Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար․վարչապետ

Էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու 
համար․վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել վերջին հինգ տարում դատական համակարգում, և ինչ քայլեր են ձեռնարկվել դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։

«5 տարի իրականացրած բարեփոխումներից հետո մենք տեսնում ենք ի վերջո ապօրինի գույքի բռնագանձման գործերի որոշակի ակտիվություն, և այդ գործերը քննվում են նոր ձևավորված հակակոռուպցիոն դատարաններում: Ինչպես գիտեք, հեղափոխությունից հետո ձևավորել ենք 3 ատյանի հակակոռուպցիոն դատարաններ՝ դատավորների բարձր աշխատավարձով: Ընդ որում, հիմա արդեն դատական համակարգի աշխատավարձերով մենք մոտենում ենք եվրոպական չափանիշներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի (փոփոխված տարբերակ) քննարկման ժամանակ։

Նա ընդգծեց՝ էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:

«2018 թվականից ի վեր Հայաստանում դատավորի 60 նոր հաստիք է ավելացել, բազում այլ բարեփոխումներ են իրականացվել: Հիմա արդեն փոքր՝ մինչև 5 մլն դրամ գումարի բռնագանձման տեղական գործերով արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումն իրականացվելու է առանց դատարանին ծանրաբեռնելու: Ընդունվել է փաթեթ, որով դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում տվյալ դատավորը կքննի միայն վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի գործեր, որպեսզի թոթափվի մյուս դատավորների բեռը և չավարտված ու փոխանցված գործեր չլինեն, որոնք մեր օրենսդրությամբ սկսվում են զրոյից։

Վարչական, քաղաքացիական և սնանկության վարույթներում առավել շատ հնարավոր կլինի գործերը քննել գրավոր ընթացակարգով՝ արագ և արդյունավետ, առանց փոքր հարցերով նիստ վարելու: Հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու գործառույթը տեխնիկական դեպքերում վերապահվելու է դատավորների  օգնականներին, ինչի արդյունքում կարագանա փաստաթղթերի սխալների շտկումը և պատշաճ հայցերի հարուցումը: Նախատեսվում է դատարաններին ազատել ակնհայտ անհիմն հայցերից, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը թոթափել փոքր դրամական գործերից, դատական ծանուցումներն իրականացնել հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով, ամբողջությամբ թվայնացնել քաղաքացիական և վարչական դատավարությունը»,- ասաց վարչապետը, հավելելով, որ  սրանք քայլեր են, որոնք դատարաններին թույլ կտան հնարավորինս քիչ ժամանակ ծախսել  տեխնիկական և ակնհայտ ելքով աշխատանքի վրա և կենտրոնանալ արդարություն և արդարադատություն իրականացնելու գործի վրա:

Վարչապետի համոզմամբ՝ արդյունքը կլինի այն, որ ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ եթե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ինքն արդարությունը պետական ինստիտուտների միջոցով վերականգնելու հնարավորություն ունի։

«Այս զգացողությունն էական է մեր պետության, ՀՀ զարգացման շահերի տեսանկյունից»,- եզրափակեց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]