Մեր երկրում եղել են, կան ու կլինեն հեռանկարային նկարիչներ. Հայաստանի նկարիչների միությունը հետաքրքիր ծրագրեր ունի
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունը, պահպանելով ավանդույթները, տարվա ընթացքում իր հարկի տակ է համախմբելու տեղացի ու արտերկրից ժամանած երիտասարդ և բազմավաստակ ստեղծագործողների. կազմակերպելու է ցուցահանդեսներ, պլեներներ, վարպետության դասեր և այլ կարևոր միջոցառումներ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասում է՝ աշխատում են ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի կառույցը մշտապես ուշադրության կենտրոնում լինի:
«Ընթացիկ ցուցահանդեսներ շատ կլինեն, սակայն փետրվարի 8-ին բացվելու է «Վարկանիշային ցուցահանդես»-ը, որին մասնակցելու են միության անդամ չհանդիսացող արվեստագետները: Այս ցուցահանդեսն իրականանում է ժյուրիի մասնակցությամբ: Բոլոր նրանք, ովքեր կընտրվեն ժյուրիի կողմից, կստանան մեկ միավոր և, այդ միավորները հավաքելով, կկարողանան դիմել Հայաստանի նկարիչների միության անդամակցության համար: Հետո կմեկնարկի «Գարնանային սալոն» ցուցահանդեսը, որի կազմակերպումն ավանդույթ է դարձել: Ցուցադրությանը մասնակցում են միայն միության անդամները»,-հիշեցնում է Սաֆարյանը:
2024-ին նախատեսվում են նաև հոբելյանական ցուցահանդեսներ. նշվելու են Վալենտին Պոդպոմոգովի, Վլադիմիր Սահակյանի, Լևոն Կոջոյանի, Ռուբեն Ադալյանի, Հաղթանակ Շահումյանի, Խաչատուր Ազիզյանի և այլ նկարիչների հոբելյաններ:
Իսկ այս օրերին Նկարիչների միություն այցելելով՝ հնարավոր կլինի ծանոթանալ երջանկահիշատակ Վահան Քոչարի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որում ընդգրկված են Քոչարի՝ 15-ից մինչև 71 տարեկանը ստեղծած կտավները:
Սուրեն Սաֆարյանը շատ է կարևորում համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Այդ կապն ամրապնդելու նպատակով միությունը նախաձեռնելու է միջազգային պլեներ-սիմպոզիում: Այն կանցկացվի հուլիսին Նկարիչների ստեղծագործական տանը, որը Սևանի ափին է՝ Շորժայում: Պլեներ-սիմպոզիումը, որին մասնակցելու են ութ երկրից նկարիչներ, կյանքի կկոչվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
«Այս տարի մեր առաջ նպատակ ենք դրել միության մասնաճյուղերում իրականացնել տարբեր նախագծեր, ցուցահանդեսներ, որ ակտիվացնենք մարզային մշակութային կյանքը: Շատ ծրագրեր կան, որոնց վրա աշխատում ենք, սակայն մինչև չեն հստակեցվում, նախընտրում եմ չխոսել դրանց մասին»,-ասում է միության նախագահն ու հավելում՝ նախատեսում են հյուրընկալել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության «Դարի վավերագրություն» խորագրով ցուցահանդեսը, որում հնարավոր կլինի տեսնել լուսանկարներ, որոնք անդրադառնում են երկրի կարևոր իրադարձություններին, ականավոր մարդկանց, ողբերգական և հաղթական դրվագներին:
Սաֆարյանը հավաստիացնում է՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր օրերում նկարիչները ձգտում են անդամակցել Հայաստանի նկարիչների միությանը: «Շատ մեծ ուշադրություն կա հատկապես երիտասարդների կողմից: Փետրվարի 8-ին կայանալիք «Վարկանիշային ցուցահանդես»-ին մասնակից նկարիչների իննսուն տոկոսը երիտասարդներ են: Շատ հետաքրքիր աշխատանքներ են ներկայացնելու»,-նշում է նա և ընդգծում՝ միությունը խորհրդային շրջանում շատ հարուստ ու հզոր կառույց է եղել: Այսօր չունի այն հնարավորությունները, որ ժամանակին եղել են, սակայն անում է հնարավորը՝ նշաձողը բարձր պահելու համար, իրականացնում է նախագծեր, որպեսզի հետաքրքրությունը կառույցի հանդեպ մեծանա, և Աբովյան 16 հասցեով անցնելիս մարդիկ Նկարիչների միություն մտնելու ցանկություն ունենան:
Ցուցահանդեսների բացումները երբեմն այնքան մարդաշատ են լինում, որ դժվարանում ես ազատ շրջել ցուցասրահներում:
Սաֆարյանի խոսքով՝ կան մշտական այցելուներ, սակայն նրանց հաճախ միանում են այլ արվեստասերներ: «Մենք մեծ ընտանիք ենք և ունենում ենք այցելուներ նաև արտերկրից, ինչը մեզ շատ պարտավորեցնում է: Ուրախ ենք, որ մեր իրականացրած նախագծերն ուշադրության են արժանանում»,-ընդգծում է նա:
Սուրեն Սաֆարյանը դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում և վստահեցնում է, որ մեր երկրում միշտ եղել են, կան ու կլինեն երիտասարդ ու հեռանկարային նկարիչներ, քանի որ հայ ազգը շատ տաղանդավոր է:
«Ուշիուշով եմ հետևում ոլորտի զարգացումներին ու կարող եմ ասել, որ հիանալի երիտասարդություն կա, ակտիվ նկարիչներ, որոնք մասնակցում են արտերկրում կազմակերպվող ցուցադրություններին: Ինչպես արդեն ասացի, իրականացնում ենք վարպետության դասեր, որոնց երիտասարդները սիրով են մասնակցում»,-եզրափակում է Սուրեն Սաֆարյանը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայաստանի նկարիչների միության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում