Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Արցախի պետական համակարգն ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի․ Արցախի պետնախարար

Արցախի պետական համակարգն ամբողջությամբ անցել է խնայողությունների 
ռեժիմի․ Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պետական համակարգն ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը, ինչի հետևանքով դադարացվել է անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումը, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հիվանդներին բուժօգնության նպատակով ՀՀ տեղափոխելու գործընթացը:

« Պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին խնդրում եմ վառելիքի և նմանատիպ այլ հարցերում դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը։ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կապահովեն բնակչությանը անհրաժեշտ պարագաների, սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպումը։ Առողջապահության նախարարությանը կապահովենք անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով։ 

Առավելագույն չափով փորձելու ենք աջակցել գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին, որպեսզի պահպանենք դրանց անընդհատությունը։ Այդ գործընթացը իրականացվելու է Գյուղատնտեսության նախարարի անմիջական համակարգմամբ ու ղեկավարմամբ։ 

Կշարունակեն գործել հասարակական տրանսպորտը, կկազմակերպենք միջշրջանային երթերը»,- նշել է Ներսիսյանը։

Արցախի պետնախարարը կոչ է արել քաղաքացիներին խնայողաբար օգտագործել ռեսուրսները։ 

«Այս պահին դադարեցված է ֆիզիկական անձանց վառելիքի տրամադրման գործընթացը, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, անընդհատ չկուտակվել լցակայաններում և նման հարցերով դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում»,- ասել է Ներսիսյանը։ 

Արցախի պետնախարարարը տնտեսվարող սուբյեկտներին հորդորել է պատասխանատվորեն վերաբերվել խանութներում մնացորդ ապրանքների իրացումն իրականացնելիս, և այն կազմակերպել ունեցած հնարավորությունների գնահատմամբ ու հավասարաչափ բաշխման սկզբունքով:

«Ես այս ամենը չեմ ներկայացնում խուճապի մատնվելու համար, հատկապես վերջին շրջանում մենք համբերատար պատրաստվել ենք այսպիսի իրավիճակների, մեր գյուղացիական տնտեսությունները ունակ են որոշակիորեն մեղմելու ստեղծված խնդիրները և ապահովելու ինքնաբավության թեկուզ նվազ հնարավարություն, բայց բոլոր դեպքերում պետք է լինել կազմակերպված, հավասարակշռված և զգոն»,- եզրափակել է պետնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am