Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Սասուն Խաչատրյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպման ընթացքում կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցային կապերի ամրապնդումը

Սասուն Խաչատրյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպման 
ընթացքում կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցային 
կապերի ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ողջունելով դեսպանին՝ Սասուն Խաչատրյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և ներկայացրել Կոմիտեի նախորդ երկու տարվա գործունեության արդյունքները:

Սասուն Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ մեկ կառույցի կողմից օպերատիվ և քննչական աշխատանքների կազմակերպմամբ ու իրականացմամբ, ինչպես նաև կոռուպցիոն դեպքերի բացահայտման գործում պետական մյուս մարմինների հետ ակտիվ համագործակցությամբ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով Եվրամիության հետ արդեն իսկ առկա համագործակցային կապերի ամրապնդումը: Քննարկվել են այդ համագործակցության շրջանակում առաջիկայում առավել առարկայական ու կոնկրետ քայլերի իրագործման հնարավորությունները:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն պատասխանատվություն է ստանձնել աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը: Ուստի կողմերը համաձայնության են եկել՝ հստակեցնել համատեղ ծրագրերի իրականացման գործնական քայլերը, ինչպես նաև դիտարկել եվրոպական լավագույն փորձի ներդրման միջոցով առավել արդյունավետ համագործակցություն զարգացնելու հեռանկարները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am