Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Երևանյան հանդիսատեսը Լոլա Աստանովայի հետ ճամփորդեց աշխարհում. դաշնակահարը ծաղկեփնջերով և «բրավո» վանկարկումների ներքո հեռացավ բեմից

Երևանյան հանդիսատեսը Լոլա Աստանովայի հետ ճամփորդեց աշխարհում. 
դաշնակահարը ծաղկեփնջերով և «բրավո» վանկարկումների ներքո հեռացավ 
բեմից

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնակահար Լոլա Աստանովան, որին աշխարհում մեծ ճանաչում բերեցին ականավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների ինքնատիպ կատարումներն ու վառ բեմական կերպարն,  առաջին անգամ մենահամերգով ներկայացավ Հայաստանում:

IMG_0547.JPG (8.07 MB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երեկոն տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Աստանովան ելույթ ունեցավ լարային կազմի նվագակցությամբ՝ շեշտելով, որ այդ  կազմում ընդգրկված են հիանալի երաժիշտներ:

IMG_0593.JPG (7.97 MB)

Նստելով դաշնամուրի առաջ՝ Աստանովան ունկնդրին հնարավորություն տվեց իր հետ ճամփորդել աշխարհի տարբեր երկրներում:

IMG_1100.JPG (6.79 MB)

«Առաջին անգամ եմ Երևանում և շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Այս դահլիճում հաճելի, գրեթե ընտանեկան մթնոլորտ է, և ես կարծում եմ, որ այսօրվա երեկոն պետք է անմիջական լինի»,-նշեց երաժիշտը, ում ցանկությունն իրականացավ:

IMG_1333.JPG (9.50 MB)

Նա նվագեց Հենդելի, Շոպենի, Բեթհովենի և այլ դասականների գործեր, անդրադարձավ 1990-ականներին հայտնի փոփ մեղեդիներին, կատարեց իր սեփական ստեղծագործություններից մեկը, որը գրվել է վավերագրական ֆիլմի համար և դեռ անուն չունի և տոներին ընդառաջ նվագեց ամանորյա մի քանի ստեղծագործություն, իսկ Չայկովսկու «Մարդուկ Ջարդուկը» կատարելիս անգամ ներկայացավ որպես դիրիժոր:

IMG_0643.JPG (12.48 MB)

Լոլա Աստանովան չմոռացավ նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ նշելով, որ Հայաստանն աշխարհին շատ մեծեր է նվիրել, սակայն Ազնավուրը հեղինակային երգի մի ամբողջ դարաշրջան է, որին ինքը շատ բարձր է գնահատում: Աստանովան նվագեց Ազնավուրի «Նա» (She) հանրահայտ ստեղծագործությունը, որը հնչել է «Նոթինգ Հիլ» (Notting Hill) ֆիլմում:

IMG_0666.JPG (5.91 MB)

Համերգային երեկոն ավարտվեց «Քուին» (Queen)  խմբի «Մենք չեմպիոններ ենք» (We Are The Champions) երգի կատարմամբ, սակայն հանդիսատեսն իր ծափերով  դաշնակահարին վերադարձրեց բեմ: Լոլա Աստանովան բեմը լքեց բուռն ծափահարությունների ներքո և ծաղկեփնջերը ձեռքին:

IMG_1383.JPG (7.23 MB)

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձել էր իր բեմական կերպարին ու նշել. «Եսասիրաբար որոշեցի անել այնպես, ինչպես ցանկանում եմ, կրել այն, ինչը համապատասխանում է իմ գեղագիտությանը: Իհարկե, դասական աշխարհում դա ընդունված չէ: Արտիստը պետք է միշտ որոշ կաղապարների մեջ լինի, համապատասխանի նրան, ինչը հորինել են մարդիկ: Ըստ իս՝ յուրաքանչյուր երաժիշտ ունի իր էսթետիկան, իր աշխարհընկալումը: Երբ որոշեցի ներկայանալ այսպես, տեսա, որ մարդիկ արձագանքում են, քանի որ ես անկեղծ եմ, և երաժշտասերը դա զգում է: Այժմ բազմաթիվ երաժիշտների եմ տեսնում, որ այդ կերպ են հանդես գալիս, գուցե, կրկնօրինակում են ինձ: Դա ինձ ուրախացնում է»:

IMG_0784.JPG (6.57 MB)

Խոսելով Հայաստանի մասին՝ երաժիշտը խոստովանել էր՝ Հայաստան գալու առաջին իսկ րոպեներից իրեն լավ է զգացել, քանի որ այն հարուստ մշակույթ ունեցող երկիր է: «Զգում եմ, որ մարդիկ հյուրընկալ են, ջերմ: Կարծում եմ՝ սա այցելություն է, որի ընթացքում ավելին կիմանամ հայ մշակույթի մասին»,-ընդգծել էր Աստանովան:

IMG_1099.JPG (6.88 MB)

Լոլա Աստանովան ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ «Carnegie Hall»- ում, «Lincoln Center»-ում և «Royal Albert Hall»-ում: Աստանովայի նվագացանկը հարուստ է և բազմազան. նա նվագում է ինչպես դասական, այնպես էլ ջազ, փոփ ժանրի ստեղծագործություններ: Աստանովան նաև կոմպոզիտոր է և թողարկել է մի քանի ալբոմ:

IMG_1284.JPG (8.18 MB)

Դաշնակահարուհին, որը բազմահազար հետևորդներ ունի սոցիալական հարթակներում, բեմական տեսքով ապացուցել է, որ հնարավոր է լինել և՛ գայթակղիչ, և՛ տաղանդաշատ: Նրա տեսահոլովակները դարձել են «YouTube»-ի և «Ինստագրամ»-ի սենսացիաները:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Դավիթ Ջոտյանի

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am