Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել Հայաuտանի Հանրապետության և Եգիպտոuի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում կգումարվի նաև գործարար համաժողով։ Տարվա ընթացքում ակնկալվում է ևս երկու ոլորտային գործարար համաժողովների անցկացում։ Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայաստանցի գործարարներին՝ մասնակցելու Կահիրեում կայանալիք նշյալ համաժողովներին։

Երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Մեր քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի նախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է»:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ վարչապետը կրկին ընդգծել է վերջին երկու տարիներին բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը՝ երկու պետություններին մաղթելով ամուր փոխհարաբերություններ և նոր ձեռքբերումներ համատեղ աշխատանքում՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում