Քաղաքականություն

Միրզոյանը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է խորհրդարանների կողմից ԼՂ խնդիրների բարձրաձայնումը

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է խորհրդարանների կողմից ԼՂ խնդիրների բարձրաձայնումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 14-ին հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի պաշտոնական այցի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև քաղաքական երկխոսության զարգացմանը, երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ:

«Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն՝ ի նպաստ տարբեր բնագավառներում հայ-պորտուգալական համագործակցության զարգացման:

Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը և այդ ուղղությամբ առկա մարտահրավերները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Այս համատեքստում շեշտվել է նաև խորհրդարանական շրջանակների կողմից նշյալ խնդիրների բարձրաձայնման և հստակ գործողությունների հասնելու կարևորությունը:

Նշվում է, որ հարատև խաղաղությանն ուղղված ջանքերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում