Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը հենց ադրբեջանական կողմին է վնաս տալիս, դա ինքնախաբեություն է. ՀՀ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը հենց ադրբեջանական կողմին է վնաս տալիս, դա ինքնախաբեություն է. ՀՀ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կարևոր է, որովհետև այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել, հակառակ դեպքում խնդիրը լուծում չի ստանալու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը մերժում է Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել։

«Կարծում եմ, որ այդ հայտարարությունը հենց ադրբեջանական կողմին է վնաս տալիս։ Նման իրողությունների դեպքում խնդիրը լուծում չի ստանա։ Դա իրականությունից փախչել է, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվի։ Վստահ եմ, որ ինչ-որ փուլի դրան կգան։ Նույնիսկ հիմա, կարծում եմ, որ դա ուղղակի բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և բանակցությունների ժամանակ օգտագործելու համար է արվում։ Իմ տպավորությունն այդպիսին է»,- ասաց Սիմոնյանը։

Ճշգրտող հարցին, թե ի վերջո Ադրբեջանը համաձայնելո՞ւ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կարևոր է, որովհետև այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել։ Դա ինքնախաբեություն է։ Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ ինքնախաբեությամբ զբաղվել։ Այն, ինչը որ մենք հայտարարել ենք, հետամուտենք լինելու այդ հայտարարությանը»,-եզրափակեց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում