Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. վարչապետ

Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ 
Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Շուշիի անկման մասին իրեն զեկուցել է նոյեմբերի 7-ի կեսօրին, ինքը հրամայել է հետ վերցնել, մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն իրեն զեկուցել են, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության ներքո է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:

Վարչապետը հիշեցրեց, որ ԱՄՆ միջնորդությամբ հոկտեմբերի 26-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի համաձայնությունը, ինչպես և նախորդները, ևս չի պահվել Ադրբեջանի կողմից:

«Առաջնագծի 90 տոկոսում մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիր ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին և հասել Ջաբրայիլի մատույցներին: Բանակի առջև խնդիր էր դրված՝ կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, քանի որ պատերազմը կանգնեցնելու փորձերը ցույց էին տալիս, որ մինչև ի վիճակի չլինենք կանգնեցնել Ադրբեջանին, հրադադարի հասնելու բոլոր փորձերն անարդյունք են լինելու, կամ էլ պետք է գնանք ցավոտ լուծումների»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ պատերազմը կանգնեցնելու նախորդ բոլոր փորձերը հենց սա են ցույց տվել, դա է եղել պատճառը, որ 2020թ. հոկտեմբերի 26-ին իր «Ֆեյսբուք»-ի էջի ուղիղ եթերում խոսել է ցավոտ փոխզիջումների մասին:

«Բայց ինչքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում: Մյուս կողմից՝ քանի դեռ կանգնուն էր Շուշին, պայքարը ուներ շատ կոնկրետ նպատակ ու մոտիվացիա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ մյուս կողմից էլ վերը նշված բանակցություններից ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է՝ կրկին ոչ միայն խորհրդանշական իմաստով, այլ որովհետև, Շուշին վերցնելով, ադրբեջանցիները փակելու էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանալու գրոհել Ստեփանակերտը և արդեն ոչ միայն ճակատից, այլ նաև թիկունքից գրոհել ՊԲ-ի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները, նաև Հաթերք-Սոթք հատվածը:

«Շուշիի անկման պատմությունը, իմ հետադարձ հայացքով, հետևյալն է․ հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն էլ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էին: Ի վերջո, հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է: Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն, ըստ էության, փակել ճանապարհը: Լուրն ինձ հաղորդեց Լեռնային Ղարաբաղի նախագահը, սակայն զինված ուժերի գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը: Սա, ի դեպ պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը լուր էր հաղորդում, գլխավոր շտաբը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ: Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա: Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը: Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո՝ երկրորդ, հետո՝ այդպես շարունակ: Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին: Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի, և ստացել էի հավաստիացում, որ կպահվի»,-ասաց վարչապետը:

Շուշիի անկման լուրը լսելով՝ Փաշինյանի առաջին պահանջն է եղել քաղաքը հետ վերցնել:

«Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո՝ ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո ասացին, որ մենք Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է: Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ նոյեմբերի 9-ի, լույս 10-ի հարձակումը կառավարության շենքի վրա: Եվ, երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց՝ Շուշիի անկման դրվագի, ինչպես նաև պատերազմի այլ հանգամանքների հետ կապված քրեական գործեր են հարուցված, և այս հանգամանքները դեռ սպասում են և պետք է արժանանան մանրամասն պարզաբանման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am