Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է լրագրողների համար նախատեսված նոր մասնագիտական փոխանակման ծրագրի մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է լրագրողների համար նախատեսված 
նոր մասնագիտական փոխանակման ծրագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նոյեմբերի 29-ին հայտարարել է հայ լրագրողների համար նախատեսված նոր փոխանակման ծրագրի մեկնարկի մասին, որի ֆինանսավորման նպատակով հատկացվում է 1․2 միլիոն ԱՄՆ դոլար։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Վորլդ լերնինգ» կազմակերպության և լրագրողական ոլորտի առաջատար «Փոյնթեր» ինստիտուտի փոխգործակցությամբ իրականացվող «Լրագրողների մասնագիտական փոխգործակցության հայ-ամերիկյան ծրագրի» շրջանակում հայաստանյան 54 լրագրողներ հնարավորություն կունենան այցելել Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ուսումնական ծրագրերի, որոնք ոչ միայն կբարելավեն ապատեղեկատվության վերհանման, լրագրողական հրապարակումներ պատրաստելու նրանց հմտությունները, այլև կնպաստեն ամերիկացի լրագրողների ու լրատվամիջոցների հետ կապերի հաստատմանը։

«Ապահովելով մասնագիտական կատարելագործման համար անհրաժեշտ ռեսուրսներ և կապեր՝ այս փոխանակման ծրագիրը կխթանի լրագրողների դերը ազատ հասարակության մեջ և կխրախուսի հայ լրագրողներին ու լրատվամիջոցներին ընդունել այնպիսի մոտեցումներ, որոնցով կկարողանան դիմակայել ապատեղեկատվությանը», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«Լրագրողների մասնագիտական փոխգործակցության ծրագիրը» կազմված է չորս ուսումնա­հետազոտական  փուլերից՝ մասնակիցների հետևյալ կազմով․

18 լրագրող տպագիր և առցանց լրատվամիջոցներից (գարուն 2024թ․),

16 լրագրող հեռարձակող լրատվամիջոցներից (աշուն 2024թ․)

10 խմբագիր (գարուն 2025թ․),

10 մեդիա մենեջեր (աշուն 2025թ)։

«Այս ծրագիրը միտված է կայուն ցանց ձևավորել Միացյալ Նահանգների և Հայաստանի լրագրողների ու լրատվամիջոցների միջև՝ մեկտեղելով միջազգային կրթության ու փոխանակումների ասպարեզում «Վորլդ լերնինգ» կազմակերպության և լրագրողական ոլորտում «Փոյնթեր» ինստիտուտի ունեցած փորձը։ Այս փոխանակման ծրագրերին մասնակցելով՝ հայ լրագրողներն ու մեդիա մասնագետները տուն կվերադառնան նոր գաղափարներով, ընդլայնված մասնագիտական կապերով և հետաքննող լրագրության միջոցով քաղաքացիական հասարակության զարգացման և  հասարակության իրազեկման նոր գիտելիքներով», - ասաց «Վորլդ լերնինգի» գլոբալ փոխանակումների գծով մենեջեր Վլադ Սպենսերը։

Փոխանակման ծրագրի բոլոր փուլերում նախատեսվում են թիրախային ուսուցումներ, աշխատարաններ և մենթորների հետ աշխատելու հնարավորություն, որը կշարունակվի նաև ուսումնական փուլն ավարտելուց հետո։ Կընտրվի 10 մասնակից, որոնք որպես հետազոտող հնարավորություն կունենան հավելյալ մեկ ամիս անցկացնել ԱՄՆ մեդիա կառույցներում։ Ի վերջո, այս 10 մասնակիցներից 4-ն իրենց լրատվամիջոցներով հնարավորություն կունենան ստանալ 20 000 ԱՄՆ դոլար թիրախային աջակցություն՝ ընդունելու այնպիսի մոտեցումներ, որով կկարողանան դիմակայել ապատեղեկատվությանը և խթանել լրագրության դերը ազատ հասարակությունում։

«50 տարի շարունակ «Փոյնթերը» լրագրողների համար ապահովել է անհրաժեշտը։ Մենք ուրախ կլինենք ԱՄՆ մեր գրասենյակներում հյուրընկալել 54 հայ լրագրողների, լսել նրանց պատմությունները, իմանալ նրանց առաջ ծառացած մարտահրավերների մասին՝ հուսալով, որ Հայաստան վերադառնալուց հետո  նրանք կկարողանան ավելի լավ ծառայել իրենց լսարանին ու համայնքին», - ասել է «Փոյնթերի» ռազմավարական գործընկերությունների գծով փոխնախագահ Ահարոն Շերոքմենը։

Այս պահին տպագիր և առցանց լրատվամիջոց­ների լրագրողներից ընդունվում են հայտեր առաջին փուլի համար։ Մանրամասների համար՝ այստեղ: Մյուս փուլերի հայտերի ընդունման մասին կտեղեկացվի եկող տարում։

«Լրագրողների մասնագիտական փոխգործակցության հայ-ամերիկյան ծրագիրը» ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից և իրականացվում է «Վորլդ լերնինգ» կազմակերպության և Լրագրողական հետազոտությունների «Փոյնթեր» ինստիտուտի կողմից։ Ծրագրի վերաբերյալ մամլո հարցումները կարող եք ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]