Տնտեսություն

ՍԱՏՄ ղեկավարը ոլորտում անելիքներից առանձնացնում է երկու առաջնահերթություն

2 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ ղեկավարը ոլորտում անելիքներից առանձնացնում է երկու առաջնահերթություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը կարևորում է թվայնացման այնպիսի համակարգի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի գրասենյակում իրականացնել մեծածավալ ստուգումներ՝ փորձելով համապատասխան փաստաթղթերն այդ համակարգի միջոցով տեսնել և վերահսկողություն իրականացնել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայրապետյանը նշեց, որ, մասնավորապես սպանդանոցային մորթի դեպքում հաջողվել է հասնել այնպիսի մակարդակի, որ փաստացի մորթը ստուգվում է պարբերաբար և եթե նկատվում է, որ բացակայում են դրա վերաբերյալ համապատասխան տեսանյութերը, ապա վերահսկողություն է իրականացվում և պատասխանատվություն կիրառվում, որպեսզի այդ վարքագիծը փոխվի:

«Այսինքն՝ յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր սպանդանոց այցելելու խնդիր չունենք: Մենք համեմատում ենք տեսանկարահանումը փաստացի մորթին է վերաբերում, թե այլ նկարահանումների: Նման տարբերակներով մենք ունենք բազմաթիվ գործառույթներ, որոնց փաստաթղթային ստուգումը կարելի է իրականացնել գրասենյակում և դրա հիման վրա բացահայտել»,-պարզաբանեց ՍԱՏՄ ղեկավարը:

Ոլորտի անելիքներից նա առանձնացրեց նաև ռիսկերի համակարգ ունենալը, որի դեպքում կառույցի սահմանափակ ռեսուրսների պայմաններում ավելի նպատակային ու թիրախային ստուգումներ կիրականացվեն՝ ավելի վերլուծված ու գնահատված՝ թե ինչ խնդրի դեպքում տեսուչը պիտի այցելի տվյալ վայր և կենտրոնանա արդեն ռիսկերով բացահայտված խնդրի վրա:

Հայրապետյանը հավաստիացրեց, որ արդեն ընթանում են նշված խնդիրների լուծման ճանապարհով և այս տարվա ընթացքում այդ ուղղությամբ քայլերը կշարունակվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում