Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Գյումրիում մեկնարկեց «Մինասի պատգամը» խորագրով երկօրյա գիտաժողովը

Գյումրիում մեկնարկեց «Մինասի պատգամը» խորագրով երկօրյա գիտաժողովը

ԳՅՈՒՄՐԻ,  8  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկեց «Մինասի պատգամը» խորագրով երկօրյա գիտաժողովը: Ծրագիրն իրականացվում է մեծանուն գեղանկարչի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի առաջարկով և ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացնում է «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գիտաժողովը մեկնարկեց  «Զրույց թեյի սեղանի շուրջ» ձևաչափով: Նախատեսվում են  նաև այցելություններ Մինաս Ավետիսյանի գեղանկարների տեղադրման վայրեր Շիրակի մարզում՝ Ազատան, Վահրամաբերդ, Ջաջուռ, Գյումրու համայնքապետարան, Գյումրու դրամատիկական թատրոն:

Գյումրու արտադրական տարբեր ձեռնարկություններում և այլ հաստատություններում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարները մեծապես տուժել էին 1988-ի երկրաշարժից,  դրանք տարբեր տարիներին վերականգնվեցին:  Այս պահին մասնակի վերականգնման խնդիր ունի Մինասի որմնանկարներից միայն մեկը:

«Շիրակի մարզում Միանաս Ավետիսյանի որմնանկարներից այս պահին մասնակի խնդիր ունի Ազատանի մշակույթի տանը գտնվող «Սարերում» գործը: Ըստ էության, թեև խոսքը  մեկ որմնանկարի մասին է, այն բաղկացած է երկու մասից՝  պատշգամբային հատվածը կիսում է որմնանկարը: Շատ սիրուն որմնանկար է  ու քանի որ շենքը երկրաշարժին շատ չէր վնասվել, այն հիմա մասնակի վերականգնման խնդիր ունի: Ի դեպ, տեղափոխման խնդիր չունենք, ինչը շատ կարևոր է»,-տեղեկացրեց «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը, նշելով, որ ի տարբերություն Մինասի որմնանկարի, լուրջ խնդիր կա Խաչատուր Վարդպարոնյանի ու Հակոբ Հակոբյանի որմնանկարների հետ կապված:

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը  1973 թվականին է նկարվել  և գտնվում էր Գյումրու գործարաններից մեկի պատին։ 2016-ին որմնանկարը վերանորոգվեց Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ, տեղափոխվեց Դրամատիկական թատրոն, սակայն տարիներ շարունակ թատրոնի տնօրինությունը  բարձրաձայնում է որմնանկարի պահպանության խնդիրը: Այս պահին էլ որմնանկարի այլ տարածք տեղափոխման գործընթացը քննարկման փուլում է: «Սրանից բացի Գյումրիում կա Հակոբ Հակոբյանի ևս մեկ որմնանկար, որի մասին, անկեղծ,  ոչ մեկը չգիտեր: Այս պահին կառույցը, որտեղ գտնվում է որմնանկարը, բարեգործական ճաշարան է ու անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել այդ որմնանկարը պահպանելու համար: Երկու որմնանկարներ կան նաև Գյումրու «Ստրոմմաշինա» գործարանի ճաշարանում. մինչև հիմա վիճելի է,  թե ովքեր են այդ որմնանկարների հեղինակները, բայց երկուսն էլ արժեք ունեցող ու պրոֆեսիոնալ գործեր են և դրանք ևս, անշուշտ, պահելու խնդիր ունենք ու անխոս, դրանց հետ կապված ևս պետական մոտեցում է պետք»,-հավելեց Արման Ավետիսյանը:      

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am