Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանի ապագայի ճարտարապետության մեջ ՀՀ-ի տեղի և դերի հստակեցումը. Փաշինյան

Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում 
տարածաշրջանի ապագայի ճարտարապետության մեջ ՀՀ-ի տեղի և դերի 
հստակեցումը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն։ Աշխարհակարգը, որը համարվում էր, այդ թվում մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի։ Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ ոք չգիտի։ Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են և աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները տեսանելի և իրական։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նման ուղերձով սկսեց հուլիսի 25-ի իր ասուլիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են և մեզ համար ավանդական Արևելք-Արևմուտք բանաձևերը բավարար չափով չեն գործում։ Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը և իրագործումը և տարածաշրջանի ապագայի ճարտարապետության մեջ ՀՀ-ի տեղի և դերի հստակեցումը»,- ասաց Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանին սահմանակից, այն է՝ Հայաստանը շրջապատող երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի և նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում։ Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է՝ այն ընկալմամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ։

«Այսօրվա ասուլիսը պատեհ համարեցի սկսել հենց այս ուղերձով՝ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել։ Ու չնայած այս պայմաներում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարևոր է ընդգծել խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և մեր կառավարության հավատարմությունն այդ օրակարգին»,- նշեց  վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարման ուղիներին գործնականում ամեն շաբաթ անդրադառնում է և անդրադարձել է Կառավարության նիստերում ունեցած ելույթներում, ուստի այդ թեմային նախընտրեց ասուլիսում անդրադառնալ հարց ու պատասխանի ընթացքում՝ կռահելով, որ հարցերի զգալի հատվածը նվիրված են հենց այդ խնդրին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am