Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանը հույս ունի, որ միջազգային հանրությունը կմեկտեղի ջանքերը և վերջ կտա ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին

Հայաստանը հույս ունի, որ միջազգային հանրությունը կմեկտեղի ջանքերը և վերջ 
կտա ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջապես արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է ահագնանալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վահան Կոստանյանն այս մասին ասել է Կոռնիձորում՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։    

Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած՝ արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ: Լեռնային Ղարաբաղում շարունակում են ոտնահարվել մարդկանց իրավունքները՝ կյանքի իրավունքը, կրթության իրավունքը, որակյալ առողջապահություն ստանալու իրավունքը:

«Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում նման իրավիճակ կարող է լինել: Եվ դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը՝ մեկ ճակատով փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը, որը ժամ առ ժամ ահագնանում է Լեռնային Ղարաբաղում: Այս 7 ամիսները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն ականջալուր չէ միջազգային հանրության կոչերին՝ բացելու Լաչինի միջանցքը, այլ նաև բացառիկ արհամարհանք է դրսևորում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների նկատմամբ՝ համաձայն որի Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների երկկողմանի անարգել երթևեկությունը՝ ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,-ասաց փոխնախարարը:

Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանը բացատրում է նրանով, թե իբր Լաչինի միջանցքը բաց է ու գործում է՝ որպես ապացույց ներկայացնելով ռուս խաղաղապահ զորախմբի ու ԿԽՄԿ-ի այն հատուկենտ մեքենաները, որոնք անցնում էին Լաչինի միջանցքով մինչև հունիսի 15-ը: Իսկ հունիսի 15-ից հետո միջանցքն ամբողջությամբ արգելափակված է․ վերջին օրերին միայն ԿԽՄԿ-ին հաջողվել է բուժման կարիք ունեցող մի խումբ մարդկանց Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխել: Սա էլ ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում: ՀՀ կառավարության կողմից ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարներն ուղղակի ապացույցն են նրա, որ Ադրբեջանի՝ նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է, իրականության հետ աղերս չունի:

Փոխնախարարը շեշտեց՝ Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունները շատ դժվար կլինի կառուցողական համարել:

«Եվ, ըստ էության, այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանության կողմից և այն գործողությունները, որ տեսնում ենք նրանց կողմից, ցույց են տալիս, որ կա հստակ միտում ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի էթնիկ զտումների: Կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որևէ կերպ ընդունելի լինել չի կարող: Եվ հույս ունեմ, որ այն ամենը, ինչ դուք տեսաք այստեղ, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ: Եվ մենք հույս ունենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով ու գործողություններով, ինչը թույլ կտա ժամ առաջ ապաշրջափակել ազատ և անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,-ասաց Կոստանյանը՝ դիմելով ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am