Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

2024 թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել 285 թեկնածու

2024 թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել 285 թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 285 թեկնածու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը։

Մրցանակի համար առաջադրվել են 196 անհատ և 89 կազմակերպություն։ 2023 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 351 թեկնածու, սակայն առաջադրումների թվով ռեկորդային է եղել 2016 թվականը, երբ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 376 թեկնածու։

Մրցանակը կշնորհվի աշնանը՝ Նորվեգիայում։

Թեկնածուների ամբողջական ցուցակն ավանդաբար պահվում է խիստ գաղտնի և կարող է հրապարակվել պարգևների շնորհումից միայն 50 տարի անց:

Չնայած դրան, ամեն տարի այս կամ այն թեկնածուների առաջադրման մասին տեղեկություններ են հայտնվում զանգվածային լրատվամիջոցներում այն կազմակերպություններից կամ անձանցից, որոնք առաջադրելու իրավունք ունեն։

Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ներ հայտնել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգի, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի, WikiLeaks կազմակերպության  հիմնադիր Ջուլիան Ասանժի, բրիտանացի բնագետ Դևիդ Ատենբորոյի, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի միջազգային դատարանի (ՄԱԿ), ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի, ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության և դրա գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինիի թեկնածությունների առաջադրման մասին։

Թեկնածուներին մրցանակի առաջադրել հնարավոր է եղել մինչև հունվարի 31-ը, այդ ժամկետը լրանալուց հետո առաջադրման իրավունքը պահպանում են միայն հանձնաժողովի անդամները, որոնք կարող են օգտվել դրանից իրենց առաջին հանդիպման ժամանակ, որը, որպես կանոն, տեղի է ունենում փետրվարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am