Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Մենդելեևի հայրենիքը, Սիբիրի դաժան բանտը, Նիկոլայ 2-րդի աքսորավայրը. բացահայտելով Սիբիրի «բանալի» Տոբոլսկի գաղտնիքները

Մենդելեևի հայրենիքը, Սիբիրի դաժան բանտը, Նիկոլայ 2-րդի աքսորավայրը. 
բացահայտելով Սիբիրի «բանալի» Տոբոլսկի գաղտնիքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիբիրում գտնվող Կրեմլը, Դմիտրի Մենդելեևի ծննդավայրը, Սիբիրի ամենադաժան բանտերից մեկը. Տոբոլսկ քաղաքը շատ բան ունեի առաջարկելու հետաքրքրասեր զբոսաշրջիկին: Քաղաքը Սիբիրի տուրիստական ամենակարևոր կենտրոններից մեկն է, որը պատմությանը հայտնի է որպես Նիկոլայ 2-րդի ցարական ընտանիքի աքսորավայր: 

«Արմենպրես»-ին հնարավորություն էր տրվել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ և Տյումենի մարզի զբոսաշրջության գործակալություն հովանավորությամբ այցելել քաղաք, ծանոթանալ գլխավոր տեսարժան վայրերին, բացահայտել Տոբոլսկի յուրահատկությունները:

Կենտրոնական Ռուսաստանի բնակիչների համար Տոբոլսկ տանող ճանապարհը հիմնականում սկսվում է Տյումենից։ Սիբիրի «մայրաքաղաք» Տյումենից մինչև Տոբոլսկ հնարավոր է հասնել 3 ժամում: Այստեղ ավելի քան 100 հազար մարդ է ապրում։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքը փոքր է՝ այստեղ 3-4 օր է անհրաժեշտ  տեսարժան վայրերին, կարևոր իրադարձություններին, թանգարաններին ծանոթանալու համար:

Տոբոլսկը համարվում է «սիբիրյան քաղաքների հայրը», որը հիմնադրվել է 1587 թվականին և ունի առավել քան 400 տարվա հարուստ պատմություն: Քաղաքի հետ են ասոցացվում մի շարք հետաքրքրաշարժ դեմքեր և դեպքեր:

 

Թանգարանային անսամբլ- Տոբոլսկի Կրեմլը՝ բանտից մինչև թանգարան  

18-րդ դարի սկզբին` քարե Կրեմլի կառուցումից առաջ, այս վայրում կանգնած էին նրա փայտե «նախնիները»։ Առաջին փայտե ամրոցը կառուցվել է հիմնադրումից անմիջապես հետո՝ 1594 թվականին։ Նախկինում քաղաքում բոլոր շենքերը փայտե էին: Փայտե Կրեմլը բազմիցս այրվել է՝ ոչ ավել, ոչ պակաս՝ վեց անգամ:

Վերջապես 18-րդ դարի սկզբին Սեմյոն Ռեմեզովի ղեկավարությամբ կառուցվեց հոյակերտ քարե Կրեմլը, որը համալրվեց նորանոր շենքերով։ Առաջին հայացքից թանգարանային անսամբլը կարելի է մեկ օրում ուսումնասիրել. ամբողջը ոտքով քայլելու ճանապարհներ են, բայց…

Բանտային ամրոցը, Փոխարքայի ամրոցը (Дворец Наместника), հյուրանոցային համալիրը, եպիսկոպոսների տունը և այլ հետաքրքիր շինություններն ու հուշարձաններն այս փոքր տարածքում ամբողջությամբ ուսումնասիրելու և հասկանալու համար օրեր  են անհրաժեշտ: 

 

Փոխարքայի ամրոց

Այս համալիրի ցուցադրությունը, որը նվիրված է Սիբիրի կառավարման պատմությանը, թանգարանային անսամբլի կենտրոնական մասն է։ Շենքը, որտեղ գտնվում է թանգարանային համալիրը, իր պատմությունը սկսել է 1700-ականներին:

Տոբոլսկը ոչ միայն շենք-շինությունների, այլև մեծանուն մարդկանց քաղաք է: Այստեղ է ծնվել քիմիայի  պարբերական աղյուսակի ստեղծող Դմիտրի Մենդելեևը․ եթե Տոբոլսկի մասին իր պատմություններով դժվար է հիշել, ապա Մենդելեևը կարող է լինել այն մեկը, որը կստիպի չմառանալ այս քաղաքի մասին: 

Դմիտրի Իվանովի Մենդելեևը և Տոբոլսկի այս ամրոցը, չնայած պատկանում են պատմության տարբեր ոլորտներին, այնուամենայնիվ, միահյուսված են այս եզակի քաղաքի մշակութային ժառանգության համատեքստում: Այս եռահարկ թանգարանի սրահներից մեկը նվիրված է հենց քիմիկոսին: 

Թանգարանային համալիրի կենտրոնում եզակի հնարավորություն է ընձեռվում խորասուզվել Սիբիրի կառավարման պատմության մեջ: Թերևս, այս պատերի մեջ, որտեղ կարևոր որոշումներ էին կայացվում տարածաշրջանի զարգացման համար, հնչում էին ինչպես ականավոր կառավարիչների, այնպես էլ գիտական հանճարների անուններ։

 

Բանտային ամրոց

Մութ սենյակներ, հատուկ պատժամիջոցներ ու տանջելու գործիքներ, նեղ միջանցքներ ու փոքր բանտախցեր. Տոբոլսկի բանտային ամրոցը միանգամից բացասական էներգիա հաղորդեց, չէ՞ որ այստեղ տանջամահ անելով շատերին են սպանել: 

380636306_3579981562268844_3893160917111403561_n.jpg (103 KB)

Այստեղ պահվում էին դեկաբրիստները, որոնք փորձում էին տապալել Նիկոլայ Առաջինին, Ռուսաստանում հեղափոխությունների շրջանում (20-րդ դարի սկիզբ) շատ հեղափոխականներ և քաղաքական բանտարկյալներ: Հետագայում այստեղ էին բերվում նաև սովորական հանցագործներ:

Մինչև 1989 թվականն  այն Ռուսաստանի խիստ բանտերից մեկն էր համարվում, այստեղ ամբողջ աշխարհից աքսորյալներ էին ուղարկվում:

Նախկին բանտային շենքում (ներկայումս այստեղ հյուրանոցային համարներ են և թանգարան) կարելի է տեսնել տարբեր խցեր, այդ թվում՝ մենախցեր, որոնցից շատերի դռներն անգամ փշերով են պատված: Այստեղ քնել հնարավոր է եղել միայն գիշերը, իսկ առավոտյան բանտարկյալները պետք է կանգնած լինեին: Մենախցերում սովորաբար պահվել են ծանր հանցագործները՝ բռնաբարություն, դաժան սպանություններ և այլն: 

387621302_6902196799860394_3174376587500119156_n.jpg (95 KB)

Ընդհանուր խցերում հնարավոր է ծանոթանալ բանտարկյալների առօրյային: Թանգարանում հնարավոր է կարդալ հայտնի աքսորյալների մասին, տեսնել բանտային արհեստանոցներ, աղոթասրահներ և շատ ավելին:

Ի դեպ, հենց այս սարսափ ֆիլմ հիշեցնող թանգարանում կարելի է խաղալ քվեստ խաղ: Անհրաժեշտ է առավելագույնը 2 ժամում փորձել փախչել բանտից: Ամեն ինչ իրականին մոտ, հենց իրական բանտում, ադրենալինի նորմայից ավել արտադրությունն էլ ստիպում է մոռանալ ցուրտը:

 

Սովետական մուլտֆիլմերի ոգին ու Բաբա Յագայի պտտվող խրճիթը Աբալակ գյուղում` Իրտիշ գետի բարձր ափին

Տոբոլսկ քաղաքի մոտակայքում գտնվող Աբալակ 800 բնակչությամբ  գյուղում է գտնվում նույնանուն տուրիստական համալիրը: Փայտե ամրոց, հյուրատներ՝ մեկը մեկից տարբերվող, Բաբա Յագայի պտտվող խրճիթը, ռուսական բաղնիքները։

Այստեղ հնարավորություն կա իրագործելու մանկական երազանքներից մեկը՝ լինել Բաբա Յագայի տանն ու պտտվել դրա մեջ, ինչպես պատկերվում է հենց մուլտֆիլմերում: 

Տուրիստական համալիրը գործում է ամբողջ տարին։ Համալիրի տարածքում անցկացվում են միջոցառումներ, որոնցից ամենամեծը «Աբալակի դաշտ» պատմական վերակառուցման միջազգային փառատոնն է:

 

Թագավորական սպասք, ձեռագրեր և օրիգինալ լուսանկարներ. Նիկոլայ 2-րդի աքսորավայրը Տոբոլսկում 

Նիկոլայ II-ի ընտանիքի նամակները, օրագրերը, կենցաղային իրերը և մրցանակները, պատկերավոր պատմությունը. ահա թե ինչեր կարելի է տեսնել և ծանոթանալ Տոբոլսկում գտնվող այս թանգարանում: 

Այն շենքը, որտեղ գտնվում է Նիկոլայ 2-րդի թանգարանը, տեղացիները կոչում են նահանգապետի տուն. 20-րդ դարի վերջին այստեղ եղել է գեներալ-նահանգապետի նստավայրը: Ռոմանովների ընտանիքը հաճախ էր այցելում այս տուն ՝ ճանապարհորդելով Սիբիրում։ Փետրվարյան հեղափոխության ավարտից հետո առանձնատունը դատարկ էր, իսկ 1917 թվականի օգոստոսից մինչև 1918 թվականի ապրիլը նահանգապետի տունը դարձավ այն վայրը, որտեղ ժամանակավորապես բանտարկվեց Նիկոլայ 2-րդի ընտանիքը։ Այդ իսկ պատճառով այս շենքը անքակտելիորեն կապված է Ռոմանովների ողբերգական ճակատագրի հետ։

Սրահներում առավելագույնս արտացոլված է ոչ միայն ցարական ընտանիքի կենցաղը, այլև ցարի աշխատանքային առօրյան։ Այստեղ կարելի է ականատես լինել Ռոմանովների ընտանիքի բանտարկության ողջ ողբերգությանը:

Այստեղ կարելի է անդրադառնալ Նիկոլայ 2-րդի և Գրիգորի Ռասպուտինի կապին, քանի որ մեր հաջորդ կանգառը լինելու է Ռասպուտինի թանգարանը, որը, չնայած Տոբոլսկից դուրս է, սակայն քաղաքի հյուրերը պարտադիր այցելում են այստեղ: 

Ռասպուտինի ծանոթությունը Ռոմանովների ընտանիքի հետ սկսվել է 1905 թվականին, երբ Ալեքսանդրան, որը տառապում էր իր որդու՝ Ալեքսեյի (գահի ժառանգորդ) ծանր հիվանդության պատճառով, օգնության խնդրանքով դիմում է նրան։ Ենթադրվում է, որ Ռասպուտինը ազդեցություն է ունեցել թագավորական ընտանիքի վրա՝ Ալեքսեյին հանգստացնելու միջոցով։ Նրա մեթոդներն ու ազդեցությունը, սակայն, Ռուսաստանի հասարակության մեջ դժգոհություն էին առաջացնում:

 

Սիբիրցի գյուղացուց մինչև Ռոմանովների ընտանիքի վստահված անձ, ապա՝ «սուրբ մարդ» ու չարագործ. Ռասպուտինի թանգարանը ստեղծված կարծիքը կոտրելու վայր

20-րդ դարի սկիզբ. Գրիգորի Ռասպուտինի անունն արագորեն տարածվեց ռուսական հասարակության մեջ՝ սկսելով որպես անհասկանալի սիբիրցի գյուղացուց, վերածվելով թափառական «սուրբ մարդու», իսկ հետո դառնալով ցարի մերձավոր շրջապատի ամենահայտնի դեմքերից մեկը։

Շատերս ենք նայել Դիսնեյի հայտնի «Անաստասիա» մուլտֆիլմն ու Ռասպուտինին հենց այդտեղից առանձնացրել մեզ համար: Իսկ Բոնի էմի Ռասպուտին երգն ուղղակի զվարճանքի համար ենք լսել, չնայած երգի բառերում Ռասպուտինի մասին տարբեր միֆերի ֆոնին կարծիքներ են հնչում: Առեղծվածային, անմահ էա՞կ, սատանա՞, թե՞ Աստված. հարցերի պատասխանները կարելի է լսել 2 ժամանոց թանգարանային էքսկուրսիայում, որը կարծես րոպեներ է տևում: 

Թանգարանն առաջիններից էր, որը ոչ պետական էր համարվում: Այն հիմնադրվել է 1990 թվականին` Սմիրնով ամուսինների կողմից։ Այժմ թանգարանային հավաքածուն ունի բազմաթիվ իրեր, որոնք օգտագործել է ինքը՝ Ռասպուտինը, կամ նրա մերձավոր շրջապատից ինչ-որ մեկը։ Այցելելով տուն-թանգարան, հնարավոր է, փոխեք ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ: Հիմնադիրների խոսքով ՝ Ռասպուտինի տուն-թանգարանի հիմնական նպատակը նրա բարի համբավի վերականգնումն է և նրա հետ հնարավորինս շատ մարդկանց ծանոթությունը։ 

Թանգարանում պահվում են Գրիգորիի և նրա ընտանիքի անձնական իրերը ՝ գրառումներ, սրբապատկերներ, դանակներ, ափսեներ և կահույքի որոշ կտորներ։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում սովորական արտաքինով աթոռը։ Ասում են՝ նա, ով նստում է դրա վրա, ավելի հաջողակ է դառնում կարիերայում: Տանը կարող եք գտնել նաև հին փաստաթղթեր և լուսանկարներ: 

 382559822_875432603847676_7869834241440729494_n.jpg (201 KB)

Տոբոլսկն ու հայերը

Տոբոլսկի Սուրբ Երրորդության տաճարը հայտնի է երգեհոնային երաժշտության համերգներով: Եկեղեցու պատմության մեջ իրենց հետքն են թողել մեր հայրենակիցները՝ երաժիշտ Հայկ Հովհաննիսյանը, որը նաև եկեղեցու այլ աշխատանքներում է ներգրաված և նրա հայրը:  

Հովհաննիսյանը Կապանից է՝ 35 տարեկան։ Նա 5 տարեկանից տեղափոխվել է Ռուսաստան: Պատմում է՝ հայրը տաճարի վերականգման աշխատանքներին է մասնակցել, պատերը զարդանախշել ու հենց այդտեղից էլ սկսվել է իր ծառայությունը եկեղեցում: Տիրապետել է ֆորտեպիանո գործիքին, հետո հասկացել՝ ստեղնաշարերը համընկնում են երգեհոնին, ու սկսել է նաև այս գործիքը նվագել:

«Ավելի քան 25 տարի զբաղվում եմ երաժշտությամբ: Գործիքն այստեղ Գերմանիայից է տեղափոխվել 2014 թվականին։ Հենց այդ ժամանակից սկսած՝ «ապրում եմ» այս գործիքի հետ:Այստեղ օգնում եմ եկեղեցուն, ինչով կարող եմ»,- պատմեց երաժիշտը:

Ասում է՝ Հայաստան գալու մեծ երազանքներ ունի: Իսկ մեր այցի ժամանակ  երգեհոնով հնչեցրեց Արամ Խաչատրյանի և մի շարք հայ կոմպոզիտորների գործեր:

MXO_1411.jpg (422 KB)

Տոբոլսկ քաղաքի հայ համայնքի փոխնախագահ Հակոբ Ասլանյանը նշեց՝ քաղաքում 600 հայ է բնակվում, այստեղ 2016-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար են տեղադրել, 2021-ին` ցայտաղբյուր բացել: Նպատակ ունեն մշակութային կենտրոն ստեղծել, հայկական դպրոցի կարիք են զգում: Առաջիկայում այս խնդրի լուծում են խոստանում: 

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Պատրաստեց` Կարինե Տերտերյանը

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am