Քաղաքականություն

Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին. Մակրոնը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին. Մակրոնը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Ֆրանսիայում համոզված են, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։

«Ես ևս մեկ անգամ Ձեր առջև ցանկանում եմ կրկնել, որ Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականության, ժողովրդավարական ընթացքին, և նրա խաղաղության ձգտումներին: Մեր հանդիպումը թույլ կտա անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումներին։ Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում», - ասել է Մակրոնը։

Նա նշել է, որ 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին և անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի այն երկիմաստությունը, որը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու քարտեզներին։

Մակրոնի խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանին երկուստեք հետքաշման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում