Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ֆրանսիան իր պետական դիպլոմին համարժեք է վերաճանաչել ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը

Ֆրանսիան իր պետական դիպլոմին համարժեք է վերաճանաչել ՃՇՀԱՀ-ի 
ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը վերաճանաչել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց համալսարանի  մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը՝ հավելելով, որ այն վավեր է 2023 թվականից մինչև 2027 թվականը ներառյալ:

Բուհի կրթության վարչության ղեկավար  Անգին Մարտիրոսյանը, ընդգծելով, որ կրթական գործընթացների որակի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռազմավարական ուղղություններից է և գտնվում է ռեկտորի ուշադրության կենտրոնում, հերթական հաջողությունն է համարել Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք ճանաչելը։

«Միջազգային կապերի վարչության կողմից իրականացվել է համակարգման հետևողական մեծ աշխատանք, և տարբեր ստորաբաժանումների կողմից հավաքագրվել է պահանջներին համապատասխան փաստաթղթային փաթեթն ու ներկայացվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարություն փորձաքննությանը։ Հիմքում դրված են եղել «Ճարտարապետություն» կրթական ծրագրի բարեփոխված ուսումնական պլանները։ Այդ ուղղությամբ իրականացվել են բարեփոխումներ տարբեր չափանիշներով․ վերանայվել են կրթական դասընթացի ծրագրերը, ընդլայնվել են հնարավորությունները  կրեդիտների փոխանակման ուղղությամբ, կնքվել են համագործակցության պայմանագրեր տարբեր միջազգային կրթական հաստատությունների հետ, բարելավվում և շարունակական համալրվում են համալսարանի կրթական ռեսուրսները»,-մանրամասնել է Մարտիրոսյանը։

Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանի խոսքով դիպլոմների ճանաչումը սկիզբ է առել դեռ 1994 թվականից, որը սկզբում իրականացվում էր 2 տարին մեկ անգամ, այնուհետև՝ հինգ տարին մեկ անգամ։

«Ներկայացվում են համալսարանի ուսումնական ծրագրերը, որոնք փորձաքննության են ենթարկվում համալիր ձևով։ Ստուգվում է ամեն ինչ՝ ուսանողների ուսումնական ծրագրերը՝ միջազգային կապերի գծով, նրանց միտքը, միջազգային հարթակներում հաղթանակները, դասախոսների վերապատրաստման աստիճանը։ Նրանք եղել են տեղում և տեսել են ուսանող-դասախոս հարաբերությունը, կյանքի պահանջներին համապատասխան կրթության ապահովումը։ Դա երկար պրոցես է․ փաստաթղթերը ներկայացվել են գարնանը, և մոտավորապես 10 ամիս մեզ հայտնի և անհայտ ձևերով ու կազմակերպությունների միջոցով ստուգվել են դրանց՝ իրականությանը համապատասխանելը և, ի վերջո, հոկտեմբերի 27-ին որոշում է ընդունվել վերաճանաչել ևս 5 տարի ժամկետով»,-ասաց պրոռեկտորը։

Նրա խոսքով՝ փաստաթղթում հստակ նշված է, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտը ֆրանսիական պետական բուհերի դիպլոմներ ունեցող ճարտարապետի հավասար իրավունքով և ընթացակարգերով կարող է աշխատել Ֆրանսիայում, ստանալ լիցենզիա և գործունեություն ծավալել մասնագիտական ուղղություններով։

Եդոյանի համոզմամբ՝ այս իրողությունն էապես կնպաստի արտասահմանցիների ներհոսքին համալսարան։

«Ներկայում ունենք մոտ 150 արտասահմանցի ուսանողներ՝ հիմնականում Հնդկաստանից, Սիրիայից, Իրանից, Ռուսաստանից, Լիբանանից։ Մեր համալսարանում ուսումնառությունն իրականացվում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներով»,-ավելացրել է նա։

Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանը շեշտեց այն հետևողականությունը, որի շնորհիվ  արդեն յոթերորդ անգամ համալսարանի դիպլոմը վերաճանաչվում է Ֆրանսիայի կողմից։

«Շատ կարևոր է այն, որ ինչպես չափանիշներն են փոփոխվում, այնպես էլ մեր ծրագրերը։ Զարգացման ընթացքի մեջ դրանք ևս ընդունվում են Ֆրանսիայի կողմից։ Դա լուրջ մոտիվացիա է ուսանողների համար, և, քանի որ մենք  Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ասոցիացիայի  անդամ ենք, դա նշանակում է, որ ֆրանկոֆոն երկրներում էլ է անցնում այս դիպլոմի ճանաչումը և մեր ուսանող-ճարտարապետի ստեղծագործական աշխատանքի շրջանակներն աշխարհով մեկ լայնանում են»,-համոզմունք հայտնեց դեկանի պաշտոնակատարը։

Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանը հաջողություն արձանագրելու գործում  կարևորեց  ուսման որակի ապահովումն ու կազմակերպչական աշխատանքները։

«Եթե այդ երկուսի կապը չլինի, ապա ամենը կքանդվի։ Մեր հաջողությունը նրանում է, որ  մենք եղել ենք մեկ թիմ։ Այդ հաջողությունն անընդհատ կրկնվում է։ Դա շատ դժվար է իրականացնել։ Աշխարհն այնքան արագ է զարգանում, առավել ևս՝ ճարտարապետությունը, որ եթե մի քիչ հետ ընկնենք էլ չենք հասցնի»,-համոզմունք է հայտնեց Ռաշիդյանը՝ բուհի ձեռքբերումներից համարելով նաև այն, որ հաջողվել է ներդնել ինտերակտիվ ուսուցում, ստեղծել համապատասխան միջավայր ու թիմային աշխատանք իրականացնել։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am