Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարարը Հայաստան-Խորվաթիա հարաբերությունների տնտեսական ոլորտում չօգտագործված հսկայական ներուժ է տեսնում

ՀՀ ԱԳ նախարարը Հայաստան-Խորվաթիա հարաբերությունների տնտեսական 
ոլորտում չօգտագործված հսկայական ներուժ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարին առանձնահատուկ է Հայաստանի և Խորվաթիայի երկկողմ հարաբերությունների համար, քանի որ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մեր պետությունները կարևոր ջանքեր են գործադրել՝ ուղղված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հունվարի 19-ին, Զագրեբում, իր և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա գոհունակությամբ նշել է, որ կողմերի վերջին փոխայցելություններն ու ակտիվ փոխգործակցությունն արտացոլում են հայ-խորվաթական հարաբերությունների դրական դինամիկան, ինչպես նաև օրակարգի հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներում և տարբեր հարթակներում համագործակցության խորացման և, իհարկե, երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման պատրաստակամությունը։

«Այսօրվա մեր քննարկումների ընթացքում անդրադարձանք երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Քաղաքական երկխոսության զարգացմանը զուգահեռ տնտեսական ոլորտում առկա է չօգտագործված հսկայական ներուժ։ Նախորդ տարվա փետրվարին նախարար Ռադմանի այցի ժամանակ Երևանում կայացած գործարար համաժողովը ստացավ առանձնահատուկ կարևորություն, և մենք շահագրգռված ենք առևտրատնտեսական համագործակցության առաջմղմամբ ու ընդլայնմամբ՝ միտված շոշափելի արդյունքներ արձանագրելուն»,- հայտնել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղեկացմամբ՝ նա և Գորդան Գրլիչ Ռադմանը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ամրապնման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը: «Այս հարաբերությունների հետագա խորացման մեր քաղաքացիների ձգտումը հիմնված է այն ընդհանուր արժեքների վրա, որոնց մեր քաղաքացիները հարում են Հայաստանում, Խորվաթիայում և Եվրոպական միությունում խթանվող, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար սկզբունքների տիրույթում: Միևնույն ժամանակ, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից: Այսպիսով, իմ խորվաթ գործընկերոջ հետ մենք դիտարկել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը»,- ասել է Միրզոյանը՝ այս համատեքստում ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը:

Նա հավելել է, որ կողմերը նաև անդրադարձել են բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերին, այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, որտեղ Հայաստանն ու Խորվաթիան արդեն իսկ ունեն կամ դեռ կշահեն առավել սերտ համագործակցությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am