Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սեյսմոլոգիան ՀՀ-ի համար միշտ լինելու է առաջնային ուղղություն․ ԳԱԱ-ում ներկայացվեց սեյսմիկ արդիական ցանցն ու բացվեց տվյալների հաշվողական կենտրոն

Սեյսմոլոգիան ՀՀ-ի համար միշտ լինելու է առաջնային ուղղություն․ ԳԱԱ-ում 
ներկայացվեց սեյսմիկ արդիական ցանցն ու բացվեց տվյալների հաշվողական 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտում (ԵԳԻ) տեղի ունեցավ սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանցի ներկայացումը և սեյսմիկ տվյալների մշակման հաշվողական կենտրոնի բացումը, որը ստեղծվել է «Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագրի շրջանակում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԳԻ տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանն իր ելույթում նշեց, որ ծրագիրն իրականացվել է ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի ֆինանսավորմամբ՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործընկերային նախագծի միջոցով։

KhachaturOLD04382.jpg (410 KB)

«Նախագծի պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականին և, չնայած կորոնավիրուսի համավարակի հետ կապված խնդիրներին, աշխատանքներն ավարտվեցին նախատեսված ժամկետում՝ 2023 թվականին։ Կովկասի և Միջին Ասիայի երկրներում այս ծրագրի շրջանակում առաջինը հենց հայկական թիմն ավարտեց սեյսմիկ կայանների տեղադրումը և ցանցի ստեղծման աշխատանքները։ Իսկ ԵԳԻ նոր ցանցը ստեղծվել է միացյալ հետազոտական սեյսմոլոգիական ինստիտուտների պահանջների համաձայն և կատարում է տվյալների փոխանակում։ Նոր, արդիական ցանցը կազմված է ութ հորատանցքային սեյսմիկ կայաններից և հանդիսանում է ինստիտուտի երրորդ ցանցը։ Առաջինը ստեղծվել էր 2012 թվականին Թայվանի համալսարանի և ԳԱԱ համագործակցությամբ, դոկտոր Արկադի Կարախանյանի նախաձեռնությամբ»,- ասաց Մելիքսեթյանը։

Նրա դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ երկրաբանական գիտությունների ինստիտուտում սեյսմոլոգիական հետազոտությունները և սեյսմիկ ցանցերի զարգացումը շարունակվում է, ուստի տասնամյակներ շարունակ տեղում կգեներացվի բարձր մակարդակի գիտական ու գիտակիրառական արդյունքներ՝ նպաստելով ինստիտուտում և ՀՀ-ում սեյսմոլոգիայի ու հարակից գիտությունների դինամիկ զարգացմանը, ինչպես նաև սեյսմիկ վտանգների ադեկվատ գնահատմանը։

ԳԱԱ քիմիայի և երկրի մասին գիտությունների բաժնի ղեկավար, ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանն իր խոսքում նշեց, որ հիշյալ ցանցի ընդլայնման և արդիականացման տեղեկատվությունը կարևոր է հատկապես մասնագիտացված կազմակերպությունների և գործընկերների համար։

akademikos TavadyanOLD04386.jpg (552 KB)

«Սեյսմոլոգիան Հայաստանի համար միշտ լինելու է առաջնային գիտական ուղղություն, քանի որ մեր երկիրը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Այդուհանդերձ, սեյսմագիտությունը մեկ երկրի խնդիր չէ, ուստի շատ կարևոր է միջազգային ծրագրերում ներգրավված լինելու հանգամանքը։ Տվյալ ցանցի գործունեության հիմնական արդյունքներից է Հայաստանի սեյսմիկ վտանգների քարտեզի կազմումը, որն օգտագործվել է մեր երկրի սեյսմակայուն շինարարության ոլորտում նոր նորմերի ստեղծման գործում։ Այստեղ ներկայացված ծրագրի հիմնական նպատակը Կովկասում և Կենտրոնական Ասիայում սեյսմիկ ցանցի ընդլայնումն է, իսկ սեյսմիկ տվյալների մշակման հաշվողական կենտրոնը հնարավորություն ունի հավաքագրել սեյսմիկ-երկրադինամիկական տվյալները, մշակել դրանք իրական ժամանակի ռեժիմում և փոխանակել գործընկերների հետ։ Ցանցի և կենտրոնի գործունեությունը կմեծացնի նաև միջազգային համագործակցությունը»,- ասաց Թավադյանը։

ԳԱԱ ԵԳԻ աշխատակից, SNECCA ծրագրի ղեկավար Հեկտոր Բաբայանն իր խոսքում հանգամանորեն ներկայացրեց սեյսմիկ-երկրադինամիկական մոնիթորինգի ցանցի կառուցվածքն ու կոնֆիգուրացիան։

Hektor BabayanOLD04362.jpg (419 KB)

«Նշված ծրագիրն էապես բարձրացրել է ցանցի սեյսմիկ պոտենցիալը Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ շնորհիվ գերժամանակակից և լիցենզավորված սարքավորումների, ինչպես նաև մեր տարածաշրջանում նախադեպը չունեցող հորատանցքային կայանների տեղադրման։ Սարքերն իսկապես բացառիկ են, օրինակ՝ լայնաշերտ սեյսմիկ տվիչները տեղադրվել են հատուկ փորված հորատանցքերում, որպեսզի դրանց միջոցով ստացվեն բարձր ճշգրտությամբ տվյալներ։ Օգտագործում ենք նաև գրունտային ուժեղ շարժումներ որսացող տվիչներ, որոնք նույնպես տեղադրվել են Հայաստանի տարբեր հատվածներում փորված հորատանցքերում գտնվող սեյսմիկ կայաններում։ Կան նաև գերզգայուն սարքավորումներ, որոնք թվայնացնում են սեյսմիկ ալիքների ազդանշանները։ Սարքերի տեղադրման նպատակն այն է, որ ուժեղ երկրաշարժ լինելու դեպքում աշխատանքները կոորդինացվեն հենց էպիկենտրոնում, որտեղ գրանցվում են հետցնցումներ»,- ասաց Բաբայանը։  

Նա կարևորեց մեծածավալ հիշողությամբ օժտված ընդհանուր սերվերի աշխատանքը, որտեղ առցանց հավաքագրվում են կարևոր տվյալներն ու արխիվացվում։ Սերվերը բաց է, և բոլոր ցանկացողները կարող են օգտվել տվյալներից։ Բաբայանը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքում երկրաշարժեր գրանցող սեյսմիկ կայանների տեղադրումն ու վայրերի ընտրությունն իրականացվել է մանրազնին քննարկման արդյունքում։ Ութ կայանները տեղադրվել են բնակավայրերից, տրանսպորտային և էներգետիկ հանգույցներից հեռու, դաշտային տեղանքում՝ հաշվի առնելով Հայաստանի տեկտոնական մոդելն ու երկրաբանական պայմանները, և նրանց միջև հեռավորությունը մոտ 60 կիլոմետր է։ ՀՀ տարածքում տեղադրվել են նաև մշտապես գործող վեց GPS կայաններ, որոնք շատ կարևոր են գեոդինամիկ պրոցեսներն ուսումնասիրելու համար։   

ԳԱԱ աշխատակից, սեյսմոլոգիայի խմբի ղեկավար Լիլիթ Սարգսյանն էլ հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում և տարածաշրջանում սեյսմոլոգիական ցանցերի կիրառման հնարավորությունները տարբեր գիտատեխնիկական խնդիրների լուծման համար։ Նա տեղեկացրեց, որ ԵԳԻ-ում կազմվել է ընդհանուր կատալոգ, որն իր մեջ ներառում է բարձր ճշգրտությամբ երկրաշարժերի հիմնական պարամետրերը։ Կատալոգն օգտագործվել է սեյսմիկ վտանգների քարտեզը կազմելու գործում, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից և հիմք է հանդիսացել շինարարական նորմերի փոփոխության համար։   

Lilit SargsyanOLD04404.jpg (401 KB)

«SNECCA ծրագրի շրջանակում գործող հայկական ցանցը գրանցված է նաև միջազգային հարթակում և հասանելի է սեյսմոլոգիական հանրությանը։ Ցանկացած ոք կարող է ներբեռնել կայաններից ստացված տվյալներն ու ալիքային պատկերները։ Մեր համակարգին ենք միացրել նաև Վրաստանին ու Ադրբեջանին, քանի որ երկրաշարժերը չունեն սահմաններ և եթե դրանք տեղի են ունենում սահմանամերձ շրջաններում, ապա միայն տվյալ երկրի կայանները քիչ են համակողմանի հետազոտություն անցկացնելու համար»,- ասաց Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ որ ԵԳԻ-ն ակտիվորեն համագործակցում է մի շարք ինստիտուտների, ավելի սերտորեն Թայվանի և Օրիգտոնի համալսարանների հետ։ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակիցներն իրենց գիտահետազոտական աշխատանքները ներկայացրել են տարբեր գիտաժողովներում, դրանք տպագրվել են միջազգային տարբեր մասնագիտական պարբերականներում։ Ինստիտուտում պաշտպանվել են գիտական թեզեր՝ հիմնվելով հայկական սեյսմոլոգիական ցանցի տվյալների վրա։

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am