Քաղաքականություն

Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը

2 րոպեի ընթերցում

Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի անցակետում հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը։

«Լաչինի միջանցքի միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել ՌԴ խորհրդատվական աջակցությամբ գործարկել երկկողմ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։ Մենք պատրաստ ենք օգնել սահմանագծման և սահմանը որոշելու հարցում, որը կողմերի հերթական կռվախնձորն է դարձել։

Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս նվազեցնել այս կապակցությամբ լրատվամիջոցների հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Նշվում է, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր։

Համացանցում տարածված տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են Ադրբեջանի զինվորականները ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փորձում տեղադրել Ադրբեջանի դրոշը Հակարի կամրջի վրա։

Ավելի ուշ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավածությամբ միջադեպի կապակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում