Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա, սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է. ՀՀ վարչապետ

Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա, սա էթնիկ զտման և հայրենազրկման 
ուղղակի ակտ է. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ԼՂ-ի հայության ելքը շարունակվում է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում ենք միջազգային հանրությանը: ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները միջազգային տարբեր խաղացողների կողմից կարևոր են, բայց եթե դրան չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն»,- նշեց վարչապետը: 

Նա շեշտեց` առանց կոնկրետ գործողությունների և զուտ հայտարարություններով միջազգային տարբեր երկրներ իրենց՝ այս հանցագործությունից պաշտոնապես տարանջատելու հնարավորություն են փորձում ունենալ, որ կարողանան ասել` դե՝ մենք դատապարտել ենք։

«Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական  բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողներին համաձայնվելու ակտեր: Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարությանը, մեր այսօրվա առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված քույրերին և եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»,- ընդգծեց վարչապետը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am