Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Փաշինյանը կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է լոկալ ռազմական գործողություններ սկսել՝ դրանք Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով

Փաշինյանը կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է լոկալ ռազմական 
գործողություններ սկսել՝ դրանք Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի 
վերածելու հեռանկարով

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից։ Վարչապետի խոսքով՝ դրա պատճառ կարող է լինել սահմանի որոշ հատվածներում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունը՝ հետագայում դա Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում։

«Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ, որպեսզի զորքերը իրենց դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրների զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն՝ սահմանի վերարատադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, դրանք երկուստեք պետք է հետ քաշվեն այդ արդեն իսկ սահմանագծված սահմանի նկատմամբ։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադարձությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը կրկին վերահաստատեց Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են։ Նա ներկայացրեց, թե ինչ սկզբունքների մասին է խոսքը։

«Խոսքը միջազգային հարթակներում գրավոր կերպով և հրապարակային արձանագրված պայմանավորվածության մասին է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և Ալմա Աթայի հռչակագիրը պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը։ Սա նշանակում է, որ մեզ մնացել է տեխնիկական աշխատանք՝ քարտեզների և գետնի վրա վերարտադրել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991 դրությամբ դե-յուրե առկա սահմանը և դրանց իրավական հիմքերը վերհանելու միջոցով լուծել հարցը։

Նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև այսպես կոչված էքսկլավ/անկալվների հարցը։ Օրինակ՝ Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել և հետագա բանակցությունների արդյունքում որևէ բանաձևով լուծել նաև այդ հարցը։

Բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով։ Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին և սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի և անցնել հաջորդ հատվածին, իսկ էսքկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։ Այսինքն՝ կա երկու տարբերակնախ ամբողջ սահմանի գծով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը, իսկ երկրորդը՝ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կտոր սահմանագծելով գնում ենք առաջ։ Մենք երկու տարբերակին էլ համաձայն ենք՝ վերը նշված սկզբունքների համաձայն։

Բայց Ադրբեջանը, կարծես թե, խուսափում է նաև այս տարբերակից։ Նաև մեր վերլուծությունը ցույց է տալիս, թե սրա համար կարող է լինել մեկ պատճառ, և այդ պատճառը կարող է լինել ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։

Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարարություններում ու գործողություններում»,- ընդգծեց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am