Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Փաշինյանը կասկածներ ունի, որ Ալիևը փորձում է չեզոքացնել ԵՄ-ի հովանո ներքո պայմանավորված սկզբունքները

Փաշինյանը կասկածներ ունի, որ Ալիևը փորձում է չեզոքացնել ԵՄ-ի հովանո ներքո 
պայմանավորված սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին Վրաստանը որպես բանակցությունների հարթակ դիտարկելու վերաբերյալ։  Փաշինյանն ընդգծել է, որ հիմա, երբ քննարկվում է Բրյուսելում հանդիպելու հարցը, որտեղ, ըստ էության, շրջանակ կա ընդգծելու, Ադրբեջանը փորձում է այլ հարթակ առաջարկել, ինչը կարող է մեկնաբանվել, որ այլ հարթակ տեղափոխելով՝ ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ՀՀ վարչապետն ասել է Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Գրանադայում տեղի ունեցավ հանդիպում, և Եվրամիության հարթակում արձանագրվեցին սկզբունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ մեր և Եվրամիության տեսանկյունից: Հիմա հասկանալի է, որ Բրյուսելում, երբ մենք հանդիպենք, խոսակցությունը պետք է տեղի ունենա այս սկզբունքների շրջանակում, որը, ես չեմ ասի, որ համապատասխանում է միայն Հայաստանի Հանրապետության շահերին: Հայաստանի Հանրապետությունն ընդունել է դա և, իմիջիայլոց, Ադրբեջանն էլ է ընդունել: Եվ հիմա, երբ քննարկում ենք Բրյուսելում հանդիպելու հարցը, որտեղ, ըստ էության, շրջանակ ունենք ընդգծելու, և երբ Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեզ մոտ մեկնաբանվել, որ Ադրբեջանն այլ հարթակ տեղափոխելով՝ ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել»,-նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է ամրագրվեն, ստորագրվեն, հայտարարվեն այն սկզբունքները, որոնցով պարզ կլինի, թե ինչ շրջանակում է խոսակցությունն ընթանում և որն է լինելու դրա արդյունքը: Ըստ վարչապետի՝ երբ այդ հարցերի պատասխանը տալու փոխարեն այլ հարթակներ են առաջարկում, ըստ էության, տպավորություն է, որ առաջարկում են այդ սկզբունքները դուրս մղել։ 

Փաշինյանը հավելեց, որ այն մտավախությունները, թե կարող է այդ գործընթացի  թաքնված պլանը լինել այն, որ այդ ամենը կավարտվի ուժի գործադրմամբ՝ նոր պատերազմով, նոր էսկալացիայով, խորանում են:

«Մենք դեմ չենք որևէ խոսակցության, բայց մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի արդեն իսկ պայմանավորված սկզբունքների շրջանակից»,-ընդգծեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am