Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Դոլարի փոխարժեքի բարձրացման հիմնական պատճառը խուճապն է. փորձագետը մատնանշել է հնարավոր հետևանքները

Դոլարի փոխարժեքի բարձրացման հիմնական պատճառը խուճապն է. փորձագետը 
մատնանշել է հնարավոր հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին օրերին դոլարի փոխարժեքը կտրուկ աճում է, վերջին տվյալներով՝ այն հասել է ընդհուպ 429 դրամի։  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը սա հիմնականում կապում է խուճապի հետ: ԼՂ-ում Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ որոշակի սպասումներ են ձևավորել, որոնք խուճապի տեսքով փոխանցվում են ֆինանսական շուկային:

Փորձագետն «Արմենպրես»-ի հետ զրույցում նաև ընդգծեց, որ ներքին շուկայում փոխարժեքը ձևավորում է դրամ-դոլար փոխարժեքը, եվրոն միջազգայինի հիման վրա է ձևավորվում: Եթե դոլարն աճում է, եվրոն ընթացքում աճելու է:

«Դոլարի փոխարժեքի բարձրացման հիմնական պատճառը, իրականում, խուճապն է: Պատերազմից հետո քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ որոշակի սպասումներ են ձևավորում, որոնք փոխանցվում են նաև ֆինանսական շուկային՝ խուճապի տեսքով: Ենթադրում ենք նաև, որ որոշակի պահանջարկ կա Արցախից եկած մեր հայրենակիցների կողմից,  որոշակի անորոշության պայմաններում, բնականաբար, պետք է փորձեին արտարժույթ ձեռք բերել. ենթադրենք մի մասը չեն ուզելու Հայաստանում մնալ և այլն: Այս գործոններն իրար գումարվում են»,-ասաց փորձագետը:

Դոլարի փոխարժեքի բարձրացման տեմպն արագացնում է նաև այն, որ ամեն անգամ, երբ Հայաստանում փոխարժեքի բարձրացում է տեղի ունենում, նոր պահանջարկ է ձևավորվում խուճապի հետևանքով: Եվ ամեն հաջորդ բարձրացումն ավելի է խորացնում իրավիճակը:

«Այսպիսով՝ պատճառները հիմնականում խուճապը, սպասումներն են: Եվ իրական հիմքի վրա գործոններն այնքան քիչ էին, որ, չեմ կարծում, թե դրանք կարող էին էապես ազդել այս ձևով բարձրացման վրա»,-հավելեց Աղաբեկյանը:

Rate.am կայքի վերջին տվյալների համաձայն՝ բանկերում դոլարի վաճառքի նվազագույն գինը եղել է 418 դրամ, առավելագույնը՝ 430, միջինը՝ 422: Բանկերը ստիպված բարձրացնում են փոխարժեքը՝ այսպես ասած, պահանջարկը զսպելու համար:

Փորձագետը, սակայն, տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկը հոկտեմբերի 4-ին որոշակիորեն միջամտել է, դոլարի որոշակի վաճառք է արել, որ կայունացնի վիճակը: Այսպիսով՝ նա ենթադրում է, որ սա ազդեցություն կունենա: Բայց, թե ինչ փոխարժեքի վրա նոր հավասարակշռություն կձևավորվի, փոխարժեքն ինչ մակարդակում կանգ կառնի կամ ինչ տեմպերով կգնա, դժվար է ասել:

«Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե շուկան ինչպես կարձագանքի ԿԲ-ի գործողություններին, դա կբերի՞ կանգի կամ որոշակիորեն խուճապի նվազման: Շատ դեպքերում դա կարող է չբավարարել: Սակայն այն տեմպերով, որով աճում է, ենթադրում եմ, որ չի լինի: Ենթադրում եմ, որ իրավիճակի որոշակի կայունացում կտեսնենք»,-նշեց Աղաբեկյանը:

Իսկ թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են լինել, եթե դոլարի փոխարժեքի բարձրացումը շարունակվի ՝ փորձագետն ասաց, որ դա ազդեցություն կունենա ներմուծողների վրա, կբերի որոշակի գնաճի: «Մեր տնտեսությունը ներմուծման վրա է, և դա մեծ գնաճ կարող է առաջացնել»,-հավելեց փորձագետը:

Հոկտեմբերի 4-ին ԿԲ-ի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 15.69 դրամով և կազմել 429.14 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 17.64 դրամով և կազմել 450.73 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 4.31 դրամ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am