Տնտեսություն

Վերաարտահանման հնարավոր սահմանափակումները ՀՀ-ի ՀՆԱ-ի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն. Քերոբյան

2 րոպեի ընթերցում

Վերաարտահանման հնարավոր սահմանափակումները ՀՀ-ի ՀՆԱ-ի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանափակումները, որոնք կարող են առաջիկայում լինել ապրանքների վերաարտահանման վրա, Հայաստանի այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցերին:

Հայաստանում նկատված տնտեսական ակտիվության բարձր տեմպը պատգամավորը կապեց հիմնականում արտաքին ժամանակավոր գործոնների հետ՝ նկատելով, որ երկրորդ կիսամյակում նկատվում է տնտեսական ակտիվության աճի տեմպի էական նվազում՝ այն ֆոնին, երբ քննարկվում է Ռուսաստանի հետ վերաարտահանման սահմանափակումների խնդիրը:

«Մենք այս «ոսկե շրջանն» ավարտեցի՞նք, այլևս այդ գործոնը չկա՞, թե՞ որոշակի հնարավորություն կա նորից բարձր երկնիշ տնտեսական ակտիվություն ունենալու»,-հարցրեց պատգամավորը:

Նախարար Վահան Քերոբյանը պատասխանեց. «Առաջին 7 ամիսների տնտեսական աճի արդյունքներն անհամեմատ ավելի բարձր են, քան կառավարության՝ 2023-ի բյուջեով դրված թիրախները: Մեր կանխատեսումներն այս տարվա համար մեզ վստահություն են տալիս, որ մենք, այնուամենայնիվ, կգերակատարենք կառավարության բյուջեով հաստատած թիրախները: Կառավարությունն իր ծրագրի իրականացման ընթացքում նաև կապահովի հաջորդ տարիների նախանշած տնտեսական աճի ցուցանիշները, խոսքը 7 տոկոս տնտեսական աճի մասին է»:

Անդրադառնալով արտահանմանը՝ նախարարն ասաց, որ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ծառայությունների և ապրանքների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է մոտ 57 տոկոս, որը ռեկորդային է:

«Մեր կարծիքով՝ այն սահմանափակումները, որոնք կարող են առաջիկայում լինել ապրանքների վերաարտահանման վրա, Հայաստանի 2023 թ ՀՆԱ-ի ցուցանիշի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ պատգամավորի մտահոգության առիթը մեծ ազդեցություն չունի ՀՀ-ի ՀՆԱ-ի վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում