Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Միկրոձեռնարկատիրության ոլորտում մոտ 35 հազար անձի եկամտահարկի վճարը կավելանա. պատասխանատուները ռիսկեր չեն տեսնում

Միկրոձեռնարկատիրության ոլորտում մոտ 35 հազար անձի եկամտահարկի վճարը 
կավելանա. պատասխանատուները ռիսկեր չեն տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում հուլիսից միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող մոտ 35 հազար անձի համար եկամտահարկի վճարը փոխվել է։ Եթե նախկինում մեկ աշխատողից գանձվում է 5 հազար դրամ, ապա այժմ պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարվի։ Ոլորտում աշխատող միկրոձեռներեցներից շատերն անտրամաբանական են համարում այս փոփոխությունը՝ նշելով, որ մի քանի աշխատող ու մինչև 24 մլն շրջանառություն ունեցողը ևս վճարում է նույն հարկը, մի քանի հարյուր աշխատող ու միլիարդների շրջանառություն ունեցող խոշոր բիզնեսն էլ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ այս փոփոխությունների հիմքում արդարության սկզբունքի վերականգնումն է։

«Այստեղ որևէ ռիսկ չի գեներացվում, այլ հակառակը, ռիսկերը կառավարվում են ու ստեղծվում է ավելի արդար ու հավասար հարկային միջավայր։ Համեմատությունը պետք է կատարել ոչ թե գործատուների տեսանկյունից ու ասել, որ արդար չէ, երբ փոքր ու մեծ շրջանառություն ունեցողները վճարում են նույն հարկը, այլ նայել աշխատողների ու այդ եկամուտը ստացողների տեսակետից։ Պետք է կարևորել այն, որ միևնույն եկամուտը ստացող անձինք վճարեն միատեսակ հարկեր։ Հակառակ պարագայում որևէ կերպ բացատրելի չէ, թե ինչու պետք է 150 հազար դրամ ստացող բուժքույրը վճարի 20 տոկոս եկամտահարկ, իսկ 1 մլն դրամ աշխատավարձ ստացողը վճարի 5 հազար դրամ, միայն նրա համար, որ աշխատում է միկրոձեռներեցության ոլորտում։ Որտե՞ղ է այստեղ արդարությունը»,-ասաց Արման Պողոսյանը։

Նախարարության տվյալների համաձայն՝ ոլորտում առկա է շուրջ 53 հազար միկրոձեռնակատիրության սուբյեկտ, աշխատողների թիվը մոտ 35 հազար է։ Նախնական գնահատականներով, վերը նշված փոփոխություններով պայմանավորված, լրացուցիչ հարկային եկամուտը կիսամյակի համար կլինի 2,5-3,5 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով՝ 5-7 մլրդ դրամ։

Միկրոձեռնարկատիրական սուբյեկտների շուրջ 36 տոկոսը զբաղվում է առևտրով, շուրջ 21 տոկոսը սպասարկման ծառայությունների, 16 տոկոսը մշակող արդյունաբերության ոլորտներում են։ Համեմատաբար քիչ թվով միկրոձեռնարկատերեր կան հանրային սննդի, կացության, փոխադրումներ ոլորտներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am