Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է խոսել Պուտինի հետ Հռոմի ստատուտի առնչությամբ

Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է խոսել Պուտինի հետ Հռոմի ստատուտի 
առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ ինչ է ասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ստատուտի վավերացումը դիտարկվում է որպես Ռուսաստանի դեմ արված քայլ:

Փաշինյանն ընդունեց, որ ընկալման հետ կապված կա խնդիր:

Վարչապետը ներկայացրեց, որ 2020թ. սեպտեմբերից հետո, երբ տեսել են, որ համակարգերը չեն գործում, սկսել են փնտրել, թե էլ ինչ գործոններ կան, որոնք կարող են նպաստել Հայաստանի անվտանգության ապահովմանը:

«Եվ տեսանք, որ ունենք ստորագրած Հռոմի ստատուտ, որն, իմիջիայլոց, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ստորագրել է: Եվ մենք տեսանք նաև, որ ժամանակին Սահմանադրական դատարանը դա Սահմանադրությանը հակասող է ճանաչել: Բայց, հաշվի առնելով փաստը, որ այդ որոշումից հետո երկու անգամ Հայաստանում Սահմանադրություն է փոխվել, որոշեցինք նորից դիմել Սահմանադրական դատարան, դա 2022թ. դեկտեմբերին էր: Մեր օրենսդրությամբ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի երեք ամսվա ընթացքում: Եվ Սահմանադրական դատարանի երեք ամիսը լրացավ մի ժամանակ, երբ Միջազգային քրեական դատարանը որոշում կայացրեց ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, նույն օրերին է դա տեղի ունեցել: Թվում է, թե ակնհայտ համընկնում է չէ՞: Հաագայի դատարանը կայացնում է որոշում, հաջորդ օրը, թե երկու օր հետո, Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակում է իր որոշումը, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը»,-ասաց Փաշինյանը:

Կառավարությունը 2022թ. դեկտեմբերին է այդ որոշումը կայացրել և Ռուսաստանի Դաշնությունից այդ կապակցությամբ որևէ ազդակ չի ունեցել, որ դա կարող է խնդիր դառնալ: Ըստ վարչապետի՝ Հայաստանն այդ ազդակն ունեցել է այն պահին, երբ արդեն գնացքը շարժված է եղել, և այդ գնացքն, անխուսափելիորեն, պետք է տեղ հասներ:

«Եվ ակնհայտ է, որ դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետ: Ավելին՝ մենք նույն իրավակարգավորումը, ինչ, որ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, առաջարկել ենք ունենալ նաև Ռուսաստանի Դաշնության հետ»,-ասաց նա:

Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի համաձայնագիր, որ այդ միջազգային  իրավական գործընթացներում ֆիքսված հարաբերությունները չեն ազդում երկկողմ հարաբերությունների վրա: Եվ Հռոմի կանոնադրությունն այդ հնարավորությունը տալիս է:

«Հռոմի ստատուտն ասում է՝ կարող ես լինել այդ օրգանիզմի հետ օրգանի անդամ, բայց դու երկրների հետ կարող ես պայմանավորվել, որ ձեր հարաբերություններն այլ կերպ են կարգավորվում: Մենք՝ որպես  գործընկեր, կարծում եմ շատ ազնիվ ենք: Իմիջիայլոց, այդ թեմայով ես դեռևս մարտին ինքս նախաձեռնել եմ, զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, ասել եմ՝ հասկանում եմ, որ համընկնումներն առաջին հայացքից ցցուն են, բայց գործընթացն այս է, և դա ստուգելի է: Եվ իմ տպավորությունը եղել է այն, որ ըմբռնում կա, և մենք շարունակել ենք գործընթացը»,-ասաց վարչապետը:

Հայաստանի ազգային ժողովը Հռոմի ստատուտը վավերացրել է հոկտեմբերի 3-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am