Քաղաքականություն

Եթե Ադրբեջանը վերահաստատի իր հավատարմությունը երեք սկզբունքներին, կարող ենք համարել խաղաղությունը կայացած․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Եթե Ադրբեջանը վերահաստատի իր հավատարմությունը երեք սկզբունքներին, կարող ենք համարել խաղաղությունը կայացած․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում շարունակել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը՝ նշելով, որ այն պետք է շարունակվի երեք առանցքային սկզբունքների հիման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ սկզբունքները արձանագրվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, որը արել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Այդ սկզբունքները հետևյալն են․ առաջինը՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քկմ․ է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քկմ․։

Երկրորդ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար։ Շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի և համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դելիմիտացիան և դեմարկացիան։ Մեր կարծիքն այն է, որ դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չի, որ այս հարցում մեր այդ դիրքորոշումը շատ կարծր է։ Օրինակ՝ 1975 թվականից հետո էլ եղել են քարտեզներ, որոնք մեծ հաշվով 1975 թվականի վերարտադրությունն են։

Երրորդ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի են ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա։

Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը հրապարակային նշված սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումն ընդամենը կարճ ժամանակի հարց է»,- ընդգծեց Փաշինյանը։

Սակայն վարչապետը խնդրահարույց է համարում այն, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները չեն վերահաստատել իրենց հավատարմությունը նշված սկզբունքներին։

« Այդ ամենը կասկածներ է առաջ բերում, որ իրականում նրանք խաղաղություն ասելով նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո։

Որ օրը Ադրբեջանը հայտարարի, որ վերահաստատում են իրենց հավատարմությունը իմ նշած երեք սկզբունքներին, մենք կարող ենք համարել գործնականում խաղաղությունը կայացած»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ այդ սկզբունքները կային նաև այն պայմանագրում, որն ինքը պատրաստվում էր ստորագրել Գրանադայում։

«Դա է ամենակարևորը, առանց այդ երեք սկզբունքների ինչ էլ ստորագրենք, կլինի քաղաքավարական հայտարարություն։ Դա է հիմնաքարը։ Ես ոչ միայն կստորագրեի, այլև ժողովրդին վստահ կդիմեի, կասեի, որ մենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում ճանապարհի մոտ 70 տոկոսն անցել ենք», - նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ դա խաղաղության ճանապարհի ամենադժվար մասը կլիներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում