Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Փարաջանովն ու նրա ստեղծագործությունները. թանգարանի ցուցանմուշները՝ ռեժիսորի մասին

Փարաջանովն ու նրա ստեղծագործությունները. թանգարանի ցուցանմուշները՝ 
ռեժիսորի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի թանգարանի այցելուները, ծանոթանալով հեղինակի յուրահատուկ աշխատանքներին, որոնց թվում շատ են կոլաժները, ինստալյացիաները, տիկնիկները և այլն, հաճախ են հարցնում, թե  այս կամ այն մասնիկը, որն օգտագործել է ռեժիսորը, ինչ խորհուրդ ունի: Թանգարանի աշխատակիցները խոստովանում են, որ նման իրավիճակներում փրկության են գալիս Սերգեյ Փարաջանովի խոսքերն իր իսկ ստեղծագործությունների մասին. նա նշել է՝ յուրաքանչյուրը կարող է յուրովի հասկանալ իր աշխատանքները՝ ելնելով  աշխարհայացքից, պատկերացումներից, հույզերից:

Սերգեյ Փարաջանովի թանգարանում, որը և՛ տեղացիների, և՛ զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկն է, պահվում է շուրջ 1644 ցուցանմուշ, իսկ մշտական ցուցադրությունում ընդգրկված է 721-ը:

Բավականին դժվար է առանձնացնել հետաքրքիր ու տեսակով եզակի ցուցանմուշներից մի քանիսը, սակայն Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ, որը նշվում է հունվարի 9-ին, «Արմենպրես»-ի թղթակիցը թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարիաննա Մանուչարյանի հետ ընթերցողներին ներկայացնում է ուշագրավ իրեր, որոնք բացահայտում են մեծ արտիստին:

HM2_8919.JPG (523 KB)

«Տատիկի ընկույզի մուրաբան». 1986 թվական:

-Այն Փարաջանովի սիրած ստեղծագործություններից մեկն է. կոլաժը պատրաստված է կոտրված սպասքի կտորներից: Շատերի տանը եղել է նման սպասք: Այս աշխատանքը մանկության ջերմ հիշողություններ է արթնացնում: Իմ տատիկը պատմում էր, թե ինչ մեծ դժվարությամբ է Մոսկվայից գնել նման ափսեներ, բերել Երևան: Փարաջանովը շատ էր անդրադառնում իր մանկությանը, կարոտում էր այն, իր մանկության Թիֆլիսը: Երբ տարիներ անց վերադառնում է Թիֆլիս, տեսնում է՝ շատ վայրեր, որտեղ սիրել է այցելել մանկության տարիներին, չկան. նոր թաղամասեր են կառուցվում: Փարաջանովը նշում է՝ այդ ամենը տեսնելով՝ տպավորություն է ստեղծվել, թե իր մանկությունը մնացել է ավերակների տակ: Հենց մանկության ջերմ հիշողությունների արդյունքում է նա ստեղծում կոլաժը, որը թանգարանի հիմնադրման օրից այստեղ է:

«Լացող Ջոկոնդան». 1977 թվական:

Փարաջանովը շատ բարդ հանգամանքներում է անդրադարձել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ին: Շարքի առաջին գործը պատրաստել է բանտում և այն անվանել  «Լացող Ջոկոնդան»: Գաղափարը ծնվել է, երբ Փարաջանովն իր բանտակից ընկերների հետ բաց երկնքի տակ ամռան շոգին կիսամերկ աշխատելիս է եղել: Փարաջանովն իր հուշերում պատմում է, որ մի պահ իրեն վատ է զգացել ու նստել,  նրան թվացել է՝ ուշագնաց կլինի: Երբ նստում է, պատահաբար աչքն ընկնում է բանտարկյալներից  մեկի թիկունքին դաջված Մոնա Լիզային: Վառ երևակայության տեր Փարաջանովը պատկերավոր է նկարագրում այդ տեսարանն ու ասում, որ իրեն թվացել է, թե Ջոկոնդան կենդանացել է ու բարձր  ձայնով ծիծաղում է բանտարկյալների վրա, ասես ձեռք է առնում, հետո բարձր ձայնով լաց է լինում՝ նայելով այն իրավիճակին, որում իրենք են: Երբ «Լացող Ջոկոնդան» կոլաժը պատրաստ է  լինում, Փարաջանովն այն ուղարկում է կնոջը՝ Սվետլանա Շչերբատյուկին ու երկտողում գրում. «Եթե ես մահանամ բանտում, Ջոկոնդան կողբա իմ մահը»:

Շարքի մյուս գործերը նա ստեղծել է բանտից դուրս գալուց հետո 1988-1989 թվականներին: Երբ նրա ընկերներից մեկը տեսնում է շարքը, դժգոհությամբ հարցնում է, թե ինչու է Փարաջանովը աղավաղել Մոնա Լիզայի կերպարը: Փարաջանովը զայրանում է և պատասխանում, որ կոլաժներում իր Մոնա Լիզան է:

«Ֆելինիի նամակը».  1980 թվական:

Իտալական կինոարվեստը, իտալացի կինոռեժիսորները շատ են ոգեշնչել Սերգեյ Փարաջանովին: Նրանցից են Ֆեդերիկո Ֆելինին, Պաոլո Պազոլինին և այլք: Կան պատմություններ այն մասին, որ Փարաջանովն ու Ֆելինին նամակագրական կապի մեջ են եղել, սակայն մենք միայն այս նամակն ունենք: Գուցե նամակներ կան անհատական հավաքածուներում: Այն նամակը, որը թանգարանում է, հետաքրքիր է: Նամակում Ֆելինին Փարաջանովին շնորհակալություն է հայտնում հուցուլական գուլպաների համար, որոնք իրեն ուղարկել է Փարաջանովը: Թե ինչու էր Փարաջանովը տաք  գուլպաներ ուղարկել նրան, միայն իրենք գիտեն:  Փարաջանովը ձևավորել է նամակն ու այն վերածել կոլաժի:

«Մերլին Մոնրո». 1986 թվական:

2001 թվականին Փարաջանովի թանգարանի լավագույն բարեկամներ Շահեն և Արսինե Բազիլներն են կոլաժը նվիրել մեզ: Մոնրոյի լուսանկարը Փարաջանովը գտնում է աղբամանի կողքով անցնելիս:  Տեսնում է պատառոտված ամսագիրը, ամսագրից պոկված նկարը, որում Մոնրոն է, վերցնում է այն ու ասում, որ գեղեցիկ կնոջ տեղն աղբամանը չէ: Փարաջանովը նկարը վերածում է կոլաժի, որն այսօր զարդարում է թանգարանը:

«Գլխարկներ ի հիշատակ Նատո Վաչնաձեի չխաղացած դերերի». 1984-1986 թվականներ:

Սերգեյ Փարաջանովն իր հուշերում պատմում է,  որ  նրա երկու հորաքույրներն ամեն  շաբաթ և կիրակի իրենց հյուր են եկել: Հորաքույրները պճնված են եղել գեղեցիկ գլխարկներով, և Փարաջանովը միշտ գլխարկները գողանալու և իր մոտ պահելու ցանկություն է ունեցել: Հետագայում նա ստեղծում է գլխարկների հավաքածու՝ իրականություն դարձնելով իր մանկության երազանքը: Հանգամանքների, ճակատագրի բերումով, թե ժամանակներով պայմանավորված Փարաջանովի բոլոր ստեղծագործությունների հիմքում որևէ տխուր պատմություն կա:

Գլխարկների շարքը նա նվիրել է վրացուհի դերասանուհի Նատո Վաչնաձեի հիշատակին: Վաչնաձեն Խորհրդային Միությունում հայտնի էր տաղանդով, գեղեցկությամբ: Կա պատմություն, որ պետական, քաղաքական գործիչ Լավրենտի Բերիան սիրահարված է եղել  դերասանուհուն, սակայն Վաչնաձեն այն համարձակներից է եղել, որ մերժել է  Բերիայի սիրուհին դառնալու առաջարկը, և այդ մերժումը ճակատագրական է եղել և՛ Նատո Վաչնաձեի, և՛ նրա հետ նույն ինքնաթիռում գտնվող մարդկանց համար:  Վաչնաձեն ավիավթարի զոհ է  դարձել: Այդ դժբախտ պատմությունից հետո Սերգեյ Փարաջանովը ստեղծում է գլխարկների շարքն ու այն նվիրում Նատո Վաչնաձեին:

«Ամերիկան Լենինի աչքերով». 1988 թվական:

Փարաջանովը շատ սուր, միևնույն ժամանակ նուրբ հումոր ուներ և հետաքրքիր քաղաքական դիտարկումներ է արել, որոնք քողարկել է արվեստի միջոցով: Այս կոլաժում նա ներկայացնում է ռուս-ամերիկյան հակասություններով լի հարաբերությունները: Պատահական  չէ, որ կոլաժն անվանել է «Ամերիկան Լենինի աչքերով», որովհետև ցանկանում էր ցույց տալ, որ Լենինն Ամերիկան տեսնում էր գլխիվայր:

«Արշավանք». 1988 թվական:

Այս աշխատանքը կարող ենք մարգարեական անվանել. դեռ 1988 թվականին Փարաջանովը կանխագուշակում էր, որ կգա մի օր, երբ մուսուլման ներգաղթյալները «կգրավեն» Եվրոպան: Կարծես թե նրա կանխագուշակումն իրականություն է դառնում, որովհետև  1988-ին, գուցե, ներգաղթյալների ալիք է եղել դեպի Եվրոպա, սակայն այսօր դա արդեն իրականություն է:  Փարաջանովը երբեք որևէ կրոնական խտրականություն չի ունեցել: Հաշվի առնենք նաև այն փաստը, որ նրա առաջին կինը՝ Նիգյար Քերիմովան, ազգությամբ թաթար է եղել և մուսուլման:

«Ինքնաշեն խաղաթղթեր». Թբիլիսի, Օրթաճալայի բանտ. 1982 թվական:

Այս  խաղաթղթերը նա պատրաստել է 1982 թվականին, երբ ութ ամսով  Օրթաճալայի բանտում էր: Դա նրա երկրորդ բանտարկությունն էր: Ընկերների, Փարաջանովի մուսայի՝ Սոֆիկո Ճիաուրելիի շնորհիվ նրան ազատ են արձակում:  Ինչպես առաջին անգամ էին նրա բանտարկության պատճառները քաղաքական նկատառումները, այնպես էլ երկրորդ: Այն մարդը, որը սիրում է ազատություն, երբեք չի կարող իրեն սահմանափակել վախերով, որ իր խոսքը կօգտագործվի իր դեմ: Փարաջանովն այդպիսին էր և վատ իրավիճակներից դասեր չէր քաղում: Նա ձգտում էր ազատության, արդարության, հավասարության… Խաղաթղթերում պատկերված մարդիկ Փարաջանովին են նման: Հաճախ ասում են, որ նա ինքնասիրահարված էր, բայց ես կարծում եմ, որ նման բան չկար, պարզապես Փարաջանովը շատ նրբանկատ էր: Գուցե շատ դեպքերում մարդիկ չցանկանային, որ հանրությունը տեսնի իրենց պատկերով կերպարների, ուստի Փարաջանովն իր կերպարով կոծկում էր բանտակիցներին:

«Գողը երբեք լվացարար չի դառնա»:

Բանտարկյալ տիկնիկների շարքում աչքի է ընկնում ցախավելով տիկնիկը, որը Փարաջանովին է նման:  Նա տիկնիկը նվիրել է մի իրադարձության, որը տեղի է ունեցել բանտում: Բանտի տարածքը մաքրելիս Փարաջանովը վատ է զգում, ինչը հաճախ էր պատահում, քանի որ վատառողջ էր: Երբ բանտապանն անցնում է նրա կողքով, ասում է. «Փարաջանով, կրակով չես ավլում տարածքը»: Հաջորդ օրը Փարաջանովը հեռվից տեսնում է, որ բանտապանը մոտենում է: Նա քանդում է ցախավելն ու այրում այն՝ ցույց տալով, որ կրակով է աշխատում: Տիկնիկը հենց այդ կերպարն ունի:

Փարաջանովին շուրջ 15 տարի արգելում են ֆիլմեր նկարահանել: Դա է դառնում պատճառ, որ  նա  կոլաժներ պատրաստի: Ինչպես ինքն էր հարցազրույցներում ասում՝ յուրաքանչյուր կոլաժ խտացված ֆիլմ է: Նա սիրում էր տիկնիկներ, խաղալիքներ: Եղել է ժամանակ, երբ նա աշխատել է խաղալիքների գործարանում:  Հասուն Փարաջանովի կողքին միշտ ապրում էր մանուկ Սերգեյ Փարաջանովը: Նրա ներսում  ապրող երեխան  նրան թույլ չէր տալիս կորցնել լավատեսությունն ու միշտ տեսնել գեղեցիկը:

«Փարաջանովը դրախտում». 1989 թվական:

Փարաջանովն Աստվածամոր կերպարով շատ ստեղծագործություններ ունի: Նա երբեք չէր խոսում այն մասին, թե ինչ կրոնի է դավանում, բայց քրիստոնեական թեմաներով ստեղծագործությունները թույլ են տալիս մտածել, որ ամբողջ հոգով քրիստոնյա էր, անգամ աստվածավախ մարդ էր: Նա երբեք չչարացավ: Փարաջանովն ասել է, որ ինքն աշխարհից վրեժխնդիր կլինի սիրով: Այս թևավոր  խոսքն այն մասին է, որ մարդու մեջ բարությունը երբեք չի մեռնում իր հավատի ու լավատեսության շնորհիվ: Այդպիսին էր Փարաջանովը:  Իրեն  հրեշտակի պես պատկերելով՝ նա ասել է՝ երբ մահանա կհայտնվի դրախտում ու կդառնա հրեշտակ:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Սերգեյ Փարաջանովի հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում:

Կինոռեժիսորի ծննդյան օրը կմեկնարկեն հոբելյանին նվիրված միջոցառումները. Կինոյի տանը կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, իսկ Կինոյի տան փոքր դահլիճում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը: Փարաջանովի թանգարանում էլ նախատեսվում է համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» և «Բարեկամություն» անսամբլների մենակատարների մասնակցությամբ:

Հոբելյանական տարում նկարահանվելու են ֆիլմեր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Գեղագիտության ազգային կենտրոնը հետաքրքիր նախագծով են ներկայանալու՝ անդրադառնալով Փարաջանովի ստեղծագործություններին և նրա ֆիլմերում հնչող երաժշտությանը: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սպասվում են ֆոտոցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am