Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համար տուգանային միավորը 0.5- ից կնվազեցվի 0.25-ի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համար տուգանային միավորը 0.5-
ից կնվազեցվի 0.25-ի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է ավտոմեքենան երկրորդ գծում կանգնեցնելու համար կիրառվող տուգանային միավորը 0.5-ից նվազեցնել 0.25-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման շրջանակում:

Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ տեսալուսանկարահանման սարքերով արձանագրված խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պարագայում քաղաքացիները նշանակված տուգանքը կարող են ստանալ 20 տոկոս ավելի ցածր չափով: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորներն այլ առաջարկներ ևս ներկայացրել են, նախագծում լրացումներ են կատարվել:

«Մի խումբ պատգամավորների առաջարկի հիման վրա՝ երկրորդ գիծ կանգնելու հետ կապված 0.5 տուգանային միավորը դարձնում ենք 0.25 տուգանային միավոր»,-ասաց Արփինե Սարգսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ տաքսու վարորդների հետ գրեթե ամենօրյա շփումների ընթացքում հասկացել են, որ երկրորդ գծում տարեկան մի քանի անգամ ընդամենը 2-3 րոպե կանգնելու հետևանքով մարդը զրկվու է վարորդական իրավունքից ու փաստացի ապրուստի միջոցից՝ ընդ որում սա այն դեպքում, երբ մարդը չի ունենում խախտման չարամտություն, պարզապես պատվեր տվողն ուշ է մոտենում ավտոմեքենային:

Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս հաստատեց՝ փոփոխությունն առաջարկել են՝ հաշվի առնելով հիմնականում տաքսու ծառայություն մատուցողների շահերը: «Այս խախտումը հիմնականում իրականացվում էր տաքսի ծառայություն իրականացնող վարորդների կողմից, որովհետև ամենաշատն իրենք են կանգառ-կայանում իրականացնում օրվա ընթացքում»,-նշեց պատգամավորը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am