Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության պատգամ․ Գյումրիում տրվեց Համահայկական 8-րդ խաղերի մեկնարկը

Միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության պատգամ․ Գյումրիում 
տրվեց Համահայկական 8-րդ խաղերի մեկնարկը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկան 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Բացման միջոցառումը մեկնարկեց Համահայկական նախորդ խաղերի մասին պատմող տեղեկատվական հոլովակով։

Այնուհետև բեմ բարձրացավ Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ով նախորդ բոլոր 7 Համահայկական խաղերում պատվիրակությունների շքերթն է ներկայացրել։ Այս անգամ ևս ավանդույթը չխախտվեց։

Մարզադաշտ մտնող պատվիրակություններին ներկայացնելուց առաջ ունեցած կարճ ելույթում Գիլոյանն ընդգծեց, որ Համահայկական մարզական խաղերը կայացած են, դրանք հիանալի են դրսևորել իրենց, մասնակիցների քանակն էլ հետզհետե ավելանում է։ «Այսօր 41 պետության 179 քաղաքի 7161 պատվիրակ ժամանել է Հայաստան և մասնակցելու է Համահայկական 8-րդ ամառային խաղերին»,- նշեց Գիլոյանը։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Այնուհետև մեկնարկեց հանդիսավոր  շքերթը, որի ընթացքում մարզադաշտ մտան Համահայկական 8-րդ ամառային խաղերի մասնակից քաղաքների պատվիրակությունները։

Շքերթին հաջորդեց Համահայկական խաղերի մարզիկի և մրցավարի երդման արարողությունը։ Մարզիկների անունից երդվեց Հովհաննես Մարգարյանը, իսկ մրցավարների անունից՝ Դրաստամատ Մուրադյանը։

Այնուհետև տեղի ունեցավ Համահայկական 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառելու արարողությունը․ գլխավոր ջահը վառեց Եվրոպայի 6-ակի, աշխարհի քառակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը։

Ջահը վառելուց հետո Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը շարունակվեց շքեղ հրավառությամբ։

Համահայկական խաղերի համաշխարհայի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը իր ելույթում նշեց, որ Համահայկական խաղերն այսօր իրավմամբ համարվում են Հայրենիք-սփյուռք կապերի ամենակայուն և գործնական առումով կայացած միջոցառումը։ «Համահայկական խաղերը դարձան միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ այսօրվա և գալիք սերունդների համար։ Համահայկական խաղերը մեծ մարզական տոնի միջոցով հայկականության, հայապահպանության, հայաստանակենտրոն հայության միավորման գաղափար են։ Վստահ եմ՝ ցանկացած բանական մարդ սա հասկանում է»,- նշեց Զաքարյանը։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի կառավարման կազմկոմիտեի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունը իր ելույթում նշեց, որ կառավարական հանձնաժողովը այս ընթացքում ոչ մի ջանք չի խնայել, որպեսզի այս Համահայկական խաղերը լինեն լավագույնը պատմության ընթացքում։ «Կարծում եմ, որ առաջին իսկ օրվանից մեր կողմից դրված բարձր նշաձողը մենք կարողացել ենք պահել, պահելու ենք և օգոստոսի 19-ին արձանագրելու ենք, որ մեր հայրենակիցները, որոնք այստեղ են, հաճույք ստացան Խաղերից, սիրեցին Հայաստանի Հանրապետությունը և հանձն առան վերադառնալ հայրենիք»,- ասաց Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը պարգևատրվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի բարձրագույն՝ Պատվո նշան շքանշանով՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերը լավագույն կազմակերպելու և  աշխատանքները համակարգելու համար։

Այնուհետև ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա այս տոնն առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կամքը հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների։ Այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք մի պատմական շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պետք է մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու և պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի։ Ուզում եմ ողջունել աշխարհի տասնյակ երկրներից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են Հայաստանում, առաջին անգամ են Գյումրիում։  Հույս ունեմ՝ նրանք տեսնում են Գյումրիի նոր վերածնունդը։ Գյումրին  վերածնվում է և վերափոխվում է ամեն օր, և Հայաստանի Հանրապետությունն է վերափոխվում ամեն օր»,- ասաց վարչապետը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am