Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

«ՆովԷյր» ավիաընկերությունն օգոստոսի 19-ին ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Կապան-Երևան երթուղով

«ՆովԷյր» ավիաընկերությունն օգոստոսի 19-ին ուղևորափոխադրում 
կիրականացնի Երևան-Կապան-Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, օգոստոսի 19-ին «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երևան երթուղով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Դեռ Խորհրդային ժամանակներից Յակ-40 ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավել չվերթ է իրականացվել։

Այն ժամանակ թռիչքների մոտեցման և վայրէջքի, ինչպես նաև վերթիռի սխեմաները մասամբ անցել են Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օդային տարածքով։

Սակայն այն բանից հետո, երբ 2020 թվականին վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվեցին ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որի մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով:

Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը և տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ: Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ: 

 «Ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։

Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ/կամ Ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր»,- հայտնել էին ՀՀ ԱԱԾ-ից: 

Կրակոցներից ժամեր առաջ Երևանից Կապան ավիաչվերթով Սյունիքի մարզ էր ժամանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի այցի ընթացքում հայտարարվել էր, որ հաջորդ շաբաթվանից տրվելու է Երևան-Կապան կանոնավոր ավիաչվերթերի մեկնարկը։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am