Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցու պատարագն այս տարի անցկացվեց ավելի մեծաքանակ մարդկանց ներկայությամբ

Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցու պատարագն այս տարի անցկացվեց 
ավելի մեծաքանակ մարդկանց ներկայությամբ

ՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանա լճի Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցում կայացավ հերթական պատարագը, որն, ի տարբերություն նախորդ տարվա, իր վրա էր սևեռել ավելի մեծ ուշադրություն:

van1.jpg (217 KB)

Եկեղեցու վերանորոգումից հետո Թուրքիայի կառավարությունը տևական ժամանակ հրաժարվում էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, բայց ի վերջո տեղի տվեց, քանի որ ամբողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել, ու թեև ս. Խաչ եկեղեցին սկսել է գործել որպես թանգարան, այդուհանդերձ թուրքական իշխանությունները թույլատրում են տարին մեկ անգամ այնտեղ անցկացնել պատարագ:

van11.jpg (127 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարվա պատարագի կապակցությամբ անվտանգության միջոցառումներն աննախադեպ էին: Թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Հայաստանից ժամանածներին ուղեկցում էին դեռ հյուրանոցներից, իսկ կղզում ուժեղացված պարեկություն էին իրականացնում տասնյակ ոստիկաններ, որպեսզի կանխարգելեին հնարավոր անախորժությունները տեղաբնակ ծայրահեղական թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից: Կղզու վերևում ողջ պատարագի ընթացքում պտտվում էր ոստիկանության ուղղաթիռը:

van2.jpg (276 KB)

Բարեբախտաբար, միջադեպեր չգրանցվեցին և արարողությունն անցավ բնականոն հունով, որին, ի դեպ, մասնակցեցին ոչ միայն հայեր, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, ինչպես նաև տեղաբնակ քրդեր և թուրքեր: Հավաքվածներն այնքան շատ էին, որ պատարագը նախ մեկնարկեց ներսում, այնուհետև շարունակվեց եկեղեցու բակում՝ նույն ծիսակարգով, ինչից ներկաները ստացան մեծ բավականություն:

Պատարագից հետո «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք, գերաշնորհ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ասաց. «Մեզ համար մեծ առավելություն և մենաշնորհ է ս.Խաչ եկեղեցու մեջ պատարագ մատուցելը: Սա հազար հարյուր տարվա պատմություն ունեցող հոգևոր և մշակութային արժեք է, ու թեև այժմ կարգավիճակով թանգարան է, սակայն հատուկ արտոնության շնորհիվ տարին մեկ անգամ այստեղ մատուցվում է սուրբ պատարագ: Փառք Աստծո, որ ունենք նման հնարավորություն: Ս. Խաչն ամբողջ Արևելյան Անատոլիայի մեջ միակ եկեղեցին է, որի գմբեթի վրա խաչ կա, հետևաբար դա ինքնին մեծ վկայություն է»: 

van4.jpg (300 KB)

Սրբազանը նշեց, որ մարդիկ տարբեր զգացումներ ունեն՝ լինեն պաշտոնյաներ, թե ուխտավորներ, իսկ հոգևորականների համար օրն իսկապես փառավոր էր: Նա տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում Աղթամար կղզի է այցելում մոտ մեկ միլիոն մարդ:

«Երբ մարդիկ լռում են, խոսում են քարերը: Կղզու վրա գտնվելու հանգամանքը չի խանգարել, որպեսզի եկեղեցին լավ պահպանված մնա, որտեղ հանուն ողջ հայության մատուցեցինք երկար սպասված պատարագը՝ հոգևոր կապ ստեղծելով ներկաների ու մեր նախնիների միջև: Նրանց օրհնությունը մեր վրա է, ում մշտապես հիշում ենք մեր աղոթքներում, իսկ պատարագն իր հերթին մեծ շնորհ է բերում համայն հայությանը»,- ասաց արքեպիսկոպոս Մաշալյանը:

van5.jpg (338 KB)

Անդրադառնալով հարցին, թե ինչ է արվում, որպեսզի ս. Խաչում պատարագ մատուցվի ավելի հաճախակի, պատրիարքը նշեց, որ Վանում և շրջակա բնակավայրերում շատ քրիստոնյա հայեր չեն ապրում: Բացի դրանից, եկեղեցին ունի թանգարանի կարգավիճակ, հետևաբար գտնվում է նաև միջազգային կառույցների հատուկ հոգածության ներքո և չի ընկալվում որպես կանոնավոր գործող տաճար: Պատրիարքն ասաց, որ մեկանգամյա պատարագն առայժմ բավարար է:

Խոսելով Թուրքիայի տարածքում գտնվող բազմաթիվ լքված ու կիսաքանդ հայկական եկեղեցիների մասին՝ արքեպիսկոպոս Մաշալյանն ընդգծեց, որ Պոլսո պատրիարքարանն այդ շինություններն իր հովանու տակ վերցնելու իրավունք չունի, իսկ կառավարությունը, եթե միջոցներ ունի, որոշակի վերականգնողական գործողություններ է իրականացնում: Նրա պնդմամբ՝ հին եկեղեցիների վերանորոգումն ավելի թանկ է, քան նոր վանքերի կառուցումը, ուստի այդ հարցում անհրաժեշտ են Թուրքիայի և Հայաստանի համատեղ ջանքերը:

van3.jpg (327 KB)

Պատրիարքը հարցազրույցից հետո միացավ դրսում իրեն սպասող բազմաթիվ ուխտավորներին և անմիջականորեն զրուցեց նրանց հետ՝ իր օրհնությունը փոխանցելով ներկաներին: Ի դեպ, մեր ամենաակտիվ հայրենակիցներից է Արտամետի բնակչուհի Գայանե Գևորգյանը, ում համար սուրբ պատարագն իսկապես աննկարագրելի իրադարձություն է, որին միշտ սպասում է անթաքույց հուզմունքով: Նա ս. Խաչի վերաբացումից ի վեր ակտիվորեն լծված է եկեղեցու շրջակայքը բարելավելու աշխատանքներին և այդ նպատակով մշտապես կապի մեջ է Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հետ: Գայանեն ամեն անգամ մեծ ոգևորությամբ Աղթամարի կղզի է ուղեկցում Թուրքիայի տարբեր շրջաններից և Հայաստանից ժամանող հայրենակիցներին: Պատրաստվում է հիմնել հասարակական կազմակերպություն՝ համայնքի աշխատանքներին նոր լիցք հաղորդելու համար: 

Հայաստանից ժամանածների թվում էր նաև հայտնի մտավորական, բանաստեղծ Հուսիկ Արան: Նա արմատներով վանեցի է, քանի որ մայրական կողմի պապը Վան նահանգի Աղբակ գավառից է, ժամանակին մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին, կորցրել պայքարի բովում նահատակված հորն ու եղբայրներին:

van9.jpg (171 KB)

«Ինձ այստեղ ամենևին օտար չեմ զգում, գուցե արյան կանչն է խոսում կամ գենը, և այնպիսի տպավորություն է, որ տեղաբնակներն են զբոսաշրջիկներ, իսկ ես գտնվում եմ հարազատ տանիքի ներքո, ուր, կարծես, ապրել եմ մշտապես: Մեր էթնոսը ձևավորվել է հենց Վանում: Լիճը, Արարատը մեր հոգեկերտվածքի անբեկանելի մասն են, մեզնից յուրաքանչյուրի մեջ են: Իսկ պատարագն առհասարակ աննկարագրելի զգացումներ առաջացրեց: Սքանչելի եկեղեցու կամարների ներքո տեղի ունեցավ երկար սպասված արարողությունը, մասնակցեցի նաև հաղորդությանն ու ճաշակեցի նշխարը»,-ասաց Հուսիկ Արան:

Բանաստեղծը հայտնեց, որ այս օրերին շրջելով Արևմտյան Հայաստանի պատմական վայրերով՝ կատարել է գրառումներ, որոնցից շուտով կծնվեն նոր ստեղծագործություններ՝ իրենց մեջ ամփոփելով հատկապես Աղթամարի կղզում տարին մեկ անգամ նշվող սուրբ պատարագի խորհուրդը:

Մանվել Մարգարյան  

 

      

    

  

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]